Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՁԱՆԸ՝ ՆՎԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Օգոստոս 24,2002 00:00

ԱՐՁԱՆԸ՝ ՆՎԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ «Էրեբունի» թանգարանի դիմաց «բազմել» է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի կերտած Արգիշտին, որը այնքան էլ երեւանցիների սրտով չէ։ Էրեբունի համայնքի բնակիչները հաճախ են կատակում, թե բավական է «ԿամԱԶ-ի մի խմած շոֆեր թափով խփի ու տուֆակերտ արձանից ոչինչ չի մնա»։ «Էրեբունի» թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանի խոսքերով, արձանի գոյությամբ մեր նախնիների հանդեպ ունեցած պարտքի մի որոշ հատված մեր վզից դեն ենք նետել, քանի որ իր ծննդյան վկայականով քաղաք ունեցող ժողովուրդը երախտամոռ կհամարվեր առանց քաղաքի հիմնադրի արձանի։ Ս. Մալխասյանի համոզմամբ, արձանի տուֆակերտ լինելու հանգամանքը, սակայն, «կնպաստի նրա կյանքի կրճատմանը»։ «Այլ բան է, երբ Թոքմաջյանն է պատմում արձանի մասին, այլ բան է, երբ արձանին ես նայում առանց իր պատմելու։ Այդ դեպքում բավականին խոցելի կողմեր ես նկատում»,- ասում է «Էրեբունի» թանգարանի տնօրենը։ Չնայած այս ամենին, նա համոզված է, որ մարդիկ մի օր կընտելանան վերջինիս գոյությանը։ Իսկ Էրեբունի համայնքի բնակչությունը՝ առավել եւս։ Չէ՞ որ նրանց թաղապետն իր մակագրությունն է թողել քանդակի վրա, որով ավետում է, թե արձանը նվիրում է «իր սիրելի ժողովրդին»։ Հետաքրքիր կլիներ, եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ամեն ընտրված թաղապետ մի-մի արձան ժառանգեր իր համայնքին ու պատվանդանին էլ «եղբայր» քանդակագործի ձեռքով փորագրեր սեփական անուն-ազգանունը՝ իբրեւ համայնքային մեկենասի։ Ա՜յ թե տեսք կունենար Երեւանը։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել