Ինչպե՞ս է փող մուրում ռուսը Ռուս մարդը մուրում է արժանապատվությամբ: Նա ձեռքը չի մեկնում հնարավոր բարերարին: Նա մտնում է մետրոյի վագոն եւ գրեթե գովազդում փող ունենալու իր կարիքը: Նա բարձրաձայն, առանց խղճահարություն հարուցելու, ասում է, որ ինքը երկրորդ կարգի հաշմանդամ է, որ իր որդին զոհվել է Աֆղանստանում եւ դրանից բացի ունի հոգեկան հիվանդ երկու թոռնիկ: Ռուս մուրացիկը հայտարարում է, ոչ թե՝ տեղեկացնում: Փոքրիկ երեխան ոտքերի մոտ գլխարկը դրած Աննա Ախմատովա է արտասանում: Նա ուզում է զարմացնել: 10-ամյա աղջիկը մետրոյի «Արբատ» կայարանում կանգնած է հետեւյալ ցուցանակով. «Իմ սիրելի մայրը տնից վռնդել է ինձ եւ իմ հայրիկին: Փող տվեք, որպեսզի ապրենք»: Մոսկովյան հարբեցողները մուրում են առանց ցուցանակների եւ սուսուփուս: Ընդ որում՝ նրանց երբեք հարբելիս չես տեսնի: Նրանք ամենուր արդեն հարբած են: Օրվա ցանկացած ժամին, դժվար է ասել, թե նրանք երբ են խմում: Ոչ մոսկվացու համար այդ քաղաքում տեղաշարժվելը հետապնդվում է օրենքով: Այսինքն, ցանկացած պահի ցանկացած ոստիկանի պարտավոր ես հաշվետու լինել, թե ի՞նչ ես անում Մոսկվայում: Այդ պայմաններում ռուսական հողի վրա շատ դժվար է նայել ռուս հարբեցող մուրացկանին փող խնդրելիս եւ մտածել, որ փող չտալով՝ դու իրավացի ես: Իբր, քանի՞ գլխանի ես, սեւ մարդ, որ իմ հողի վրա ինձ հրաժարվում ես գումար տալ: Ռուս մարդը նախկին ԽՍՀՄ-ականին իր հողի վրա ընդունում է վերջինիս գոյության երաշխավորի քմահաճույքով: Կարող է աչքը թեքել եւ դու՝ միայնակ Մոսկվա ընկածդ, անզորությունից քեզ կկորցնես բոլոր ազգերի այդ քաղաքում: Ճիշտ նույն պատճառով, Հայաստանից մի քանի օրով Մոսկվա ընկած մարդը անիրավացի է դառնում «Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես» մետրոյի կայարանի ռուս հանցագործի առաջ, որը կայարանի շուկայում հարյուրավոր մարդկանց առաջ ձեռքը գցում է վզովդ եւ ուղղակի փորձում քեզ մի անկյուն քարշ տալ: Ի դեպ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մի նախկին աշխատակից վստահեցրեց, որ ԺՏՆՑ կայարանի շուկայի առեւտրի «կռիշան» ՀՀ դեսպանատունն է: Այսինքն, մոսկովյան հանցավոր խմբավորումներն այս շուկայի հետ գործ չունեն: Այս նույն շուկայում մոլեգնում է խմբակային մուրացկանության մի այլ տեսակ: Ասենք, մի կին սիրալիր եւ գրական ռուսերենով հարցնում է, թե ես ինչ-որ բան լսե՞լ եմ «Սմակ» հեռուստածրագրի եւ Անդրեյ Մակարեւիչի մասին: Այո: Կեցցես, շարունակում է կինը, այդ առթիվ մեր կազմակերպությունը քեզ նվիրում է այս արտասահմանյան արդուկը: Հետո կինը հարցնում է, թե ես գիտե՞մ Յուլյա Մենշովային: Լսել եմ: Հրաշալի է, այդ առթիվ մեր կազմակերպությունը քեզ է նվիրում խոհանոցային պարագաների այս հավաքածուն: Ու մի հսկա արկղ է տալիս ձեռքս: Հետո կինը չգիտես ինչու հարցնում է, թե ես գիտեմ, ով է 1140 թվականին հիմնադրել Մոսկվա քաղաքը: Պարզ է, Յուրի Դոլգորուկին: Փայլուն է, այդ առթիվ կազմակերպությունն ինձ է տալիս մազերի չորացուցիչ: Հետո կինն իմ միջոցով փորձում է պարզել, թե քանի ռուբլու ապրանք ինձ նվիրեց: Ես դժվարանում եմ ասել: Նա ասում է՝ 11 հազար ռուբլու ապրանք: Հետո չափազանց քաղաքակիրթ հարցնում է, թե բարի չե՞մ լինի, եթե այդ ապրանքի արժեքի 30 տոկոսը վճարեմ իրեն: Ոչ, բարի չեմ լինի: Նա ասում է, որ այդ գումարն իրենց կազմակերպությունը հատկացնում է Աֆղանստանի եւ Չեչնիայի պատերազմում զոհվածների ընտանիքներին: Միեւնույն է, բարի չեմ լինի: Նա նվերները ձեռքին ինձ հրաժեշտ է տալիս: Ընդհանրապես դժվար է ասել, թե այս քաղաքում ինչից մուրացկանության հոտ չի գալիս: Առեւտուր անելիս հասկանում ես, որ քո գումարով որոշվում է ինչ-որ մեկի գոյության հարցը: Հիմնականում երիտասարդ աղջիկներ եւ տղաներ քեզ խնդրում են այցելել իրենց խանութ, սրճարան կամ խաղասրահ: Նրանք այդ բանն անում են ամեն օր: Երեւանում ոչ ոք քեզ չի խնդրում փող ծախսել: Միաժամանակ Մոսկվայում ոչ ոք քեզ անակնկալի չի բերի իր ապրանքի գնով, սակայն երբ հարցնում ես որեւէ ապրանքի մասին, վաճառողը չի տեղեկացնում՝ ունի՞ քեզ հետաքրքրող ապրանքից, թե՞ ոչ: Նա միանգամից ասում է, թե ինչ արժե այն: Հյուրը Մոսկվայում չի կարող խնայել իր դրամը: Հյուրանոցի ադմինիստրացիան զգուշացնում է, որ պատասխանատու չէ համարներից կորած գումարի կամ թանկարժեք իրերի համար: Իսկ փողոցներում եւ տրանսպորտում պետք է «գրպանդ պինդ պահես»: Մոսկվայում հայ մարդը ոչ թե սիրում է Երեւանը, այլ զգում է, թե որտեղ իմունիտետ ունի իր հանդեպ ոտնձգության: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ