Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մրցույթը սպասվածից մեղմ էր

Օգոստոս 27,2002 00:00

Մրցույթը սպասվածից մեղմ էր Որքան հաջողվեց պարզել լրագրողական հետաքննությամբ, մեր պաշտոնյաներից ու ընդհանրապես հայտնի մարդկանցից շատ քչերն են 16 տարի առաջ երեխա ունեցել: Նրանցից ամենահայտնիները ՀՀ նախագահի փոքր որդին է՝ Լեւոն Քոչարյանը (մեդալակիր), որ ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը եւ Արսենյաններից մեկը՝ բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: Նախապես հայտարարվել էր, որ ցուցակները փակցվելու են օգոստոսի 26-ին, սակայն արդեն ընդունված դիմորդներին հաճելի անակնկալ մատուցվեց, եւ շաբաթ երեկոյան լուրը տարածվել էր ողջ մայրաքաղաքում եւ ժամը 22-ի սահմաններում բուհերի բակերը լիքն էին: Մութ գիշերին մեկը լացում էր, մեկը ծիծաղում, մեկը պայթեցնում հերթական շամպայնը՝ ի լուր աշխարհի շնորհավորելու զավակի ընդունելությունը: Իհարկե, դժգոհներ ու հիասթափվածներ էլ կային, կային մտահոգվածներ, թե ինչպես պետք է վարձը վճարեն եւ վերջապես կային ծայրահեղ բողոքարկողներ: Անհույս բողոքներին մեր առաջիկա համարներում դեռ կանդրադառնանք: Այժմ նշենք, թե ինչ արդյունքներ են գրանցվել կրկնակի բողոքարկումների ժամանակ: Դրանք եղել են մոտ 100-ը, որոնցից միայն 80-ի գնահատականներն են բարձրացվել՝ հիմնականում 1-ական միավորով: Հիմնական բողոքները, ի դեպ, եղել են 13-14 միավորների դեպքում: Ֆիզիկայից մի գրավոր անկախ փորձագետի կարծիքով բարձր է գնահատված եղել, սակայն ԿԳ նախարարի միջամտությամբ գնահատականը թողել են նույնը: Մաթեմատիկայից եղել է 1 բարձրացում՝ 2 միավորով, այն էլ, հանրապետական ընդունող հանձնաժողովի հավաստմամբ, թերագնահատումը տեխնիկական թյուրիմացություն է եղել: Նշենք նաեւ, որ անցյալ տարի հանրապետական ընդունող հանձնաժողովի անկախ փորձագետը մինչեւ անգամ 3 միավորով բարձրացրել էր ֆիզիկայից բողոքարկված աշխատանքի գնահատականը, ինչն արտառոց երեւույթ էր կրկնակի բողոքարկման համար: Ընդհանուր առմամբ բոլոր հեղինակավոր մասնագիտությունների անցողիկ միավորներն այս տարի նախատեսվածից ցածր էին: Դեռեւս անցյալ շաբաթ մամուլը հիստերիա առաջացրեց սրտատրոփ սպասող ծնողների շրջանում, թե պետպատվերով բոլոր տեղերն արդեն զբաղեցրել են «յուրայինները»: Սակայն պարզվեց, որ, օրինակ, ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն բաժնի պետպատվերով անցնող միավորը 59-ն էր՝ սպասվող 60-ի փոխարեն, բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետինը՝ 37, վճարովին՝ 24 եւ այլն: Ի դեպ, այս տարի բժշկական համալսարանը, անցյալ տարիների համեմատությամբ, դիմորդների ավելցուկ առանձնապես չզգաց, ոչ էլ մանավանդ՝ մեդալակիր դիմորդների (նրանք ընդամենը 7-ն էին): Պատճառը թերեւս վարձավճարների բարձրացումն է, որ հասնում է մինչեւ 1500 դոլարի: Մի կողմից էլ փաստն ուրախալի է այնքանով, որ փողով բժիշկ դարձողները գուցե այսպիսով քչանան: Ինչ վերաբերում է մեր 134 մեդալակիրներին, նրանցից 1 քննությամբ ընդունվել է 87-ը, 46 մեդալակիր ընդունվել է 3 քննությամբ, այսինքն՝ մեդալակիրը կարող է 20 կամ գոնե 19 չստանալ, իսկ 1 մեդալակիր գործերը հետ է վերցրել: Նշենք, որ մեդալակիրներից ոչ բոլորն են նախընտրել հեղինակավոր կիրառական մաթեմատիկայի կամ տնտեսագիտության ֆակուլտետներ. 2 հոգի ընդունվել է սոցիոլոգիայի ֆակուլտետ, 1-ը՝ փիլիսոփայության, 1-ը՝ ֆիզիկայի, ընդամենը 1-ը՝ միջազգային հարաբերությունների: Եվս մի հետաքրքիր դիտարկում: Ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության ֆակուլտետը, որ հայտնի է իր «նիդաբոր» վիճակով, այս տարի 21 տեղի համար ունեցել է 160 դիմում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել