Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արա, ինչի՞ ես նկարահանել իմ բուդկան»

Օգոստոս 27,2002 00:00

«Արա, ինչի՞ ես նկարահանել իմ բուդկան» Այս հարցն այնքան էր գրգռել աբովյանցի երիտասարդի անառողջ հետաքրքրասիրությունը, որ պատասխանի ակնկալիքով օգոստոսի 24-ին, ժամը 17-ի սահմաններում, 7-8 հոգով ներխուժել էին «Աբովյան» ՍՊԸ հեռուստաընկերության գրասենյակ։ Հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արտաշես Մեհրաբյանի՝ «Ո՞րն է Ձեր բուդկան» ճշտմանը հետեւում է «դուրս արի՝ խոսենք» առաջին հայացքից՝ անմեղ հրավերը։ Դրսի խոսակցությունն ավարտվում է ծեծկռտուքով։ Այդ ամենից հետո, առավել բորբոքված կրքերով, երիտասարդները, հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ազնիվ Չիտմեջյանի պնդմամբ, «նորից ներս են խուժել աշխատասենյակ՝ Արտաշեսին հարվածելով»։ Այս ամենն, իհարկե, համեմվել է հայ տղամարդու ավանդական կերպարին բնորոշ տղամարդկությամբ՝ հայհոյանքներով։ Իսկ Ազնիվ Չիտմեջյանի՝ նրանց աշխատասենյակից դուրս հրավիրելու փորձերը ոչ միայն անփառունակ ավարտ են ունենում։ Ավելին, «նրանցից մեկը սպառնաց՝ մազերիցդ կբռնեմ ու դուրս կշպրտեմ»։ Սպառնալիքն ուղեկցվում է կնոջ գլխին հարվածելով։ Արդյունքում՝ Արտաշես Մեհրաբյանին ստիպում են իրենց տալ խնդրո առարկա տեսաերիզը։ Իսկ տեսաերիզում, ըստ գործադիր տնօրենի, «այդ օրը նկարահանել էինք քաղաքի պատկերը ներկայացնող կադրեր՝ շուկա, փողոց, աղբանոց եւ այլն, որը ցուցադրվելու էր տեսահոլովակի պես եւ առանց մեկնաբանությունների»։ Մի քանի անգամ ներքին գործերի Աբովյանի բաժանմունք զանգահարելուց, իրավիճակը ներկայացնելուց, խնդրել-հորդորելուց հետո, ի վերջո, հեռուստաընկերություն է ներկայանում Աբովյանի ՆԳ բաժանմունքի Կառլեն անունով քննիչը եւ Ազնիվ Չիտմեջյանին ուղեկցում ՆԳ բաժին։ Ուղեկցողների շքախմբում, ըստ Ազնիվ Չիտմեջյանի, նաեւ Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանն է լինում, որը «պահանջ» է ներկայացնում, որպեսզի տիկին Ազնիվին «ՆԳ բաժնից էլ դուրս չթողնեն»։ Չբավարարվելով արդեն ներկայացված պահանջով, քաղաքապետը «ներս է խուժում» քննիչի աշխատասենյակ եւ շարունակում իր միտինգային ելույթը. «քիչ է, որ քեզ հարվածել են, քեզ պետք է դուրս հանեն՝ մորթեն, սպանեն… լավ կլիներ, որ որբերիդ մասին մտածեիր»։ Այս սպառնալիքները եւս ուղեկցվում են հայհոյանքախառը փնջով։ Ըստ տիկին Ազնիվի, քաղաքապետի հերոսական արարքին աշխատասենյակում ականատես են լինում նաեւ Աբովյանի ՆԳ բաժանմունքի քննիչ Հունանյանը եւ տիկնոջը հարվածող Նվեր անունով քաջագործ երիտասարդը։ Սակայն, երբ տիկին Ազնիվն իր դիմում-բացատրության մեջ ցանկանում է անմահացնել նաեւ քաղաքապետի «հերոսական» կեցվածքը, քննիչներ Կառլենը եւ Հունանյանը հայտարարում են՝ «քաղաքապետի ոչ մի ասածն էլ չենք լսել», ապա տեղեկացնում, որ տիկինը կարող է բացատրություն գրել միայն այդ օրը հեռուստախմբագրությունում կատարվածի մասին։ Դատական բժշկին դիմելու ուղեգրի պահանջը քննիչները մեծահոգաբար հետաձգում են «հաջորդ օրվան»։ Իսկ հաջորդ օրը քննիչ Հունանյանը սիրահոժար, տիկին Ազնիվի ներկայությամբ, դատական բժշկին ներկայանալու ուղեգիր է լրացնում, պահանջում, որպեսզի երկրորդ օրինակի վրա տիկինը գրի, թե ստացել է ուղեգրի մեկ օրինակը։ «Գրել-ստորագրելուց հետո,- ասում է տիկին Ազնիվը,- ասաց, որ չի կարող իմ օրինակն ինձ տալ, քանզի պետի կողմից դեռ կնքված չէ»։ Ու, բնականաբար, տիկնոջը բարեկամական խորհուրդ է տալիս՝ «օրվա ընթացքում զանգահարել-վերցնել»։ Իսկ պետն էլ, բականաբար, ողջ օրվա ընթացքում ուղեգիրը չի կնքում։ Համենայնդեպս, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը տիկին Ազնիվը ստանում է «դեռ կնքված չէ» պատասխանը։ Իսկ քաղաքապետի նախկին վարորդ Նվերի հերոսապատումն այսպիսի հռետորական ավարտ է ունենում. «Եթե դու ինձ հիմա նստեցնում ես, ինչքանո՞վ ես համոզված, որ դուրս գալուցս հետո իմ հետ գործ չես ունենալու»։ Ազնիվ Չիտմեջյանը, որը «վախից» երեկ չէր ներկայացել աշխատանքի եւ փոխել է բնակավայրը, դիմել է նաեւ ՀՀ ՆԳ նախարարին՝ «խնդրելով ապահովել իմ եւ երկու անչափահաս երեխաներիս անվտանգությունը։ ՆԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետը երեկ մեր հարցին այսպես պատասխանեց. Մենք գործից տեղյակ չենք, որոշ ժամանակ կանցնի, կուսումնասիրենք, կպատասխանենք»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել