Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՈՒՐՃՈՎ, ՈՒՐԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՆՑ

Օգոստոս 27,2002 00:00

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՈՒՐՃՈՎ, ՈՒՐԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՆՑ Օրերս Թեքեյան կենտրոնում ՀՌԱԿ նորընտիր անդամ Լավրենտի Բարսեղյանը, իր ատենապետին հավատարմության երդում տալու նման՝ հայտարարեց, որ ինքն էլ է շատ դժգոհ Կենտրոնի թաղապետից, որովհետեւ վերջինս ուշադրություն չի դարձնում Ցեղասպանության թանգարանին եւ նույնիսկ ապրիլի 24-ին չի այցելել թանգարան։ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանին խնդրեցինք պարզաբանել՝ իսկապե՞ս այս բացառիկ օջախի նկատմամբ իր վերաբերմունքն առանձնահատուկ է։ Պարզվեց՝ ավելին, վերաբերմունքը ոչ միայն առանձնահատուկ է, այլեւ այն կոնկրետ միջոցառումներով դրսեւորվում էլ է։ Մասնավորապես՝ Ա. Զուրաբյանը հայտնեց. «1. Ցեղասպանության թանգարանը ԳԱԱ կառուցվածքում է ե՛ւ ֆինանսավորմամբ, ե՛ւ ենթակայությամբ։ Կենտրոն թաղապետարանի տարածքում է գտնվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որտեղ թաղապետարանի միջոցներով վերջերս կատարվել է 11 մլն 542 հազար 707 դրամի աշխատանք, այդ թվում՝ հատուկ պանդուսի կառուցում անմար կրակի մոտ իջնելու համար, հուշահամալիրի եւ թանգարանի (ընդգծումը խմբագրությանն է) տարածքների եւ մոտեցման ճանապարհների բարեկարգում, հուշահամալիրի տարածքում հասարակական զուգարանի կառուցում, նոր աղբարկղերի տեղադրում, հավերժական կրակ, հուշակոթողի հարթակի եւ աստիճանների վերանորոգում, ինչպես նաեւ կատարվել են վճարումներ՝ անմար կրակի այրած գազի դիմաց։ 2. Թանգարանում անձամբ եղել եմ Լ. Բարսեղյանի հյուրը, որն իր գործավարի բացակայության պատրվակով անձամբ է սուրճ եփել եւ հյուրասիրել՝ հընթացս շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքների համար։ 3. Որեւէ մեկի առջեւ պատասխանատու չեմ որեւէ թանգարան այցելել-չայցելելու համար։ 4. Չեմ կարծում, որ որեւէ կուսակցություն մուտք գործելը պիտի ազդի մարդու, առավել եւս՝ գիտնականի բարոյական կերպարի վրա։ 5. Կենտրոնի թաղապետարանը շարունակելու է հուշահամալիրին եւ թանգարանին իր օգնությունը ցուցաբերել՝ անկախ Լավրենտի Բարսեղյանի անձից»։ Մոռացկոտներին հիշեցնենք, որ խնդրո առարկա թանգարանը կառուցվել է «ապազգային» ՀՀՇ-ի օրոք, իսկ անտեղյակներին հայտնենք, որ 1999 թվականից, այսինքն՝ արդեն 3-4 տարի, քաղաքապետարանը նույն կառույցների վրա ծախսել է մոտավորապես 2 մլն դրամ։ Մենք հայտնում ենք, դուք համեմատեք։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել