Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԿԱՆԳՆԵՑՆԵՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԻՄ…

Օգոստոս 24,2002 00:00

ԿԿԱՆԳՆԵՑՆԵՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԻՄ… Ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Փարավոն Միրզոյանը գտնում է, որ ինքը շատ հարմար է այդ պաշտոնում աշխատելու համար եւ ավելի շատ օգուտ կարող է բերել պատկերասրահին, քան մեկ ուրիշը։ Նա հայտարարում է, որ հանրապետությունում համարյա չկան թանգարանային գործի գիտակներ։ Իսկ եթե կան էլ, ապա մեկը, երկուսը։ Այդ քչերի թվում նա տեսնում է Լավրենտի Բարսեղյանին ու Հենրիկ Իգիթյանին, ովքեր էլ կարող են ղեկավարել նմանատիպ թանգարաններ։ Եվ այն, որ այս դրվագում իրեն բախտ է վիճակվել նման պաշտոն ստանալ, բոլորովին էլ զարմանալի չպետք է թվա, որովհետեւ ինքը ստեղծագործող, պրոֆեսիոնալ արվեստագետ է։ Փ. Միրզոյանը ներկայումս շատ հեղափոխականորեն է տրամադրված. նպատակ ունի մի շարք նորամուծություններ կատարել պատկերասրահում։ Քանի որ «ստացել է տպավորություն, որ կառույցը, ընդհանուր առմամբ, մինչ իր ղեկավար նշանակվելը լավ չի աշխատել եւ, կազմակերպչական առումով, շատ բան բաց է թողնվել»։ Դրա համար էլ որոշել է կրճատել իրենց չարդարացրած աշխատակիցների 30%-ին։ Ի դեպ, Փ. Միրզոյանը որոշել է նախագահի նորերս խոստացած 25 հազար աշխատատեղ բացելու գործում իր լուման ունենալ. «Ինձ պետք են շատ թանգարանային մասնագետներ, արվեստաբաններ, որոնց պատրաստ եմ աշխատանքի ընդունել, եթե, իհարկե, կհամաձայնեն 9-15 հազար դրամով աշխատել»։ Փ. Միրզոյանի կարծիքով, ժամանակն է, որ կառավարությունը մտածի պատկերասրահի ցածր աշխատավարձերի մասին. «Եթե վարչապետն ու նախագահը ունենան լավ խորհրդատուներ, որոնք պրոֆեսիոնալ ձեւով կներկայացնեն պատկերասրահի խնդիրները, ամեն ինչ այլ կերպ կդասավորվի»։ Նա մտադիր է նաեւ առաջիկայում ստեղծել հրատարակչություն՝ պատկերասրահի համար, կազմակերպել դասախոսություններ, էքսկուրսիաներ այս կամ այն խավի համար. «Օրինակ, ինչո՞ւ դասախոսություններ չլինեն հենց շինարարների համար։ Թող նրանք էլ գան ու ծանոթանան 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչությանը»։ Պատկերասրահի տնօրենը պնդում է, որ դպրոցներում պետք է վերականգնվի աշակերտներին թանգարան ու պատկերասրահ տանելու ավանդույթը, իսկ եթե տոմսերը թանկ են համարում, թող ԿԳ նախարարությունը մտածի ու վճարի։ Փ. Միրզոյանը այն կարծիքին է, որ պատկերասրահի շենքը հեռու է միջազգային չափանիշներին համապատասխանելուց։ «Այդպիսի շենքը, լավագույն դեպքում, կարող է ծառայել իբրեւ ցուցասրահ։ Այ, ԱԺ շենքն է համապատասխանում պատկերասրահ լինելուն»,- ոգեւորվում է նա։ Փ. Միրզոյանը հավաստիացնում է, որ Ազգային պատկերասրահի 12 մասնաճյուղերից մի քանիսը շատ ծանր վիճակում են։ Օրինակ, ջրով հարուստ Ջերմուկի մասնաճյուղը ջուր չունի, Սիսիանինը՝ ջրաչափ, Էջմիածնի մասնաճյուղում տանիքն է քանդվում։ Սրանք դեռ բոլորը չեն։ Իր՝ պատկերասրահի մայր շենքում էլ բազմաթիվ պրոբլեմներ կան։ Տնօրենի կարծիքով, զուր էին ժամանակին գլուխ գովում, թե Ազգային պատկերասրահը ԽՍՀՄ հանրապետությունների շարքում 3-րդ տեղն է զբաղեցնում, այն դեպքում, երբ մինչեւ հիմա կարգին հեռախոսակապ էլ չունի. «Պատկերացնո՞ւմ եք, եթե մեկը 9-րդ հարկում նկար ճղի, պահակակետը չի իմանա։ Կամ եթե վերեւում մեկն ուշաթափվի, ներքեւում ո՞նց տեղյակ լինեն»։ Ըստ Փ. Միրզոյանի, չկան սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր լինի, հարկ եղած դեպքում, մարմարյա ծանր քանդակները մի սենյակից մյուսը տեղափոխել։ Այդ պատճառով էլ որոշ քանդակների եզրեր վնասվել են։ Տեղեկացանք նաեւ, որ ընթացող շինարարական աշխատանքների կապակցությամբ պարոն Միրզոյանը համապատասխան առաջարկություններ է արել ջեռուցման ու օդափոխիչների վերաբերյալ, խնդրել է ժամանակակից օդափոխիչներ տեղադրել գոնե առաջին հարկում։ Հակառակ դեպքում, ըստ նրա, որեւէ երկիր Ազգային պատկերասրահին նկարներ չի տրամադրի ցուցադրության համար։ Այժմ ձեւավորվում է նաեւ գիտխորհրդի նոր կազմ, որը պիտի իր վճռական խոսքն ունենա այսուհետեւ, որոշի, թե ում նկարներն արժե ցուցադրել, ումը՝ ոչ։ Օրինակ, ինքը շատ-շատերին չի ցուցադրելու։ Այդպե՛ս է որոշել։ Փոխարենը փորձելու է նոր աշխատանքներ գնել (չգիտես ինչ միջոցներով) ու մեծարելու է ժամանակակից արվեստագետներին, քանի որ կարծում է, որ մարդուն հարկավոր է գնահատել կենդանության օրոք։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել