Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը 6 ՏԱՐԵԿԱՆ Է

Օգոստոս 28,2002 00:00

«Ա1+»-Ը 6 ՏԱՐԵԿԱՆ Է 6 տարի առաջ հեռուստատեսային եթեր դուրս եկավ մի հեռուստաընկերություն, որը մինչ օրս չի դավաճանում ամենաանկախի իր կարգավիճակին: Ավանդական շնորհավորանքների փոխարեն, սակայն, «Ա1+» հեռուստաընկերության անձնակազմն այսօր ստանում է միայն շուտափույթ եթեր վերադառնալու մաղթանքներ: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը համոզված է. «Ստում են մինչ այսօր: Մի կողմից նախագահը խոստում է տալիս, մյուս կողմից՝ Ամալյանը՝ հարցազրույց. «կուզեմ մրցույթ կանցկացնեմ, կուզեմ՝ չեմ անցկացնի: Օրենքը դա թույլ է տալիս»: Ոչ, օրենքը դա թույլ չի տալիս: Հայաստանում 4-րդ իշխանության հանդեպ կիրառվող անօրինականությունները փորձ է արվելու ապացուցել Եվրոպական դատարանում, ուր «Ա1+» հեռուստաընկերության ներկայացուցիչները պատրաստվում են դիմել սեպտեմբերի առաջին կեսին: «Արդեն պատրաստ են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ այժմ լուծվում է միայն դրանց թարգմանության խնդիրը»,- ասում է հեռուստաընկերության ղեկավարը: Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման փաստերն աստիճանաբար շատանում են: Խոսքի ազատության աջակցության հիմնադրամն այսօր դատապարտեց «Աբովյան» անկախ հեռուստախմբագրությունում տեղի ունեցած ծեծ ու ջարդը: Բացի այդ, տարբեր անձանց կողմից սպառնալիք է ստացվել, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը փորձ է արվելու փակել նաեւ «Հայկական ժամանակ» անկախ օրաթերթը: Այս բոլոր փաստերը վկայում են միայն այն մասին, որ Հայաստանում սկսել է պետական ահաբեկչություն ընդդեմ 4-րդ իշխանության: «Ա1+»-ի նախագահի հավաստմամբ. «Նախագահի կարգախոսը՝ «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է», փոշիացավ հենց այն պահից, երբ ժողովուրդը ցանկանում էր տեղեկատվություն ստանալ «Ա1+»-ի միջոցով, իսկ նախագահը դա չընդունեց»: www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել