Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

Օգոստոս 27,2002 00:00

ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին՝ առավել եւս, որ նախորդ ընտրություններից հետո ընկած այս ողջ ժամանակահատվածում ամենատարբեր բարձրության ամբիոններից, ամենատարբեր չին ունեցող պետական պաշտոնյաները եւ հասարակական գործիչները ամենաազդեցիկ արտահայտություններով փորձում էին հիմնավորել տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, բնականաբար, կրքերը սկսում են բորբոքվել։ Տեղական ինքնակառավարման սուբյեկտ հանդիսացող մարդիկ առաջին փորձերն են անում օրենքով ամրագրված սեփական իրավունքները հրապարակավ պաշտպանելու։ «Առավոտ» թերթի «օժանդակությունը» հայցող, Էջմիածին քաղաքի ավագանու յոթ անդամները թերթին ուղղված իրենց դիմում-բողոքում կարծիք են հայտնում, որ Էջմիածնի քաղաքապետ «Երվանդ Աղվանյանի պաշտոնավարման տարիներին, առանց համապատասխան որոշումների եւ ավագանու համաձայնության, վաճառվել են մշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ շենքեր, մշակութային այլ օջախներ էլ դարձել են ավիատոմսերի վաճառքի կետեր, հին գերեզմաններից մեկում բարբարոսաբար ոչնչացվել են մի քանի հարյուր տարեկան տապանաքարեր՝ տեղը նորից վաճառելու նպատակով, քաղաքապետարանում արձանագրվել են հափշտակումներ ու յուրացումներ»։ «Ի դեպ, այս դեպքերից մեկի առիթով դատախազությունն արդեն հարուցել է քրեական գործ»՝ հավելում են ավագանու անդամները։ Իսկ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, դեռեւս երկու- երեք տարի առաջ, Էջմիածնի քաղաքապետարանում չարաշահումների բազմաթիվ փաստեր հայտնաբերվեցին նաեւ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունքում։ Վերահսկիչ պալատից օրենքով սահմանված կարգով փաստերը ներկայացվեցին ԱԺ՝ ի գիտություն։ Քանզի այդ փաստերի հիման վրա որեւէ քրգործ չհարուցվեց, մեզ իրավունք ենք վերապահում ենթադրել, որ դրանք, այսպես կոչված, «փակվեցին»՝ հայկական տարբերակով։ Ինչ վերաբերում է բողոքի փաստարկներին, Հայաստանի համայնքների միության վարչության անդամ Էմին Երիցյանի մեկնաբանությամբ, «ըստ օրենքի, սեփականության հետ կապված ցանկացած գործողություն՝ ավագանու իրավասությունն է։ Առանց ավագանու որեւէ սեփականություն օտարել՝ անհնար է, ուստի ավագանու անդամներին օրենքով վերապահված իրավասություններով, հարցերը կարող են դատարանում վիճարկվել»։ Այնուհետեւ, ավագանու անդամները պարզաբանում են, որ «Այս ամենն էլ պատճառ է դարձել եւ 2001թ. ապրիլի 27-ին, քաղաքի ավագանին՝ ձայների 7 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ» քաղաքապետին անվստահության առաջարկ է ներկայացրել։ «Սակայն վերջինս շարունակում է պաշտոնավարել առայսօր»։ Է. Երիցյանի պարզաբանմամբ, «Օրենքը պահանջում է, որ ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի դեպքում անվստահության առաջարկ կարող է ներկայացվել ՀՀ կառավարությանը։ Կառավարությունն էլ կարող է ընդունել առաջարկը՝ կամ ոչ»։ Այս դեպքում, փաստորեն, կառավարությունն ինչ-ինչ պատճառներով առաջարկը չի ընդունել։ «Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով, հարցի այս փուլում վճռորոշ դերակատարություն է ունեցել Էջմիածնի քաղաքապետի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի սանիկ-քավոր կապը։ Ի դեպ, «թեեւ 2002թ. երրորդ եռամսյակն է մոտենում ավարտին, քաղաքի բյուջեն դեռեւս հաստատված չէ։ Քաղաքապետարանի աշխատողները մեկ տարի է, ինչ աշխատավարձ չեն ստացել»։ Ճիշտ է, օրենքին համապատասխան, բյուջեն ձեւավորում են ավագանիները, սակայն այս պարագայում ավագանու նիստերը բոյկոտելը ավագանու անդամների քաղաքական պայքարի հիմնական ձեւն է եղել։ «Այս ամենով հանդերձ, Աղվանյանը մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը քաղաքապետի առաջիկա ընտրություններում։ Հավանաբար, նախորդ ընտրությունների օրինակով՝ անիրական, սենսացիոն հայտարարություններ անելու համար։ Օրինակ, որ Էջմիածնում 5000 ուսանողի համար կկառուցվի հայ-ամերիկյան համալսարան, որ Էջմիածինը մայրաքաղաքին կապող մետրո կունենանք, որ Էջմիածինը կդառնա Վատիկանի պես քաղաք ու ազատ առեւտրի գոտի։ Իսկ եթե ինքը քաղաքապետ չընտրվի՝ էջմիածինցիները կորած են»,- բողոքը եզրափակում են ավագանու անդամները եւ համոզմունք հայտնում, որ «Աղվանյանը պարզապես բարոյական իրավունք չունի Հայաստանի համայնքների միության համագումարում ներկայացնելու մեր քաղաքը»։ Այս առիթով Հայաստանի համայնքների միության վարչության անդամ Էմին Երիցյանն իր տեսակետն ունի. «Մենք հասարակական կազմակերպություն ենք՝ բաց բոլորի համար»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել