Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահաբեկչության երթը շարունակվում է

Օգոստոս 27,2002 00:00

Ահաբեկչության երթը շարունակվում է Չեչնիայում՝ Գրոզնիի մոտ խփվել է (ամենայն հավանականությամբ) եւ կործանվել մարդատար հսկա ՄԻ-26 ուղղաթիռը, ինչի հետեւանքով զոհվել է 116 մարդ։ Իսկ չորեքշաբթի Մայամիի օդանավակայանում (ԱՄՆ) անհայտ գազից թունավորվել է ութ ուղեւոր, բազում մարդիկ իրենց վատ են զգացել, ոստիկանությունը փորձում էր կարգավորել իրավիճակը հակագազերով։ Այդ միջադեպին նախորդել էր անհասկանալի ճանապարհով բեն Լադենի արխիվի 64 տեսաերիզի ի հայտ գալը, ըստ որոնց, պարզ է դառնում, որ ահաբեկիչների տրամադրության տակ կարող է լինել քիմիական զենք։ Թվում է, որ այդ երկու իրադարձությունները պլանավորվել եւ իրագործվել են միեւնույն կենտրոնից։ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները իհարկե կխստացնեն հսկողությունը, կանցկացնեն անվտանգությունը ապահովող մի շարք միջոցառումներ, բայց դժվար թե դա կբերի վերջնական ցանկալի արդյունքի։ Ահաբեկչությանը հիմնովին վերջ տալու համար պետք է վերացվեն այն ծնող պատճառները։ Բեն Լադենը, իհարկե, տառապում է Հերոստրատի բարդույթով եւ չար գործերով ուզում է մնալ պատմության մեջ։ Սակայն հիմնական պատճառը դա չէ։ Ցավոք, այն, ինչ դուր չի գալիս ահաբեկիչներին ԱՄՆ-ի կեցվածքի մեջ՝ դուր չի գալիս նաեւ մարդկության մեծամասնությանը։ Պատմությունը սովորեցնում է, որ մարդիկ, ազգերը, պետությունները չեն սիրում ենթարկվել եւ հանդիմանում են բիրտ ուժի թելադրությանը՝ անգամ ծնկի բերած ստրուկները (դասական օրինակն է Սպարտակի ապստամբությունը)։ Եթե մոտակա տարիներին ԱՄՆ-ն չփոխի իր գործելակերպը միջազգային ասպարեզում՝ մեծ քաղաքական եւ տնտեսական կորուստներ կունենա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ստեղծվել եւ ամրանում է Եվրամիությունը, որովհետեւ եվրոն վերջ է տվել դոլարի մենաշնորհին, որովհետեւ ճգնաժամից դուրս է գալիս Ռուսաստանը, որովհետեւ տնտեսապես գերհզոր տերություն է դառնում Չինաստանը։ Չեչնիայում (ինչպես եւ Իսրայելում, Հյուսիսային Իռլանդիայում, բասկերի երկրում եւ այլուր) նույնպես պետք է փնտրել քաղաքական եւ տնտեսական լուծումներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը վերջերս ասաց, որ ահաբեկիչներին համոզելը անիմաստ է, որ նրանց պետք է հանձնել դատարանին կամ նրանց դիակները ներկայացնել ճանաչման համար։ Դա, իհարկե, ճիշտ է, բայց միայն ռազմական գործողություններով հարցը, ինչպես տեսնում եք, չի լուծվում։ Պետք է գտնել այնպիսի քաղաքական լուծում, որը կգոհացնի ոչ թե ժողովրդի մեծ մասին, այլ ճնշող մեծամասնությանը։ Նման լուծման հիմքերը իրականում առկա են, քանզի Չեչնիայի համար շատ ավելի ձեռնտու է Թաթարստանի կարգավիճակը, քան թշվառ անկախությունը։ Պարզ է, որ Ռուսաստանից բացի ոչ մի երկիր շահագրգռված չէ վերականգնել Չեչնիայի իսպառ քանդված տնտեսությունը։ Ուղղակի պետք է գտնել գործուն մեխանիզմներ, որոնցով այդ իրողությունը պարզ կդառնա Չեչնիայի ամեն բնակչի։ Վերջապես, Չեչնիայում պետք է ստեղծվեն ոչ թե սիմվոլիկ եւ ռուս զինվորականներին ենթարկվող, այլ իրական ժողովրդավարական ինստիտուտներ՝ հակառակ դեպքում բան չի ստացվի։ Պետք է, իհարկե, կտրվեն գրոհայինների ֆինանսական արմատները, իսկ այդ խնդիրը Ռուսաստանը մենակ լուծել չի կարող։ Անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ այլ զարգացած երկրների օգնությունը։ Կուզենա՞ն, արդյոք, այդ երկրները իսկապես օգնել Ռուսաստանին։ Իրականում նրանք կօգնեն ինքներն իրենց, քանզի ահաբեկիչների ֆինանսական հոսքերը ողջ աշխարհում փոխկապակցված են եւ չեն կարող կապված չլինել ֆինանսական խոշոր կենտրոնների հետ։ ԱՄՆ-ն անընդհատ պնդում է Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելը։ Սակայն ի՞նչ կարող է դա տալ աշխարհում ահաբեկչությանը վերջ տալու կտրվածքով։ Թվում է՝ ոչինչ։ Այսինքն, ոչ մի դրական արդյունք չի լինի, իսկ բացասականը՝ շատ հնարավոր է։ Այդպիսի պատերազմը Մերձավոր Արեւելքում կարող է ընդունվել որպես մահմեդական աշխարհի հանդեպ ձեռնարկված գրոհ, ինչը միայն ձեռնտու կլինի ահաբեկչական խմբավորումների եւ կազմակերպությունների համար։ Չմոռանանք, Աֆղանստանում թալիբների դեմ պայքարը դեռ լրիվ ավարտված չէ։ Եթե ԱՄՆ-ն անիմաստ պատերազմ սկսելու փոխարեն միջազգային հանրության հետ միասին կենտրոնացնի իր հզոր կարողությունները ահաբեկչության իրական քաղաքական եւ ֆինանսական արմատները բացահայտելու վրա՝ դրական արդյունքը վաղ թե ուշ ի հայտ կգա։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել