Լրահոս
Օրվա լրահոսը

Պտույտ մը Երուսաղեմին մեջ

Օգոստոս 24,2002 00:00

Պտույտ մը Երուսաղեմին մեջ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը արդեն երկար տարիներ տեղի դպրանոցում ուսանելու է տանում հայաստանցի պատանիներ։ Վարժարանը երկու տարի հետո կնշի իր հիմնադրման 160-ամյակը։ Ժառանգավորաց կոչվող կրթահամալիրն ունի վարժարան եւ ընծայարան։ Վարժարանն ավարտելուց հետո, շրջանավարտը կատարում է ընտրություն՝ մտնել ընծայարան, թե ոչ։ Այստեղ պատրաստում են կուսակրոն քահանաներ, որոնք դառնում են Երուսաղեմի միաբանության անդամներ՝ կոչված ծառայելու սրբ. Հակոբ վանքում եւ հայապատկան այլ սրբավայրերում։ Ուսանելու մեկնած երեխաները հիմնականում 14-15 տարեկան պատանիներ են, որոնք ընտրվում են Հայաստանի տարբեր շրջաններից եւ Երեւանից։ Ծնողները, որոնք իրենց երեխաներին ցանկանում են տեսնել արտասահմանում ուսանելիս, շատ հաճախ հաշվի չեն առնում մի հանգամանք՝ չնայած այն բանին, որ այնտեղ յուրաքանչյուր երեխայի ուսման եւ ապրուստի վրա ծախսվում են բավականին մեծ գումարներ, որ նրանք ամեն բանով ապահովված են եւ գտնվում են հուսալի ձեռքերում, երեխաները գնում են վանք, որ Երուսաղեմի դեպքում փակ հաստատություն է։ Ծնողների եւ երեխաների մեծ մասը չի պատկերացնում ուր են գնում եւ ինչու։ Սա հարցի ամենացավոտ կողմն է եւ որպեսզի չլինեն այդ թյուրիմացությունները, հարկ է, որ այս ամենին լուրջ նայի ե՛ւ ԿԳ նախարարությունը, ե՛ւ Մայր աթոռը։ Երուսաղեմի դպրանոցում կյանքը խիստ կանոնակարգված է եւ հեշտ չէ։ Օրերը հագեցած են, այնպիսին են պահանջները, որ դժվար թե մեզ մոտ հնարավոր լինի ամբողջական պատկերացում ունենալ։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ ծնողները այս հարցերին ցուցաբերում են անլուրջ մոտեցում, ելնելով ե՛ւ տնտեսական, ե՛ւ հոգեբանական իրենց վիճակից, անշուշտ։ Սակայն նպատակային հատուկ որոշման բացակայությունը երեխաներին դրդում է որոշ ժամանակ անց փախչել վանքից, այնտեղ չգտնելով հայաստանցու անգործ կյանքը։ Քչերն են, որ հաղթահարում են դժվարությունները եւ ուսանում մինչեւ վերջ։ Եթե պատրիարքարանին այս հարցը հուզում է, քանզի նրանք ծախսում են բավականին մեծ գումարներ եւ չեն հասնում ցանկալի արդյունքի (գումարները հայ եկեղեցին կարող է ծախսել ավելի նպատակային եւ արդյունավետ), ապա ավելի քան պիտի հուզի մեզ, քանի որ երեխաները փախչելով վանքից, հայտնվում են փողոցում, որը եւ վտանգավոր է, եւ անցանկալի։ Այդ երկրում մանր աշխատանքները լավ են վարձատրվում եւ էժան աշխատուժի կարիք կա։ Նրանք էլ մնում են աշխատելու։ Անվճար մեկնումը, Հայաստանում ապրող իրենց հարազատների տնտեսական ծանր վիճակը, աշխատանքի բավական բարձր վարձատրումը նպաստում են, որ երեխաները հարմարվեն եւ ապրեն անլեգալ ու պատահական պայմաններում։ Եվ գոյանում է արտագաղթի մի նոր տեսակ։ Այս տարի դպրանոցի տեսուչ Հ. Պարետ Երեցյանը հայտարարել է, թե պիտի ստորագրվի երկկողմանի պայմանագիր, ըստ որի ծնողը պարտավորվում է չհարմարվելու դեպքում հոգալու բոլոր ծախսերը, որ կատարվել են երեխայի վրա, ներառյալ վերադարձը։ Դպրանոցն ունի ուսանողների կարիք, հոգեւորականների պահանջ կա Երուսաղեմի հայոց միաբանությունում, սակայն ավելի ճիշտ չի՞ լինի ուսանելու տանել երիտասարդների, որոնք հստակ կողմնորոշում ունեն եւ հավանաբար բարդություններ չեն հարուցի։ Ինչեւէ, ծնողների եւ, ինչու չէ, նաեւ համապատասխան կազմակերպությունների անլուրջ մոտեցման պատճառով, տուժում են եւ երեխաները, եւ դպրանոցը։ Վերադարձած երեխաներն էլ բավականին դժվարությամբ են ընտելանում այստեղի կյանքին, անգամ մեկ տարի բացակայած երեխաների կյանքում բեկում է լինում։ Ինչ-որ կարոտ է տանջում նրանց։ Եվ որպեսզի այս ամենը տեղի չունենա, հարկ է, որ հատկապես ծնողները պատասխանատվությամբ նայեն այս հարցին եւ չդիտեն այն իբրեւ «Պտույտ մը Երուսաղեմին մեջ»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել