Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ԿՆԵՐՄՈՒԾՎԵՆ ԱՆԳԱՄ… ՄՈԶԱՄԲԻԿԻՑ

Օգոստոս 27,2002 00:00

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ԿՆԵՐՄՈՒԾՎԵՆ ԱՆԳԱՄ… ՄՈԶԱՄԲԻԿԻՑ «Ի փառս հայ փաստաբանության գործի զարգացման» Վերջին երկու տարվա խոսակցությունները Հայ փաստաբանների միջազգային միության եւ Հայաստանի փաստաբանների միջազգային միության միավորման մասին՝ իրականություն դարձավ այս օգոստոսի 24-ին։ Այսուհետեւ կգործի Փաստաբանների միջազգային միությունը։ ՓՄՄ-ի նախագահ ընտրվեց Տիգրան Տեր-Եսայանը, իսկ կոլեգիայի նախագահ՝ Տիգրան Ջանոյանը։ Երկու նախագահների ընտրությունների ժամանակ չեղավ որեւէ ալտերնատիվ թեկնածու, իսկ քվեարկությունների ժամանակ գործեց «անցավ միաձայնը»։ Գործող մեկ այլ՝ Հայաստանի փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը կատարվածից «ցնցված» հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա նախ նկատեց, որ Հայաստանի մասշտաբով շատ էր երկու միջազգային անվանյալ միությունների գործունեությունը եւ ասաց. «Մեր հանրապետությունում մեկ միություն է հարկավոր»։ Ասաց ու… սիրտը վատացավ։ Փաստաբանական նոր միության անդամները սրտահաբեր էին փնտրում։ Իհարկե, լրագրողական օթյակում նստած նույնանիշ հաբեր փնտրելու ցանկություն առաջացավ նաեւ տողերիս հեղինակի մոտ, երբ Տիգրան Ջանոյանը հայտնեց, որ «բաց են մեր դռները։ Կարող են անդամագրվել Նոր Զելանդիայի, Մոզամբիկի… փաստաբանները։ Ի դեպ, եղել են եւ այդպիսի առաջարկներ»։ Ինչ խոսք, եթե այդ չի հակասում «Փաստաբանական գործունեության մասին» եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքներին, կարելի է փաստաբաններ ներմուծել Երկիր մոլորակից դուրս գտնվող այլ մոլորակներից եւս (եթե, իհարկե, դրանք միջազգայնորեն ճանաչվել են)։ Փաստաբանների միջազգային միությունը ներկայացրեց իր կանոնադրությունը։ Միությունը «մասնագիտական ոչ առեւտրային կազմակերպություն է», որն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։ Երկու միությունների միավորման արդյունքում պահպանվում են նրա կազմի մեջ մտնող փաստաբանների բոլոր լիազորությունները։ Տեղեկացվեց, որ նրանց արտոնագրերը կգործի մեկ ամիս ժամանակով։ Ի դեպ, «երկու փաստաբանական միությունների միաձուլումը մեկ միությունում Միության կազմի մեջ մտնող փաստաբաններին չի ազատում նախկինում անդամավճարների մուծումները չկատարելու հետեւանքով գոյացած պարտքից»։ Միության նպատակների մեջ է մտնում փաստաբանների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը… նաեւ դատարաններում։ Փաստաբանական գործունեությունն ըստ էության օրենքով ճանաչված իրավապաշտպան գործունեությունն է՝ «օրենքով չարգելված բոլոր միջոցներով եւ եղանակներով»։ Հետաքրքիր է, որ ՓՄՄ-ի ցանկությունների մեջ է մտնում լրատվության միջոցների, մասնագիտական տեղեկագրերի հիմնադրումն ու տեղեկատվության տարածումն առհասարակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ըստ կանոնադրության… չի բացառվում «անհրաժեշտության դեպքում» անվճար իրավաբանական օգնության կազմակերպումը։ Կանոնադրությունը նախատեսել էր նաեւ երկարամյա աշխատանքի, մեծ վաստակի համար միության անդամի խրախուսման ձեւերը. պատվոգրով պարգեւատրում կամ պարգեւատրում արժեքավոր նվերով։ Կանոնադրության միաձայն անցնելուց հետո… փաստաբանական կոլեգիայի նորընտիր նախագահ Տիգրան Ջանոյանը պատվոգրերով պարգեւատրելու մասին հայտնեց 55 տարվա փաստաբան Պոլինա Շապոշնիկովային եւ 50 տարվա փաստաբան Ռոզա Պողոսովային։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Քիչ էր մնում վեճ ծագեր միասնական ձեւի արտոնագրի համար, որի վրա արդարադատության նախարարի… ներեցեք, աստվածուհու՝ Ֆեմիդայի պատկերն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել