Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաքճքած ներկապնակ

Օգոստոս 24,2002 00:00

Ճաքճքած ներկապնակ Մեծությունը նրա, ում դավաճանում են, ուղիղ համեմատական է դավաճանների քանակին ու որակին։ Կամ՝ դու սիրուց կմարես, կամ՝ սերն ինքը կմարի։ Տղամարդն աշխատում է, ճակատը քրտնում է, քրտինքը սրբում է թաշկինակով կամ վերնաշապիկի թեւքով, կինը լվանում է վերնաշապիկն ու թաշկինակը, լվացքաջուրը քրտնածծվում է, քրտնածծված լվացքաջուրը թափում են կոյուղի, այնտեղից էլ՝ գետի մեջ կամ ուղղակի ծովը։ Քրտնածծված ծովի ջրից աղ են պատրաստում, կինը ճաշի մեջ աղ է գցում, տղամարդը ճաշի հետ յուրացնում է աղը։ Տղամարդն աշխատում է, ճակատը քրտնում է… Կգա ժամանակ, երբ կհամարես, որ մահացել ես եւ քո փոխարեն ապրում է մեկ ուրիշը, որը շարունակում է քո գործունեությունը մինչեւ քո եւ իր փաստացի մահը։ Դժբախտությունները ոչնչացնում են մարդու կյանքը եւ բարձրացնում մահվան գնողունակությունը։ Ո՞ւր են կորչում մահվան տված գումարները։ Սիրում ես, որովհետեւ ունես սիրելու կարիքը։ Չարության ակունքներն են նաեւ նյութականի եւ զգայականի գերագնահատումը, չարագործության հասարակական մեխանիզմի մեջ ներքաշված լինելու անդառնալիության համոզմունքը… ինֆանտիզ սադիզմի իներցիան… միստիկ դիվոտվածությանը զինվորագրվելու գիտակցական քայլը… բարության երկրային գնահատանքների տարածքային հեռավորությունը կամ ենթադրյալ բացակայությունը… բարի մարդկանց գայթակղվելու փաստերը… Ի՞նչը կհաղթի մեր քաջ խորոզին, թե չլինի հավն ու գարին (նույն ինքը՝ գարեջրի մաման)։ ԳԱՅ-ի աշխատողը դրսի համարներից է ջոկում ավտոբուսներին, ուղեւորը՝ ներսի նկարներից։ Երկարակեցություն-կարճակեցություն, բարեկեցություն-չքակեցություն, բարակակեցություն- հաստակեցություն, իմաստակեցություն-աբսուրդակեցություն, հողեկեցություն-հոգեկեցություն, սիրակեցություն-ատելակեցություն, քաղցրակեցություն- դառնակեցություն.. մի բառով՝ խաղակեցություն։ Նախակոմունիստական կապիտալիստը եւ կոմունիստից սերած կապիտալիստը պտտում են պարանը, եւ գառը՝ ռուսեվարի՝ Բարանովկան, միջումը ցատկոտում է՝ մայելով՝ «մածուն, ոչխարի մածուն»։ Խիղճը ավելին է, քան օրենքը։ Աթեիստն այն խորթ հայրն է, որ հավակնություն ունի մարդուն սիրելու ավելին, քան Ինքը՝ Աստված։ Հոգեղենի գլխավոր հույսը մարդու աստվածային ակունքն է։ Կենդանականի լայն դուռն այնքան հաջողություն ունի, որքան որ ավելի հեշտ է խաբել երեխաներին։ Մեր երկրային կյանքը, հանդիսանալով որպես օղակ նախածննդյան անցյալի եւ հանդերձյալ ապագայի միջեւ՝ մեր վզի շուրջը փաթաթում ենք անգիտության մի օղակ, որ գնալով սեղմվելու է՝ ինքնակործանվելու մեր թեթեւամտության համապատասխան։ Մեծությունը նրա, ում դավաճանում են, ուղիղ համեմատական է դավաճանների քանակին ու որակին։ Կամ՝ դու սիրուց կմարես, կամ՝ սերն ինքը կմարի։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել