Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՀԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Օգոստոս 28,2002 00:00

ՊԱՏԵՀԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ Հայաստանի համայնքների միության 3-րդ արտահերթ համագումարը երեկ, փաստորեն, վերածվեց բավական բացահայտ մրցամարտի՝ նախագահի եւ վարչապետի կողմնակիցների միջեւ։ 1997-ի դեկտեմբերից գրանցված այս հասարակական կազմակերպությունը, թվում է, քաղաքական արծարծումներ անելու կարիքը չպիտի ունենար։ Չէ՞ որ համայնքների առջեւ ծառացած խնդիրներն այս միության համար պիտի լինեին բանավեճի ավելի կարեւոր թեմա։ Թեեւ համագումարային վաղօրոք պատրաստված փաստաթղթերում ու մասնավորապես՝ բանաձեւերում, համայնքային խնդիրներն առյուծի բաժին էին կազմում, բայց դրանց ծանոթանալով էլ կարող էիր եզրակացության հանգել, թե ամենակարեւոր խնդիրը Սահմանադրությամբ երկպալատանի ԱԺ ձեւավորելն է (ԱՄՆ Սենատի նմանությամբ)՝ Համայնքների պալատ եւ խորհրդարան։ Սակայն սրանք լոկ բանաձեւեր էին, որոնց շուրջ համագումարում գրեթե չընթացավ բանավեճ։ Ավելի ստույգ՝ կառավարության քննադատների եւ պաշտպանների վեճը երկրորդ պլան մղեց համագումարի մնացած բոլոր քննարկումները։ Այն սկիզբ առավ համագումարի առաջին րոպեներից իսկ, երբ սկսեցին ցուցադրել մի ֆիլմ, որն, ըստ օրակարգում ազդարարվածի, պիտի լիներ «անցած ճանապարհի ներկայացում»։ Բայց պարզվեց, որ խոսքը ոչ թե այս միության անցած ճանապարհի մասին է, այլ՝ «Բիբլիական լեռան տիրական հայացքի ներքո» ապրող ողջ հայ ժողովրդի։ Սկսեցին 1915 թվականի «եղերական կորուստներով», հասան 1990-ականներին, երբ «ազգադավ պատեհապաշտները թալանեցին մեր գործարանները»։ Ֆիլմում մի պահ, ի նշանավորումն Հայաստանի անկախության հռչակման, հնչեց մեր հիմնը, ու համագումարին ներկա 6 հազարից ավելի պատվիրակները ոտքի կանգնեցին ու շփոթվեցին, քանի որ հաջորդ պահին իսկ հնչեց ակորդեոնով ռաբիս մի երգ, որի ներքո ազդարարվեց, թե «միանգամյա օգտագործման մի շարք անսկզբունք կուսակցություններով բաժան-բաժան արվեց մեր միասնականությունը»։ Թեեւ Համայնքների միության մեջ քիչ չէին նախորդ տարիներին եւս պաշտոնավարած անձինք, բայց նրանցից եւ ոչ ոք ծպտուն իսկ չհանեց։ Ընդհանուր առմամբ, 1991-98 թվականներին գրեթե նույնքան ժամանակ հատկացվեց ֆիլմում, որքան մի դրվագի, երբ նախագահ Քոչարյանը կանգնած էր ամբիոնին։ Համագումարի ընթացքը կանխորոշող հայտանշան էր կարծես, որ բուռն ծափեր հնչեցին, երբ մի ծերունի ֆիլմում ազդարարեց. «Կառավարությունը մենակ իրա մասին ա մտածում, իրա աթոռի մասին»։ Ծափերն ավելի ուժգին հնչեցին, երբ ֆիլմում մեկ ուրիշը հայտարարեց. «Այսպես երկիր չեն կառուցո՛ւմ»։ Կարող էր տպավորություն ստեղծվել, թե ներկա ես ընդդիմադիր մի կազմակերպության համագումարին, եթե չլիներ մի բացառություն՝ «շան լափ» լցնելով ԱԺ-ի եւ կառավարության գլխին, բոլոր հռետորները կարծես մոռացել էին, որ մեր երկրում նախագահ էլ կա եւ նա այլեւս դիտորդ չէ՝ պատասխանատվություն է կրում Հայաստանում կատարվողի համար։ Իսկ այդ պատկերը, ըստ համագումարի իսկ երեկ ընդունած բանաձեւի՝ «ծայրահեղ ճգնաժամային» է, բավական անմխիթարական. «Կաթվածահար արտադրություն, կենսամակարդակի կտրուկ իջեցում, սոցիալական աննորմալ շերտավորում ու անարդարություն, արտագաղթ, պետական միջոցների փոշիացում եւ վատնում, իշխանության տարբեր օղակների միջեւ օրենքով չկարգավորված հարաբերություններ»։ Եզրակացնենք, որ այս ամենը համայնքապետերը համարում են ԱԺ-ի եւ կառավարության, բայց ոչ՝ նախագահի գործունեության հետեւանք։ Էջմիածնի համայնքապետ Երվանդ Աղվանյանը, որ նախագահում էր համագումարը, առ կառավարություն իր վերաբերմունքն արտահայտելու համար անգամ դիմեց դասականների օգնությանը եւ մեջբերեց Սենեկային. «Միջակությունն անմեռ է, եւ նրա ստորությունն անմահ»։ Եվ հետո դիմեց նախագահ Քոչարյանին, թե կառավարությունում միջակությունն է, եւ պահանջում են՝ «առաջիկա Ազգային ժողովի ձեւավորման եւ կառավարության կազմման ժամանակ օրենքով Ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անել այնպես, որ միջակությունը տեղ չգտնի»։ Հետեւեցին բուռն եւ երկարատեւ ծափահարություններ։ Հետագայում էլ երեւաց, թե դահլիճի համակրանքն ակնհայտորեն Երվանդ Աղվանյանի կողմն է (իրազեկները պնդում էին, որ եթե այլ խոշոր համայնքներն այս համագումարին մի 2 ավտոբուս մարդ էին գործուղել, Էջմիածնից եկել էին շուրջ 30 ավտոբուսներով պոլիկլինիկայի, մանկապարտեզների եւ այլ հաստատությունների աշխատակիցներ)։ Ուստի երբ քաղաքապետը սահմանված 5-15 րոպեի փոխարեն կես ժամից ավելի խոսեց, եւ նախագահությունից նրան հիշեցրին ռեգլամենտի մասին՝ Երվանդ Աղվանյանը դիմեց դահլիճին. «Ուզո՞ւմ եք, որ ես շարունակեմ, դեռ ասելիք շատ ունեմ», եւ ծափահարություններով ստացավ թույլտվություն։ Այդ ամփոփիչ ելույթի մասին՝ քիչ անց։ Համագումարում կրքերը թեժացան այնժամ, երբ նախագահող Երվանդ Աղվանյանը, փոխանակ ձայնը տար Նոր Նորքի համայնքապետ Մկրտիչ Մինասյանին, որի ելույթը՝ Համայնքների միության կատարած աշխատանքների մասին, քննարկվել էր Համայնքների վարչության նիստում, ձայնը տվեց Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին։ Վերջինս, հիշեցնենք, ընտրվեց «Օրինաց երկրի» թեկնածուի հետ համառ պայքարի հետեւանքով։ Եվ իր ելույթում անընդհատ ակնարկներ էր անում սեփական թեկնածուի պարտությունը քողարկելու համար բորբոքվող քաղաքական ավելորդ կրքերի, ընտրություններին «ուսադիրավոր նախարարների» միջամտությունների անթույլատրելիության մասին։ Բայց ելույթի բարձրակետն այս էր. Իջեւանի քաղաքապետը, որին, ի դեպ, պաշտպանում էին ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը եւ այլք, ազդարարեց. «Մենք չենք կարող հենարան դառնալ իշխող քաղաքական ուժին»։ Այս պահից արդեն՝ ՀՀԿ-ի անդամ համայնքապետերը խմբված սկսեցին ինչ-ինչ բորբոքված քննարկումներ անել։ Մինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իրենց ելույթները համեմում էին Ռոբերտ Քոչարյանին՝ «իր կատարած ու կատարելիք» գործերի համար շնորհակալություններով, նշում, թե «առնվազն սեւ ակնոց են կրում նրանք», ովքեր չեն տեսնում երկրի բարելավման միտումները, ամբիոն բարձրացավ Մկրտիչ Մինասյանը եւ հայտարարեց. «Ցավում եմ, որ համագումարի նախագահողը ներկայացնում է նյութեր, որոնք Համայնքների միության վարչությունում չեն քննարկվել։ (…) Հնչած զեկուցմանը, նյութերին մենք ծանոթ չենք եւ դրա համար մենք չենք կրում պատասխանատվություն»։ Շենգավիթի համայնքապետ Մարտին Սարգսյանը լրագրողներին հավելյալ հայտնեց, թե Երվանդ Աղվանյանն «իրավունք չունի բոլորի անունից խոսելու։ Համագումարն այնպես չի ընթանում, ինչպես պայմանավորվել ենք»։ «ՀԺ»-ի հարցին ի պատասխան, թե ո՞րն է դրա պատճառը, պրն Սարգսյանը զայրացած նետեց. «Իրա կոտոշությո՛ւնը»։ «Առավոտի» հարցին, թե ՀՀԿ անդամ այս համայնքապետն ինչպե՞ս է վերաբերվում համագումարում կառավարության հասցեին անգամ վիրավորական որակումներին, Մարտին Սարգսյանը պատասխանեց. «Ես Համայնքների միության առաքելությունը համարում եմ տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենքների եւ խնդիրների լուծումը՝ կառավարության հետ համատեղ։ Այն ամենին, ինչ այսօր է հնչում, մենք անտեղյակ ենք եւ համամիտ չենք»։ Համագումարն ընդհատվեց։ Ընդմիջմանն ընթացավ վարչության նիստ, որի ավարտից հետո միության վարչության անդամ Էմին Երիցյանը լրագրողներին պարզաբանեց ակնհայտը. թե այս բախումը միության մեջ բազմազան կուսակցությունների անդամների եւ տարբեր տեսակետների հետեւանքն է։ Եվ հաստատեց «Առավոտի» ենթադրությունը, թե տարակարծությունների պատճառը կառավարության վերաբերյալ գնահատականներն էին. «Բայց կազմակերպական խնդիրներ էլ կային։ Կազմակերպականը՝ հարթվեցին։ Իսկ մնացած հարցերում բոլորը մնացին իրենց հայացքներին՝ ինչպես կային»։ Ասվածի ճշմարտությունն ապացուցվեց ընդմիջումից հետո։ Ճիշտ է, նիստը սկսեց նախագահել Մկրտիչ Մինասյանը, բայց վերոհիշյալ ամփոփիչ ելույթն ունեցավ Էջմիածնի քաղաքապետը եւ սկսեց ուղղակի հեգնել վարչապետին։ Նախ, մի թոշակառուի խոսքը փոխանցեց. «4 հազար դրամս տամ վարչապետին՝ կարա՞ ամիսը մի մուկ պահի։ Մուկ չեն կարող պահել, բայց այս մկնային դատողություններով եւ տրամաբանությամբ ԱԺ-ում անց են կացնում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք։ Ու ասում են՝ գնացեք ու մեռեք, դոտացիաներ չենք տա։ Սա էլ է քաղաքականություն։ 55% կտան 4-րդ եռամսյակին, որ ասեն՝ ժողովո՛ւրդ, ձեր քաղաքապետը լավ չի աշխատում, իրենց կուսակցության մարդիկ լինեն»։ Հետո սկսեց խոսել ծառայությունների գնահատման մասին. «Մեր երկրի վարչապետն էլ է ծառայություն մատուցել 60-ական թվականներին՝ ազատ-անկախ Հայաստան ունենալու առումով։ Գիտենք, լսել ենք։ Ես գտնում եմ, որ նա էլ պիտի վարձատրվի։ Բայց էլի օրենքով։ Հիմա մենք ընդամենն ուզում ենք հարցնել, քանի՞ տարի պետք է սպասենք, եւ քանի՞ տասնյակ միլիոն դոլար դու կվերցնես, պրն վարչապետ»։ Բաժին հասավ անգամ Վարդան Խաչատրյանին. «Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը մեծ ջանքերով, որպեսզի հաշվանցումներն (էս երկրին եւ մեզանից յուրաքանչյուրին ոչինչ չտվող) իրականացնի, պարտադրեց, որ Արաբկիրի հարկային ծառայության պետի պաշտոնում աշխատի իր եղբայրը։ Եվ հետո բոլոր հաշվանցումների գործընթացը շատ հեշտ ու հանգիստ «գնաց»։ Էջմիածնի քաղաքապետն իր ելույթն այսպես ավարտեց. «այս բոլոր մեղավոր հոգիների համար աղոթել է մնում»։ Էմին Երիցյանը լրագրողներին ասել էր, թե միության պաշտոնական դիրքորոշումը, ընդհանրական տեսակետը՝ «որպես հիմնական զեկույց» արտահայտելու է Մկրտիչ Մինասյանը, եւ ելույթը, ի վերջո, հնչելու է համագումարի երկրորդ մասում։ Էջմիածնի քաղաքապետից հետո Մկրտիչ Մինասյանը բառ անգամ չասաց, ու պարզ չդարձավ միության ընդհանրական տեսակետը։ Ավելին, դեռ համագումարից օրեր առաջ՝ օգոստոսի 15-ին, մամուլին ուղարկված ծանուցման մեջ նշվել էր, թե միությունն իր մոտեցումն է հայտնելու առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ Օրակարգն ազդարարելիս դա նաեւ հայտնեց Երվանդ Աղվանյանը։ Բայց այս շփոթի մեջ օրակարգի այդ կետն էլ «չկենսագործվեց»։ Իսկ գուցե դեր խաղաց այն, որ նախագահ Քոչարյանն իր ելույթն այսպես էր եզրափակել. «Զգուշացնում եմ, որ Համայնքների միության ավելորդ քաղաքականացումը վնաս կտա հենց համայնքների կայացման գործընթացին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել