Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի պատասխան Սասուն Աղաջանյանի պաշտպանի

Օգոստոս 27,2002 00:00

Ի պատասխան Սասուն Աղաջանյանի պաշտպանի Փաստաբանների միջազգային միության փաստաբան Էդուարդ Աղաջանյանին, որն իրականացնում էր Սասուն Աղաջանյանի պաշտպանությունը ԼՂՀ-ում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ, փոխգնդապետ Հ. Հովհաննիսյանը (27.03.2002թ.) գնահատելով «դատապարտյալի հոգեկան եւ մարմնական վիճակը», պատասխանելով մի շարք հարցերի, նկատել էր նաեւ. «Ձեր 6 կետից բաղկացած հարցադրումները նպատակահարմար է ուղղել ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետներին»։ Փաստաբանը եւ Ս. Աղաջանյանի հորաքույրը՝ Ա. Ամիրխանյանը դիմել էին ՀՀ առողջապահության նախարարություն։ Բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանը սակայն իր (16.02.02) պատասխանում գրում է. «Ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարին հասցեագրած Ձեր դիմումի հայտնում ենք, որ ազատազրկման վայրերում գտնվող անձանց բուժօգնության կազմակերպման խնդիրներով զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումը»։ Սասունի առողջության հետ կապված մի քանի օր առաջվա տվյալները, ըստ պաշտոնական պատասխանի, որն ուղարկվել է «դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից փոխգնդապետի հարազատներին. «Հիմնականում սնվում է խնամողների օգնությամբ… Տարվող բուժումը գնահատվել է ադեկվատ։ Փաստվել է, որ դատապարտյալի կյանքը պահպանվում է ի շնորհիվ մշտական խնամքի, ուշադրության եւ բուժական անհրաժեշտ միջոցառումների»։ Այստեղ խոսվում է, որ նրա կյանքը պահպանվում է ի շնորհիվ… բուժական անհրաժեշտ միջոցառումների։ Իսկ մի քանի ամիս առաջ ՆԳՆ բուժվարչության պետ, գնդապետ Վ. Մովսիսյանը պատասխանելով փաստաբան Է. Աղաջանյանին, հանգստացնում էր նրան, գրում էր. «Ս. Աղաջանյանը կրկնակի ենթարկվել է հոգեբույժի կոնսուլտացիայի՝ դոցենտ Ն. Թումանյանի կողմից։ Ստանում է համապատասխան բուժում, վիճակը կայուն է»։ Սասուն Աղաջանյանը անցյալ տարվա մայիսի 12-ից Շուշիի բանտից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։ Նա հաշմանդամության կարգ էլ չունի (բազմիցս վիրավորված, կոնտուզիայի ենթարկված լինելու մասին չենք էլ հիշեցնում)։ Փաստաբան Է. Աղաջանյանը երեկ տեղեկացրեց, որ միջնորդությամբ կդիմի բժշկական հանձնաժողովին՝ հաշմանդամության կարգը որոշելու համար։ Սակայն այս դեպքում կառաջանա «քրեական» պատասխանատվությունից պատիժը կրելու նպատակահարմարության հարց։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել