Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ, ՍՈՒՏԸ ՄՆԱՑ

Օգոստոս 27,2002 00:00

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ, ՍՈՒՏԸ ՄՆԱՑ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յերզի Յասկերնիան եւ Իրենա Բելոհորսկան մեկնեցին Հայաստանին վերաբերող Եվրախորհրդի ԽՎ զեկույցը կազմելու։ Կարծում ենք, չէր խանգարի, որ մի զեկույց էլ մենք գրեինք դիտորդական խմբի մասին։ Առայժմ համազեկուցողների մասին կարծիք են հայտնում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատները։ ԱԺ սպանված փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը, խիստ վրդովված է, որ եվրոպացիք, մեղմ ասած, բոլորիս խաբեցին։ Տիկին Բախշյանը եւս մասնակցել է համազեկուցողների եւ զոհերի հարազատների հանդիպմանը եւ ասաց, որ տիկին Ռիմա Դեմիրճյանը հանդիպման հենց սկզբում՝ դիմելով համազեկուցողներին, ասել է. «Մենք լսել ենք, գիտենք, որ դուք ուզում եք հանդիպել ոճրագործներին, ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ ուշադրություն է նրանց նկատմամբ»։ Համազեկուցողներն ասել են, որ մտադիր չեն հանդիպել ամբաստանյալների հետ, եւ դա սուտ ինֆորմացիա է։ Սակայն համազեկուցողները հանդիպել են ամբաստանյալներին, եւ այս մասին տիկին Բախշյանն ասաց. «Հենց որ դատավարությունը վերսկսվի, մենք Նաիրի Հունանյանի պահվածքից կիմանանք. հանդիպե՞լ են, թե՞ ոչ։ Եթե բոլորը թաքցնում են հանդիպման մասին ինֆորմացիան, մենք այդ ճանապարհով կիմանանք։ Երկրորդ՝ ես պարզապես հիասթափվել եմ եվրոպացիներից։ Իրենք էլ սովորեցին սուտ խոսել, իրենք էլ ասում են մի բան, անում են մեկ այլ բան։ Ու անընդհատ աչքիս առաջ է այդ կնոջ հաստատակամ կերպարը (Իրենա Բելոհորսկայի.- Մ. Ե.), երբ ասում էր՝ ոչ, սուտ է, ինչո՞ւ պետք է նրանց հետ հանդիպենք։ Ես էլ եմ զարմացած, չեմ կարող բացատրություն տալ, բայց անչափ տգեղ երեւույթ է»։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը Անահիտ Բախշյանը բավականին ուշադիր էր հետեւում եւ այն կարծիքին է, որ ճիշտը դատարան գնալն է. «Պետք է գնալ, պետք է դահլիճում նստել, նայել ե՛ւ ամբաստանյալների աչքերին, ե՛ւ դատավորի աչքերին, ե՛ւ պետական մեղադրողների աչքերին, նաեւ նայել, թե փաստաբաններն ինչպես են աշխատում։ Միայն դատարանի դահլիճում կարելի է դատել ինչ-որ մթնոլորտի մասին, որը կամ նպաստում է դատավարության ճիշտ ընթացքին, կամ էլ չի նպաստում։ Ամեն ինչ դատարանի դահլիճում է երեւում»։ Տիկին Բախշյանը, հետեւելով դատական պրոցեսին, այն տպավորությունն ունի, որ դատավարության ընթացքը համապատասխանում է օրինականությանը. «Դատարանում որեւէ անօրեն բան չենք զգում։ Ուրիշ բան է, որ առանձին հարցերի ժամանակ, առանձին պահերի կանխակալ ինչ-որ բան ես զգում, ասենք, պետական մեղադրողը չի կարողանում թաքցնել իր ամբողջ հակակրանքը դրանց նկատմամբ, եւ ես զգում եմ, թե ինքն ինչպես է հայհոյում»։ Տիկին Բախշյանի դիտարկմամբ՝ ամբաստանյալ Ն. Հունանյանը նույնքան լկտի է եւ սանձարձակ, որքան դատավարության առաջին օրերին։ Նաեւ զարմանք է առաջացնում ամբաստանյալի այն միտքը, թե դատավարությունը ձգձգվում է։ Այս կապակցությամբ տիկին Բախշյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչո՞ւ է շտապում, գոնե հաստատ է. որ մահապատիժ չլինի, ցմահ բանտարկությունը հաստատ կա։ Դատն ավարտվելուց հետո պետք է չորս պատից այն կողմ ոչինչ չտեսնի, ուրեմն ինչո՞ւ է շտապում ամբաստանյալը»։ Անահիտ Բախշյանը մտածում է, որ ինչ-որ մարդիկ խնամքով պահում են նաեւ Հանրային հեռուստաընկերության աշխատակից Տիգրան Նազարյանին, քանի որ վերջինս բավականաչափ տեղեկացված է եւ «Հոկտեմբերի 27»-ի գործում պատահական մեկը չէ. «Ինձ թվում է, ինքն ի վերջո կուզենա գալ եւ ասել այդ բոլորը, բայց կկանխեն։ Ի՞նչ է մի պետության համար Տիգրան Նազարյանին ԱՄՆ-ից այստեղ բերելը (ցանկության դեպքում)։ Սա անձնական հարց չէ, պետության խնդիր է։ Հետաքրքիր է նաեւ, թե ԱԱ նախարարը, վարչապետը, նախագահը ինչպե՞ս են նայում այս հարցին։ Թե՞ իրենց շահերից չի բխում նրան բերելը եւ հարցեր ուղղելը»։ Կարծես թե իշխանությունների շահերից չի բխում նաեւ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության նորմալ լուսաբանումը, քանի որ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» փակումից հետո որեւէ այլ հեռուստաընկերություն բավարար օբյեկտիվությամբ չի լուսաբանել, իսկ Հանրայինը՝ ընդհանրապես որեւէ կերպ չի լուսաբանում։ Դատավարության ոչ հրապարակայնության մասին տիկին Բախշյանն ասել է նաեւ ԵԽ համազեկուցողներին. «Ա1+»-ի փակումից հետո «Հ1»-ը դադարեցրեց «27»-ի դատավարության լուսաբանումը 3-4 ամիս։ Այդ ընթացքում եւս «ՀԺ»-ին ասացի, որ «Հ1»-ը չի լուսաբանում։ Դրանից հետո հաջորդ դատի օրը Հանրայինի լրագրողն ու օպերատորը եկան դատարան, մի քանի օրից դարձյալ չերեւացին։ Լուսաբանումն էլ այնպիսին էր, կարծես պատմում էին, թե Կամբոջայում ինչ է եղել, մերը չի, սրտի ցավ չկա։ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» փակվելը լրատվության ահավոր սահմանափակում առաջացրեց, եւ մենք պարզապես նեղվում ենք այդ պակասից։ Ստացվում է, որ ապրում ես ռեալ կյանքում, սակայն լրատվության մեջ կեղծ, շինծու ինչ-որ բաներ ես լսում։ Դա չարություն է առաջացնում, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության են, ամեն ինչ անում են, որ իրենց ավելի շատ ատես»։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել