Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որակյալ շինարարի խնդիր կա

Օգոստոս 27,2002 00:00

Որակյալ շինարարի խնդիր կա «Այսօրվա սեփականատերերի ճոխ ու անճաշակ եւ շատ դեպքերում՝ անորակ, ավելորդ շինանյութերով ծանրաբեռնված կառույցները որակյալ շինարար-մասնագետների պակասի հետեւանք են»,- ասում է Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի կրթահամալիրի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության սեկտորի վարիչ Խաչիկ Փահլեւանյանը: Վերջինիս իրոք զարմացնում է «ավել լինի ու պակաս չլինի» չտես մարդուն բնորոշ ու համատարած դարձած սկզբունքը. «Չէ՞ որ շինարարի կրթություն ստանալու իմաստը շինանյութի քանակի ճիշտ օգտագործումն է»: Այսօր գյումրեցիներին բաժին է ընկել, այսպես ասած, ամենաշնորհակալ ու անշնորհակալ աշխատանքը. անկախ մասնագիտությունից ու կրթությունից, գործազրկությունից խուսափելու միակ տարբերակը քաղաքում մեծ թափ ստացած շինարարական աշխատանքների մեջ ընդգրկվելն է: Իսկ արդյունքը նորակառույց անորակ շենքերն են ու բնակիչների անընդմեջ հնչող բողոք-գանգատները: Թեեւ հիշյալ խնդրի պատճառը միանշանակ գրագետ շինարարների ու արհեստավորների պակասով բացատրելը ճիշտ չէ, այնուամենայնիվ, փաստն այն է, որ Գյումրիում որակյալ շինարարների ու արհեստավորների պահանջարկ կա ու առաջարկ չկա: Իսկ մեր երկրում, առավել եւս Գյումրիում, պահանջարկի ու առաջարկի ճիշտ հարաբերակցությունը եզակի երեւույթ է: «Գյումրիում վաղուց խախտված է տնտեսագիտության ոսկե կանոնը. քաղաքը հագեցած է տարբեր մասնագետներով, իսկ աշխատատեղեր ընդհանրապես չկան, շուկաներն ու մեկը մյուսից ճոխ խանութները կքած են բազմատեսակ ապրանքների ծանրությունից, իսկ սպառողները չափազանց քիչ են»: Տեղական լրատվամիջոցներով անընդմեջ հնչում են քարտաշների, քարտաշ-որմնադիրների, ծեփագործների, մոնտաժողների եւ այլ աշխատանքների հրավերներ, սակայն, ինչպես պարզեցինք մի քանի շինարարական օբյեկտներից, գրեթե արձագանքողներ չկան: Պատճառներն ակնհայտ են. այսօր, հատկապես հիմա՝ «խոպան» գնալու իսկական շրջանում, քաղաքում շինարարությամբ զբաղվում են ծայրահեղ վիճակում հայտնվածները, իսկ իր արժեքն իմացող շինարարը վաղուց արտերկրում է: Ավելին, շինարար-բանվորների մեջ քիչ չեն խաբվածները կամ, իրենց խոսքերով ասած, «դավերիայով» աշխատածները, որոնք այսօր դարձել են դատաստանի սպասողներ (շատերը դատի են տվել տվյալ ձեռնարկության ղեկավարին, իհարկե, եթե վերջինս փախուստի մեջ չէ, նախկինում կուտակված աշխատավարձերի պարտքերը ստանալու ակնկալիքով, մյուսների վիճակն էլ անորոշ է, քանի որ ժամանակին համապատասխան պայմանագրեր չեն կնքել): Դիմացինին վստահած ու պայմանագիրն անտեսած շինարարը երկրորդ անգամ խաբվելու ցանկություն չունի: Ծանր ֆիզիկական աշխատանքի տեւողությունը մոտ 9-10 ժամ է՝ որպես կանոն, առանց հանգստի։ Շինարարներն աշխատում ու բնականաբար վճարվում են կատարողական ակտով, յուրաքանչյուր կառույցի հանձման ժամկետը նախապես սահմանված է: Շինարար բանվորների հավաստմամբ, վարձատրությունն էլ մի բան չէ. օրավարձը 800-1000 դրամ է՝ չհաշված տնից տարվող նախաճաշի ծախսը: Ավելին, ըստ որոշ աղբյուրների եւ տիրող պատկերի, մրցույթը շահողների միջեւ փոխհամաձայնություն կա վարձատրության չափի սահմանման հարցում: Որոշում են ստանդարտ գներ, որպեսզի չստացվի մուկ ու կատվի պատմությունը. մի օբյեկտից չփախչեն ավելի բարձր վճարող հարեւան օբյեկտը: Իհարկե, մուկ ու կատվի փոխարեն ճիշտ գայլ ու գառի պատմություն է: Կա հարցի մեկ այլ կողմ եւս. քաղաքում քիչ չէ մեռնող արհեստների թիվը, որոնց ներկայացուցիչներից մնացել են մեկ-երկու անկրկնելիներ, ընդ որում՝ ամենաերիտասարդները 50-60 տարեկան են: Նույնիսկ բրիգադավարներից մեկը կարոտախտով հիշեց «սովետի ժամանակները, երբ պրոֆտեխուսումնարաններ կային, արհեստներ սովորեցնողներ եւ սովորողներ կային, իսկ հիմա…»: Ամենեւին էլ հոռետեսություն չէ ասելը, որ արհեստների ու արվեստների քաղաքը կամաց-կամաց մեռնում է. հին վարպետների գործը շարունակողներ չկան, ինչպես որ չկան որակյալ աշխատուժի արտահոսքը կասեցնողներ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել