Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն

Օգոստոս 28,2002 00:00

Հայտարարություն «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը շուրջ հինգ ամիս զրկված է եթերից: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» անհեռատես օրենքի կամայական կիրառմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, կատարելով իրեն տրված հանձնարարականը եւ ոտնահարելով անաչառ տեղեկատվություն ստանալու՝ ՀՀ քաղաքացիների իրավունքը, նախ կասեցրեց անկախ հեռուստաընկերության գործունեությունը, ապա եւ ձեռնամուխ եղավ «Ա1+»-ի պարապուրդը հնարավորին չափ երկարաձգելու գործին: Արհամարհելով հասարակության բողոքը եւ հմուտ ձեռնածությամբ վկայակոչելով օրենսդրական կասկածելի դրույթներ, թշնամացնելով տարբեր սկզբունքներ որդեգրած լրատվամիջոցներին եւ ցուցաբերելով երեսպաշտության աներեւակայելի դրսեւորումներ, Քոչարյանի վարչախմբի անխոնջ նվիրյալներն այժմ էլ ջանք չեն խնայում բացառելու «Ա1+»-ի վերահեռարձակման հնարավորությունը: Այստեղ առաջամարտիկը նույն ինքը՝ ՀՀ նախագահն է: Ապրիլյան տխրահռչակ «մրցույթից» հետո, ի պատասխան Եվրախորհրդի պաշտոնյաների եւ Եվրամիության անդամ երկրների հորդորների՝ օրենսդրական լուծում գտնել «Ա1+»-ը վերահեռարձակելու, նախագահ Քոչարյանը, նույն այդ պաշտոնյաների վկայությամբ, շարունակ հավաստիացրել է, թե այդ ուղղությամբ միջոցներ են որոնվում: Փաստ է, սակայն, որ իրականում ոչ միայն որեւէ միջոց չի որոնվում, այլեւ նորանոր մեքենայություններ են հյուսվում «Ա1+»-ի դեմ խոչընդոտներ հարուցելու: Ասվածի ապացույցն են իրավական ոլորտում կատարվող բացահայտ ապօրինությունները, պետական պաշտոնյաների եւ իշխանամետ գործիչների ագրեսիվ մեկնաբանությունները: Օրենքների ոտնահարումը եւ օրենսդրական դրույթները մեկ նպատակի ծառայեցնելը փաստորեն ուղեկցվում են ստախոսությամբ: ՀՌ ազգային հանձնաժողովի նախագահը մինչեւ վերջերս հայտարարում էր, թե անցկացվելու է նոր մրցույթ, սակայն վերջերս էլ, առանց արտոնագրի գործող չորս հեռուստաընկերությունների՝ պայմանագրով զբաղեցրած հաճախականությունների համար մրցույթ անցկացնելը համարեց աննպատակահարմար: Այսպիսով, ակնհայտ է, որ Քոչարյանի վարչախումբը, կորցնելով «Ա1+»-ը վերահսկելի դարձնելու հույսը, հայտնվել է անկախ հեռուստաընկերության թշնամու դերում: Իր գործունեության եւ առհասարակ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին իշխանությունը գերադասում է հնազանդ հեռուստաալիքներով եւ իրեն հաճոյացող լրատվամիջոցներով մատուցել «կամ լավ, կամ ոչինչ»: Հայաստանի քաղաքացիների եւ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում, որ ՀՀ իշխանությունները չեն ապահովում Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների կիրառումը, չեն կատարում միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունները: Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը: Խոսքի ազատության աջակցության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել