ՉՍԱՐՔՎԱԾ ՇԱՐԺԻՉԸ Հնարավորություն չեղավ երեկ նախագահ Քոչարյանին հարցեր ուղղելու, ուստի չստացանք մի շատ կարեւոր հարցադրման պատասխան. նրա համար դուրեկա՞ն է քծնանքը, որ իրեն պաշտպանող ուժերն իր նախորդների մասին չեն խոսում այլ որակումներով, քան «ազգադավ պատեհապաշտներն» է, եւ նախագահին դուր գալու համար իշխանության այլ ճյուղերը՝ կառավարությունն ու խորհրդարանը, անվանում են կազինո եւ թատրոն։ Թեեւ Համայնքների միության համագումարում Ռոբերտ Քոչարյանը թեթեւ փորձ արեց՝ պաշտպանելու կառավարությանը։ Բայց լռությամբ անցավ ԱԺ-ին հասցեագրված վիրավորանքների կողքով։ Դեռ մի քիչ էլ «աղ լցրեց» ներկաների վերքին, երբ նշեց, թե «իշխանությունների վերջին տարիների աշխատանքը փորձում էինք ուղղել տեղական ինքնակառավարմանն իրական բովանդակություն հաղորդելուն։ Այդ ուղեգիծն իր արտահայտությունն է գտել վերջերս ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքում»։ Նաեւ նշեց, թե այդ օրենքը «լրջորեն ընդլայնել է տեղական իշխանությունների պատասխանատվության ոլորտը»։ Իսկ այդ օրենքից դժգոհ էին կարծես բոլոր ելույթ ունեցողները։ Նախագահի երեկվա ելույթից հիշարժան էին նաեւ հետեւյալ հատվածները։ Ռոբերտ Քոչարյանը կառավարությունից անընդհատ դժգոհող համայնքապետերին հորդոր հղեց. «Չպետք է սպասել, թե երբ կառավարությունը կգա եւ ձեր համայնքում գործ կկազմակերպի»։ Հիշեցրեց, որ համայնքապետերի «ուղղակի պարտականությունը» ջրամատակարարմանը, ոռոգմանը եւ ջեռուցմանն առնչվող խնդիրների լուծումն է։ Այս հիշեցումն առավել տեղին է թվում այն պայմաններում, երբ ընտրություններին ընդառաջ՝ համայնքապետերն իրենց ուղղակի պարտականությունը համարում են «27»-ի եւ ընդդիմությանը դատափետող հայտարարություններով հանդես գալը։ «Վստահությունը նախագահի եւ կառավարության նկատմամբ չպետք է այդքան սերտորեն կապված լինի ամենօրյա կենցաղային հարցերի լուծման հետ։ Ոչ մի կառավարություն դրան չի դիմանա,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։- Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ համայնքների չկայացած ղեկավարներն իրենց անկարողությունը թաքցնելու համար ամեն ինչ բարդում են կառավարության վրա»։ Եվ պատմեց, որ մարզեր իր այցելությունների ընթացքում իրեն հաճախ դիմում են այնպիսի հարցերով, որոնք լուծելը համայնքապետի գործն է, ասենք՝ մի գյուղում նախագահից խնդրել են… «մոտոր» սարքել… Ես իմ այցերի ժամանակ բազմաթիվ խոստումներ իմ վրա վերցնում եմ, եւ չկա մի խոստում, որ կատարած չլինեի։ Բայց այդ հարցում, որն ինձ համար հարց չէ, ես մերժեցի։ Եվ նման համայնքներին ուղղակի չես ուզում օգնել»։ Այդ «մոտորը» չսարքելը գուցեեւ թանկ արժենա Ռոբերտ Քոչարյանին ապագա ընտրություններում, մանավանդ որ երեկ համայնքապետերին պատգամ հղեց. «Ազնիվ եւ արդար ընտրություններով մենք պետք է ցույց տանք, որ Եվրոպայի խորհուրդ մտնելը տուրք չէր նորաձեւությանը, այլ՝ գիտակցված ընտրություն։ Եվ այստեղ ձեզանից, դահլիճում ներկաներից շատ եւ շատ բան է կախված՝ ինչպիսի վարկանիշ երկիրը կունենա ընտրություններից հետո։ Եվ իմ դիմումը ձեզ, խնդրանքը եւ պահանջը, որ մենք պետք է կազմակերպված ընտրություններ ունենանք, ազնիվ եւ արդար»։ «Ազնիվ եւ արդար» ընտրությունների կարգախոսի հետ առանձնապես չի համատեղվում այն, որ նախագահ Քոչարյանը փորձելու է կանխորոշել ապագա ԱԺ-ի կազմը։ Իսկ նա երեկ բացահայտ հայտարարեց. «ԱԺ ընտրությունների ժամանակ պետք է, այո, այդպիսի մոտեցումներ որդեգրենք, որ ԱԺ կազմը լինի այնպիսինը, որով ի վիճակի ենք լինելու ձեւավորել գործունյա կառավարություն»։ Ա. Ի.