Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՄԻՇՏ ԷԼ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է»

Օգոստոս 24,2002 00:00

«ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՄԻՇՏ ԷԼ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է» Օգոստոսի 27-ին լրանում է Գարեգին Առաջին երջանկահիշատակ կաթողիկոսի ծննդյան 70-ամյակը: 1995 թ. ապրիլի 4-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովը Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական աթոռը 18 տարի գահակալած Գարեգին Երկրորդին: Հայաստանում Գարեգին Առաջին կաթողիկոսը գահակալեց ընդամենը չորս տարի: Այդ ընթացքում նա ձեռնամուխ եղավ քրիստոնեական քարոզչության հանրամատչելի ծրագրերի մշակմանը, թեմական կառույցների վերստեղծմանը, բազմաթիվ եկեղեցիների եւ վանքերի վերանորոգմանը, հոգեւոր եւ հայագիտական հրատարակությունների թվի մեծացմանը: Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը հեղինակ է աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, գրական եւ բարոյագիտական հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն լեզուներով շուրջ 70 գրքերի: Կաթողիկոսի մասին բազմաթիվ գրքեր, հոդվածներ, հրապարակումներ են տպագրել ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա խոշոր գիտնականներ, մտավորականներ, լրագրողներ: Ստորեւ բերված են հատվածներ Գարեգին Առաջինի զրույցից իտալացի լրագրող Ջովաննի Գուայտայի հետ: – Դուք եկեղեցու պետ եք: Հավատացյալների համար Դուք մեկն եք առաքյալների հաջորդներից: Բայց սովորական մարդու համար, նրանց համար, ովքեր չեն հավատում, չեն հետաքրքրվում աստվածաբանությամբ, Դուք պատկերանում եք իբրեւ գրեթե ամբողջ աշխարհով տարածված մի մեծ հաստատություն՝ Ձեր Եկեղեցու ղեկավար, կառավարիչ: Ինչպե՞ս եք հասկանում իշխանությունը: Ո՞րն է Հիսուսի իշխանության էությունը: – Ավետարանը ասում է մեզ, որ Հիսուսը խոսում էր տիրաբար: Սակայն Հիսուսը օժտված էր իշխանությամբ ոչ այն պատճառով, որ այս կամ այն կազմակերպության մեջ որեւէ դիրք կամ հեղինակություն ուներ… Նրա իշխանությունը պայմանավորված է մի բանով. Նա Ճշմարտությունն է. ոչ ոք չէր կարող անտեսել նրան, առարկել կամ պատասխանել նույնականորեն: Բացի այդ, իշխանությունը կայանում է ծառայության մեջ: Այստեղ՝ Հայաստանում, ես մեր մարդկանց շարունակ ասում եմ. այժմ մենք մեր երկրի տերն ենք, բայց, իբրեւ տեր, պարտավոր ենք ծառայել այդ երկրին: Հենց դա է ասել ու արել Հիսուսը. նա լվացել է առաքյալների ոտքերը. նա, որ Ուսուցիչն էր ու Տերը, ասել է, որ եկել է ծառայելու եւ ոչ թե ծառայություն ընդունելու: Ուրեմն հավատում եմ, որ եկեղեցու իշխանությունը բխում է երկու աղբյուրից. կյանքով Ճշմարտության վկայությունից եւ որակյալ ծառայությունից: Եթե իշխանությունն այսպես է գործադրվում, ընդունվում է սիրով: Այլապես վարչական այն իշխանությունը, որը չի հիմնվում այս երկու սկզբունքների վրա, զուտ ձեւական իշխանություն է: – Ո՞րն է կարեւոր՝ հավատքը, թե գործերը: Մարդ հավատքո՞վ է փրկվում, թե՞ գործերով: – Սուրբ Հակոբոսը իր Թղթում մեզ սովորեցնում է, որ հավատքը անբաժան է գործերից: Առանց գործերի հավատքը մեռած է, եւ գործերն էլ առանց հավատքի չունեն հիմք: Ես քրիստոնյա չեմ, եթե իմ հավատքն արտահայտվում է եկեղեցում մի քանի աղոթքներով միայն, եթե այն չի ազդում իմ կենսակերպի, իմ գործերի վրա: Կրոնը կիրակնօրյա արարք չէ: – Ըստ Ձեզ, մեղքերից ո՞րն է ամենածանրը: Մի ժամանակ ծանրագույն էին համարվում այն մեղքերը, որոնք վերաբերում էին մարմնական, սեռական կյանքին: – Ես դրան այլ կերպ եմ նայում: Կարծում եմ, ամենածանր մեղքը անտարբերությունն է, անփութությունը, անզգայությունը: Որովհետեւ դա մարդկային էակի ժխտումն է իսկ: Ուրիշների հանդեպ անտարբերությունը, փակվածությունը, ինքն իր մեջ կենտրոնանալը Աստծու դեմ մեղանչել է նշանակում: Աստված յուրաքանչյուրիս ստեղծել է ոչ թե մեզ համար, այլ համայն մարդկության համար: Մեր ժամանակներում մարդիկ հաճախ անտարբեր են: Զանց առնել ուրիշներին, նկատի չունենալ մերձավորիդ, նշանակում է ինքդ քեզ ժխտել որպես մարդկային էակ: – Դուք խոսում եք մեղքի մասին. գուցե այսօր կան «նոր մեղքեր»: Աղտոտել գետի ջուրը, լինել անտառային հրդեհի պատճառ կամ, պարզապես, փողոց նետել ծխախոտի մնացորդը, համարվու՞մ է այս ամենը մեղք: – Կարծում եմ, այո: Եվ այդ մեղքը բնության հանդեպ պատասխանատվության բացակայության մեջ է, Աստծու արարչագործ բարությանը բարությամբ չպատասխանելու մեջ: Ամեն բան, որ վնասում է բնական միջավայրին, ուղղված է Աստծու արարչագործության դեմ: Մեր եկեղեցում աղոթքի ժամանակ թվարկվող մեղքերի ցուցակում թերեւս մի օր ավելացվի.8221 «Ես մեղանչել եմ բնության՝ մեր կյանքի աղբյուրի եւ մեր երջանկության դեմ»:8221 – Քրիստոսի չարչարանքների մասին ավետարանական պատմության մեջ միշտ իմ ուշադրությունն է գրավել այն, որ Հիսուսին կալանքի տակ առնելու պահից սկսած՝ աշակերտների՝ տղամարդկանց եւ կանանց միջեւ նկատվում է վարքագծի հստակ փոփոխություն. առաքյալներն իրենց Վարդապետին լքում են, մինչդեռ կանայք շարունակ նրա կողքին էին: Գուցե այդ է պատճառը, որ առաջին աշակերտները, ում հայտնվեց հարություն առած Քրիստոսը, կանայք էին: Այսպիսով, Ավետարանը կարծես կասկածի տակ է առնում կանանց «Թույլ սեռի ներկայացուցիչներ» անվանումը: – Մեր եկեղեցու առաջին վկան կին էր. սբ. Սանդուխտը՝ Սանատրուկ թագավորի դուստրը, որին քրիստոնյա էր դարձրել սբ. Թադեւոս առաքյալը: Կանայք վճռորոշ ազդեցություն են ունեցել Հայ եկեղեցու ձեւավորման վրա. սուրբ կույսեր Հռիփսիմեն, Գայանեն, Մարինեն եւ նրանց հետ մյուս երեսուներկու կույսերն են սկզբնավորել Հայաստանի դարձը դեպի քրիստոնեություն: 4-րդ դարի սկզբում երկու կին գլխավոր դեր են ունեցել Հայաստանում քրիստոնեական կրոնն ընդունելու գործում՝ Աշխեն թագուհին եւ Տրդատ արքայի քույրը՝ Խոսրովադուխտը: – Հայ առաքելական եկեղեցին ունի նաեւ մեկ այլ՝ «Գրիգորյան եկեղեցի» անվանում: – Դա շատ ուշ շրջանի անվանում է եւ պայմանավորված է ռուսական ցար Նիկոլայ 1-ի կողմից 1836 թ. հավանության արժանացած Հայ եկեղեցու կանոնադրությամբ: Այս փաստաթղթի մեջ է, որ մեր եկեղեցին կոչվում է թՐՌչՏՐ255վրՍՈ255, որ հայերը թարգմանել են Լուսավորչական՝ սբ. Գր. Լուսավորչի անունով: – Քանի որ բոլոր եպիսկոպոսներն ու եկեղեցու պետերն ընտրվում են միայն կուսակրոններից, վերջիններս կարծես հեշտությամբ են ենթարկվում պաշտոնամոլության փորձությանը, որից զերծ են կարիերա ստեղծելու հնարավորությունից զրկված ամուսնացած քահանաները: Չե՞ք կարծում, որ եկեղեցական ասպարեզում բարձր աստիճանների հասնելու փառասիրությունը կարող է ավելացնել կուսակրոն ձեռնադրվել ցանկացողների թիվը, որի հետեւանքը կարող է լինել կուսակրոնության վատթարացում: – Պաշտոնամոլության փորձությունը միայն կուսակրոններին չի վերաբերում: Այն գոյություն ունի յուրաքանչյուր մարդու մեջ: Կարծում եմ, դա կախված չէ տվյալ անձի ապրելակերպից կամ ընկերային դիրքից. դա ավելի շուտ իշխանության ըմբռնման, անշուշտ նաեւ մարդու բնավորության հարց է: Ինչ վերաբերում է ամուսնացած եպիսկոպոսներին, նրանց հանդեպ դավանաբանական արգելքներ չկան, քանի որ առաջին դարում եղել են ամուսնացած եպիսկոպոսներ: Հետագայում եկեղեցին գերադասել է իր պետերին կուսակրոններից ընտրել եւ պետք է հարգանքով պահպանել եկեղեցական այս բարեշրջությունը: Չամուսնացած հոգեւորականն ավելի շատ է ներգրավված եկեղեցական արարողությունների, ինչպես նաեւ մտավոր, դաստիարակչական եւ վարչական գործունեության մեջ: – Հաճախ ասում են, թե այսօր աշխարհականացված մեր հասարակության կյանքի պայմաններում, սեռական պարկեշտության եւ կուսության ընտրությունն անհնարին է, որ դա ժամանակավրեպ բան է: – Մարդը միշտ այնպիսին է եղել, ինչպիսին այսօր է: Բոլոր ժամանակներում սեռական պարկեշտությունն այնքան դժվարին էր, որքան մեր օրերում: Եվ եթե նախկինում դա հնարավոր էր մեզ նման մարդկանց համար, ինչու՞ մեր ժամանակ չպետք է գոյություն ունենա: Մեր թուլությունները «ժամանակակից կյանքի» սխալներով ու պայմաններով արդարացնել չի կարելի: Եթե հասարակությունը փոխվել է, մարդը մնացել է նույնը, եւ եկեղեցու պատմության մեջ պարկեշտության հարցում միշտ էլ եղել են թուլության ու անկման դեպքեր, բայց նույնքան էլ հերոսական հաղթանակների դեպքեր: Մի խոսքով, ամեն ինչ կախված է նախ մարդուց, այլ ոչ թե ընկերային պայմաններից: Սեռական ուխտին հավատարիմ մնալու երդում տալով՝ պետք է ընդունել նաեւ դժվարությունները, այլապես ստանձնած պարտավորությունը կլինի ո՛չ լուրջ, ո՛չ արժանի, ո՛չ էլ ճշմարիտ: – Բարոյական հարցերից մեկը, որն այժմ ավելի բացահայտ է քննարկվում եկեղեցիներում, համասեռամոլությունն է: Համասեռամոլները իրենց իրավունքների ճանաչում են պահանջում ինչպես հասարակության, այնպես էլ եկեղեցու կողմից: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը համասեռամոլության նկատմամբ: – Յուրաքանչյուր դեպք առանձնաբար զննելով եւ յուրաքանչյուր մարդու հանդեպ հովվական հոգածություն ցուցաբերելով հանդերձ, եկեղեցին չի կարող համաձայնել, որ աստվածաշնչյան ուսմունքին ակնհայտորեն հակասող մի իրականություն դիտվի իբրեւ բնական երեւույթ: Չնայած նրան, որ համասեռամոլությունը միշտ գոյություն է ունեցել ինչպես եկեղեցում, այնպես էլ հասարակության մեջ, այդ երեւույթը միշտ շեղում է համարվել: Իսկ ինչու՞ պետք է այսօր այն ընդունենք իբրեւ բնական երեւույթ: Ամենաթողության այս ծայրահեղ դիրքորոշումը հանգեցնում է բարոյական հարաբերապաշտության, որն այլեւս անհնարին է դարձնում բարին չարից զատորոշելը: – Գիտատեխնիկական առաջընթացը եկեղեցու առջեւ դնում է բարոյական կարգի նոր հարցեր: Այսօր գիտությունը ի վիճակի է ստեղծել կենդանիների եւ բույսերի պատճենները: Հավանաբար մոտ ապագայում կկարողանա մարդուն նմանակել: Ինչպե՞ս եք վերաբերում դրան: – Ես խիստ բացասական եմ տրամադրված մարդկային կյանքի ոլորտում նման ձեռնածությունների հանդեպ: Եթե մարդուն կարելի է արտադրել կամ ստեղծել նման կերպ, ապա նա դադարում է մարդ լինելուց եւ վերածվում առարկայի: Գիտական հետազոտության ազատությունը չի կարող հակասել այն ազատությանը, որը մարդուն անհատույց տրված է կյանքի հետ, որի աղբյուրը Աստված է: – Ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին վերաբերում այլ դավանություններին: – Կրոնի ազատությունն ընդունված եւ երաշխավորված է մեր պետության Սահմանադրությամբ. յուրաքանչյուր քաղաքացի ազատ է դավանանքի ընտրության մեջ: Խնդիրն այն է, թե աղանդներն ինչպես են դրանից օգտվում: Հաճախ այդ կազմակերպությունների կողմից տարածվելու նպատակով գործադրվող տնտեսական եւ հոգեբանական միջոցներն առնվազն կասկածելի են: Երբ որեւէ մեկը փորձում է «գնել» մարդկանց հավատքը կամ նյութական օժանդակություն է ցուցաբերում աղքատներին՝ պահանջելով հարել իր աղանդին, այդ դեպքում խոսքը վերաբերում է խղճի ազատության իրավունքի անազնիվ շահագործման մասին, որը ինչ-որ ձեւով կապված է էկումենիկ շարժման մեջ ընդգրկված, բոլոր եկեղեցիների կողմից դատապարտված հարձակողական մարդորսության հետ: – Արդյո՞ք չի պատահել, որ Դուք մարտնչեք Աստծու դեմ: Երբեւէ չե՞ք ունեցել Աստծու հանդեպ ըմբոստության զգացում: – Եղել են պահեր, երբ ինձ մենակ եմ զգացել: Ինքս ինձ հարցնում էի, թե եկեղեցու եւ մեր ժողովրդի համար կարեւոր, առանձնապես օգտակար այս կամ այն ծրագիրն ինչու՞ չի իրականանում: Աստված որտե՞ղ է: Կասկածի, վարանման այդ պահը իմ փորձառության մասն է կազմում, սակայն ըմբոստացման իմաստով Աստծու դեմ չեմ մարտնչել: Աստված անհերքելի է, մենք է, որ չպետք է հեռանանք նրանից, որովհետեւ մենությունը դժոխքի նման է երկրի վրա: Մենության, լքվածության զգացողություն ես ունենում եմ հուսահատության պահերին: Րոպեներ են եղել, երբ ես զգացել եմ, որ հեռացել եմ Աստծուց, որ նա ինձ հետ չէ: Բայց, ի վերջո, միշտ էլ տեսել եմ, որ, իրականում, Աստված ինձ միշտ էլ առաջնորդում է նույնիսկ այդ պահերին: Կուզենայի կրկնել այն, ինչ ասել է Սուրբ Հովհաննեսը: Նրա պատվերը կձեւակերպեի հետեւյալ կերպ. 8221«Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը նրա, ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստծու կնիքն է կրում»: Պատրաստեց ՀԱԿՈԲ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել