ՈՎ ՈՒՄ «ՁԵՌՔԸ ԿԽՆԴՐԻ» ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի կարծիքով, առաջիկա ընտրություններում ԱԺԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր կուսակցությունների, անգամ՝ «մայր» ԱԺՄ-ի հետ։«Առավոտի» հարցադրմանը, թե ո՞ր դաշտում կհայտնվի ԱԺԿ-ն, Շավարշ Քոչարյանն այսպես պատասխանեց. – Այն պահից, երբ ԱԺԿ-ն սկսեց գործել իբրեւ առանձին կուսակցություն՝ մենք մեր դիրքորոշումները հստակ հայտարարեցինք եւ այժմ էլ հավատարիմ ենք դրանց։ Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ընդդիմադիր դաշտի ընդհանուր միավորում՝ միասնական թեկնածուով հանդես գալու համար։ Ընդ որում, դրա հիմքում պետք է չլինի բացառապես Ռ. Քոչարյանից ազատվելու գաղափարը, այլ նաեւ՝ ի՞նչ անել հետո։ Իսկ այդ առիթով մեր դիրքորոշումները հայտնի են՝ համակարգային փոփոխություններ. նոր սահմանադրություն, նոր ընտրական օրենսգիրք, տեղական ինքնակառավարման դաշտի, դատական համակարգի վերանայում եւ այլն։ Այս հարցադրումները ձախ կամ աջ կողմնորոշման հետ որեւէ ընդհանուր բան չունեն։ Նման հարցադրում անելն ըստ էության նույնն է, ինչ շեղել ուշադրությունը հիմնարար խնդիրներից։ Եվ դա, ավելի շուտ, նույնիսկ նպաստում է ներկա իշխանությունների մնալուն։ – ՀԿԿ-ն եւս նույն խնդիրներն է առաջ տանում եւ այդ հիմքով, ընտրությունների շեմին նոր՝ ձախ հայրենասիրական դաշինքի ձեւավորման խմորումների մեջ է։ Հնարավո՞ր եք համարում ԱԺԿ-ի համագործակցությունն այդ դաշինքի շրջանակներում։ – Մենք գտնում ենք, որ այսօր Հայաստանի առաջնային խնդիրը երկրում տարրական ժողովրդավարական նորմերի հաստատումն է։ Դրանից հետո նոր կարելի է «աջ» եւ «ձախ» ուժերի գոյության մասին խոսել։ Դա ոչ թե վերեւից եւ ուժով պետք է պարտադրվի, այլ ժողովուրդը պիտի տարանջատի՝ ազատ եւ արդար ընտրություններով։ Իսկ տվյալ համակարգի պայմաններում անհնարին է ազատ եւ արդար ընտրական համակարգի գոյությունը։ Նախ պետք է ընդհանուր համաձայնության դաշտ ձեւավորվի՝ խաղի կանոնների մասին ընդհանուր պայմանավորվածություն, որպեսզի կեղծիքի, ուժային, փողային ճնշումների առաջը հնարավոր լինի առնել ու նաեւ՝ տեր կանգնել արդյունքին։ Այս տեսակետից մենք համագործակցության որեւէ խնդիր չունենք։ Ավելին. մենք գտնում ենք, որ ավելի նպատակահարմար է բոլոր քաղաքական ուժերի միավորումը մեկ թեկնածուի շուրջ։ Իսկ քաղաքական ուժերի իրարամերժ դիրքորոշումները պետք է արտահայտվեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Համամասնորեն, նախագահի միասնական թեկնածուի ծրագիրն էլ պետք է ընդունելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար։ – Ո՞ւմ եք տեսնում իբրեւ նախագահի միասնական թեկնածու։ – Այսօրվա քաղաքական դաշտում հայտնի են անձինք, որոնք ունեն այս կամ այն աստիճանի հեղինակություն։ Ես զերծ կմնամ դասակարգում կատարելուց։ Եթե հնարավոր է՝ գալ համաձայնության արդեն հայտնի անձի թեկնածության շուրջ, բայց լինեն մեր առաջարկած խաղի կանոնները, մենք միանշանակ կտանք սատարելու մեր համաձայնությունը։ – Քանի որ չբացառեցիք ԱԺՄ-ի հետ համագործակցությունը, ինչպե՞ս եք վերաբերվում միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի անձին։ – Իմ նշած հայտնի անուններից է նաեւ Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը։ Որի շուրջ էլ կայանա ազգային համաձայնություն՝ համակարգային փոփոխությունների ծրագրի հիմքով՝ ԱԺԿ-ն պատրաստ է սատարել նրան։ – Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում հնարավո՞ր եք համարում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համար Ձեր ասած ազատ եւ անկախ դաշտի ձեւավորումը։ Այսինքն, այսպես կոչված՝ «ապստամբություն ներքեւից» տարբերակը։ – Քիչ հավանական եմ համարում, որովհետեւ ընտրությունների ժամանակ շատ էական է, երբ ժողովրդի մեջ հույս եւ ոգեւորություն կա, որ հնարավոր է փոխել։ Իսկ իրականում, ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները չէ, որ ի վիճակի են լուծել այդ խնդիրը։ Ուստի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նմանվում են խորհրդարանի մեծամասնական ընտրություններին։ Այստեղ ավելի մեծ նշանակություն ունի ընտրակաշառքը, սոցիալական խոստումները եւ այլն։ Ուստի սխալ կլիներ հույսը կապել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ։ Մեր առաջընթացն առաջին հերթին կախված է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից։ – Իսկ 1996-ի նախագահական եւ սպասվելիք ընտրությունների մեջ իրավիճակային տարբերություն չե՞ք տեսնում։ – Իհարկե, այո՛։ 1996-ին, այնուամենայնիվ, միասնական թեկնածուն բավականին ուշ ձեւավորվեց։ Ապավինե՞լ այդ տարբերակին՝ սխալ է։ Հիմա մենք այլ իրավիճակում ենք եւ բավականին ժամանակ ունենք. պետք է միայն բարի կամք եւ մեկ հիմնարար մոտեցում. ոչ միայն՝ ընդդեմ, այլ նաեւ՝ հանուն սկզբունքով։ Մինչդեռ, ընդդիմադիր դաշտում շատերը բավականին ակտիվ քննադատությունների հետ մեկտեղ, հոգու խորքում հաշտվել են այն մտքին, որ միեւնույն է, Ռոբերտ Քոչարյանը վերընտրվելու է։ Հետեւաբար, իրենց ակտիվությունն ուղղում են մեկ նպատակի՝ ապահովել իրենց տեղերը ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Կամ, որ ավելի վատ է՝ ակտիվ կեցվածքն օգտագործել որոշակի հարաբերությունների մեջ մտնելու համար։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ