US OPEN. ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ Երեկ Նյու Յորքի «Ֆլաշինգ Միդոու» թենիսի կենտրոնում մեկնարկեց «Մեծ սաղավարտի» չորրորդ ու վերջին մրցաշարը՝ Ամերիկայի բաց առաջնությունը։ Դրանից երկու օր առաջ կազմակերպիչները հրապարակեցին մրցանակային գումարների չափը, որոնք նախատեսվում է հանձնել հիմնական մրցաշարի մասնակիցներին։ Նախապես ասենք, որ «US Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը ռեկորդային է եւ կազմում է $16 մլն 174 հազ. 200։ Եվ այսպես. Մենախաղեր (տղամարդիկ եւ կանայք) հաղթող՝ $900.000 եզրափակիչի մասնակից՝ 450.000 1/2 եզրափակիչ՝ 250.000 1/4 եզրափակիչ՝ 125.000 4-րդ շրջան՝ 58.000 3-րդ շրջան՝ 36.500 2-րդ շրջան՝ 21.000 1-ին շրջան՝ 11.000 Զուգախաղեր (տղամարդիկ եւ կանայք) հաղթողներ՝ $350.000 եզրափակիչի մասնակից՝ 175.000 1/2 եզրափակիչ՝ 90.000 1/4 եզրափակիչ՝ 45.000 3-րդ շրջան՝ 22.000 2-րդ շրջան՝ 15.000 1-ին շրջան՝ 9.500 Միկստ (խառը զուգախաղեր) հաղթողներ՝ $130.000 եզրափակիչի մասնակից՝ 65.000 1/2 եզրափակիչ՝ 32.500 1/4 եզրափակիչ՝ 15.000 2-րդ շրջան՝ 10.500 1-ին շրջան՝ 5.500 Որակավորման փուլ (տղամարդիկ եւ կանայք) 3-րդ շրջան՝ $8.000 2-րդ շրջան՝ 5.625 1-ին շրջան՝ 3.000 «US Open»-ում հանդես են գալու մեր չորս հայրենակիցներ։ Տղամարդկանց մրցաշարում Անդրե Աղասին (ԱՄՆ) մեկնարկային հանդիպումն անցկացնելու է իր համերկրացի Ռոբի Ջինեպրիի հետ։ Իսկ ահա արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն ու Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սարգիս Սարգսյանը վիճակահանության քմահաճույքով հենց առաջին շրջանում միմյանց դեմ դուրս կգան։ Մեր չորրորդ հայրենակիցը կանանց մրցապայքարի մասնակից Մարի-Գայանե Միքայելյանն է (Շվեյցարիա), որի մրցակիցը լինելու է Իսրայելի ներկայացուցիչ Աննա Սմաշնովան։ Ամերիկայի բաց առաջնության մեկնարկի շեմին կազմակերպիչները հայտարարել են նաեւ, որ մրցաշարի անվտանգությունն ապահովելու նպատակով աննախադեպ խստացվել է ռեժիմը։ Մասնավորապես, հանդիսականներին արգելվելու է մրցավայր տանել անգամ տեսախցիկներ ու մեծ չափերի մարզական պայուսակներ, որոնց համար սահմանված են հատուկ չափսեր։ Արգելված իրերի ցանկ են մտցված նաեւ բրիֆքեյսերը, պայուսակ- սառնարանները, ռադիոընդունիչները, ջրի կամ գարեջրի շշերն ու բանկաները։ Այս ամենից զատ, անվտանգության ծառայության աշխատակիցներին իրավունք է տրված թենիսի կենտրոն մուտք գործելն արգելել նաեւ այլ իրեր ունեցող այն հանդիսատեսներին, որոնց կհամարեն վտանգավոր կամ ոչ անհրաժեշտ։