Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՕՐԵՆՔԸ

Օգոստոս 27,2002 00:00

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՕՐԵՆՔԸ Միջազգային կազմակերպությունների, եվրոպական փորձագետների տեսակետների հանդեպ մեր իշխանություններն ավանդաբար խիստ զգայուն են: Ո՞րն է պատճառը, որ այդպես չէ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» պարագայում: Ինչո՞ւ մեր օրենսդիր ու գործադիր մարմինները, որ այլ դեպքերում նախանձախնդրորեն օրենսդրական փոփոխությունների են դիմում, աշխատում են կատարել եվրոպական փորձագետների պահանջներն ու առաջարկները, հաշվի առնել նրանց կարծիքը զանազան նախաձեռնությունների պարագայում, համառորեն եւ հետեւողականորեն անտեսում են ԵԱՀԿ-ի, Եվրամիության ու միջազգային բազմաթիվ այլ կազմակերպությունների հայտարարությունները, զեկույցները, առաջարկներն ու տեսակետները «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» վերաբերյալ: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Նախ պիտի ասեմ, որ, ցավոք, մի ոչ այնքան հաճելի ավանդույթ է ձեւավորվում, երբ քաղաքական ուժերը եւ տարբեր կողմերը, փոխանակ միմյանց հետ հանգիստ քննարկեն Հայաստանի ներքին խնդիրներն ու գտնեն առկա հարցերի լուծումները՝ փորձում են դա անել միջազգային կազմակերպությունների հետ: Բայց, կարծում եմ, միջազգային կազմակերպությունները մեր երկրում չեն կարող լուծել որեւէ խնդիր: Նրանք կարող են օգնել այս կամ այն խնդիրը լուծելու հարցում, բայց մենք պիտի միմյանց հետ լուծենք: Մյուս կողմից՝ ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների կարծիքը հաշվի առնելուն, քանի որ մենք կամավոր անդամակցել ենք Եվրոպայի խորհրդին՝ կան պահանջներ, որոնք այդ կազմակերպության բոլոր անդամների համար չափանիշ են, մենք ստանձնել ենք պարտավորություններ, ուրեմն, պիտի կատարենք: Այլ բան է, որ, օրինակ, օրենքների մշակման հարցում՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, համոզված եմ՝ չարժե կապել (թեեւ երբեմն տարբեր պաշտոնյաներ կապում են) այդ պահանջների եւ պարտականությունների հետ: Մենք շատ մեծ հնարավորություններ ունենք եւ8217 իրենց առաջարկությունները քննարկելու, եւ8217 այլ լուծումներ առաջարկելու: Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ասեմ, որ ապրիլին, երբ նոր էր սկսվում այս պատմությունը՝ ես պետք է մեկնեի Ստրասբուրգ, մեր պարտավորությունների հետ կապված տարբեր հանդիպումներ ունենալու: Եվ առանց որեւէ մեկի պահանջի ու խնդրանքի՝ ես թարգմանել տվեցի մեր օրենքը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ փոխանցեցի Ստրասբուրգում իրենց՝ խնդրելով անցկացնել փորձաքննություն: Վերջինիս արդյունքները պարզ դարձան, եթե չեմ սխալվում, մայիսի վերջին: Հայաստան այցելեցին փորձագետներ, որոնք քննարկել էին այդ օրենքը, նաեւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգը: Փորձագետները ներկայացրել էին եզրակացություն եւ առաջարկություններ: Այստեղ շատ հետաքրքիր առաջարկություններ կան, որոնք ուղղված են օրենքն ավելի խստացնելուն: Եվ այն խնդիրները, որոնք հիմնականում արծարծվում են եւ8217 ընդդիմության, եւ8217 տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, չեն արժանացել փորձագետների ուշադրությանը: Այսինքն, այստեղ (գոնե իրենց համար) նույնպես միանշանակ է հանձնաժողովի կազմավորման կարգը: Գոնե առայժմ՝ քանի սահմանադրական փոփոխություններ չկան, մենք այլընտրանք չունենք, հանձնաժողովի անդամներին պետք է նշանակի հանրապետության նախագահը»: Մեր հարցին ի պատասխան, թե ինչու ԿԸՀ անդամներին կարող են ԱԺ խմբակցություններն ընտրել, իսկ Ազգային հանձնաժողովն անպայման պիտի հանրապետության նախագահը նշանակի, պրն Թորոսյանն ասաց. «Որովհետեւ տարբեր են ընտրական հանձնաժողովներն ու այս մեկը: Ճիշտ է, երկուսն էլ հանձնաժողով են կոչվում»: Հրապարակվել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի զեկույցը, որտեղ առաջարկվում է օրենսդրական համապատասխան փոփոխություն անել, որը հնարավորություն կտար «Ա1+»-ին լինել եթերում, քանի դեռ «Շարմը» չի զբաղեցրել այն: Մեր հիշեցմանը, թե համանման առաջարկի ընդունումը տապալվել է ԱԺ մեծամասնության ջանքերով, ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Բայց ե՞րբ: Եղել են մի շարք առաջարկություններ: Կար փաթեթ (եւ մեծամասնությունը չընդունեց դա), որի հիմքն այն էր, թե ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն են կազմավորում այդ հանձնաժողովը: Սա բացարձակապես անընդունելի է: Ընդ որում, անընդունելի է նաեւ եվրոպական փորձագետների կողմից: Ի՞նչ կապ ունեն քաղաքական ուժերը նման մարմնի ձեւավորման հետ: Ինչ վերաբերում է Դյուվեի առաջարկին, դրան զուգահեռ կա նաեւ մեկ այլ առաջարկ, որ ավելի շուտ հայտարարվի մրցույթը: Ասենք, արտոնագրի ժամկետի սպառվելուց կես տարի շուտ, որպեսզի եւ8217 նա, ով հետո շարունակի օգտագործել այդ կապուղին՝ ժամանակ ունենա պատրաստվելու, որ հետո անմիջապես սկսի աշխատել, եւ8217 նա, ով պիտի դադարեցնի հեռարձակումը՝ ավելի վաղօրոք իմանա այդ մասին ու կարգավորի իր խնդիրները: Ես կարծում եմ, ԱԺ առաջիկա նստաշրջանի ընթացքում մենք անպայման կանենք փոփոխություններ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում: 20, եթե ոչ ավելի առաջարկներ կան, որոնք իսկապես շատ օգտակար են. ինչո՞ւ չանել դրանք»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել