Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՌ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Օգոստոս 27,2002 00:00

ՀՌ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ «Ըստ օրենքի, Հայաստանը կարող է ունենալ վերահեռարձակվող միայն 1-ից ոչ ավելի մետրային հաճախություն»,- «Առավոտին» ասաց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ մեր երկրում մետրային կապուղիներով հեռարձակվում են ե՛ւ PTP-ը, ե՛ւ OPT-ն։ «Սա արդեն օրենքի խախտում է,- ասաց Շավարշ Քոչարյանը եւ նշեց։- Չնայած պետք է ասեմ, որ արտասահմանյան փորձագետներն այնքան էլ չեն ողջունում այդ սահմանափակումները։ Բայց մենք հասկանում ենք, որ իրոք դա մեզ մոտ վտանգված է եւ արժեր խթանել ե՛ւ հայրենական արտադրությունը, ե՛ւ լեզվի կիրառումը, ե՛ւ այլն»։ Այսուհանդերձ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային կոչվող հանձնաժողովի կազմավորումից ի վեր, իրենց հաղորդումները հեռարձակելու հնարավորությունից զրկվեցին երկու հայկական հեռուստաընկերություններ։ Փոխարենն իրենց գործունեությունն անարգել շարունակում են վերահեռարձակվող օտար հեռուստաընկերությունները, շատ անգամ՝ օրենքի խախտումների առկայությամբ (ասենք՝ չեն ապահովում հայերեն համաժամանակյա թարգմանությունը եւ այլն)։ Դեռ ավելին, վերահեռարձակվող օտար կայաններն ավելանում են. ասենք՝ ազդարարվեց, որ շուտով վերահեռարձակվելու է ռուսական MTV-ն։ Սա չի՞ հակասում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ոգուն, ըստ որի՝ պիտի զարկ տրվեր հայրենական արտադրությանը։ «Ճիշտ եք նշում՝ կարծես միտում կա ավելացնել օտարերկրյա հաղորդումները,- ասաց Շավարշ Քոչարյանը։- Իհարկե, սա իմ սեփական դիտարկումն է, ես մոնիտորինգ չեմ արել։ Սա հենց հանձնաժողովի առաքելությունն է՝ նման մոնիտորինգ անել եւ արդյունքները պարբերաբար հրապարակել, որպեսզի պարզ լինի պատկերը՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ է ընթացքը, որ հեռուստաընկերություններն էլ զգան, թե իրենց աշխատանքներին հետեւում են»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել