Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐԵԶԻԴԵՆՏԻՆ ՃՈՐՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ

Օգոստոս 24,2002 00:00

ՊՐԵԶԻԴԵՆՏԻՆ ՃՈՐՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ «2-3 ամիս հետո կիմանաք՝ Երիցյանն ով է եղել մեր պետության ու ավիացիայի համար»,- ՀՀ ՔԱԳՎ նախկին պետ Հովհաննես Երիցյանի այս ասածին, իհարկե, ոչ ոք չի կասկածում: Մինչ այդ, թե պարոն Երիցյանին, թե ողջ հայ ժողովրդին երկրի բարձրագույն իշխանությունները մեծ լավություն արեցին՝ նրան օր առաջ ազատելով զբաղեցրած պաշտոնից, այլապես՝ «մի քիչ շատ մնայի էդ պաշտոնում, չգիտեմ՝ ինձ ինչ վիճակում պիտի դուրս բերեին: Վարչությունից ինձ ուղիղ պիտի տանեին կամ հիվանդանոց, կամ գերեզմանոց (թու, թու, թու, հեռու պարոն Երիցյանից-Ա. ՈՒ.)»: Բայց «այս մի քանի օրն արդեն կարգին սկսել եմ քնել: Ես 4-5 ժամ արդեն կարում եմ քնել: Գիշեր- ցերեկ նատուրալնի համբալ էի»: Քանի որ բախտներս բերել է, մի շարք հարցերի շուրջ հեռախոսով պարզաբանումներ խնդրեցինք Հ. Երիցյանից: Ընդհանրապես, ինչպես նկատեցիք, պարոն Երիցյանի խոսքի ողջ հմայքն ընթերցողին փոխանցելու համար գրեթե առանց խմբագրումների ենք մեջբերում այն: «Առավոտին» հայտնի են դարձել պարոն Երիցյանի՝ հայկական ավիացիային «անմնացորդ նվիրվածության» մասին վկայող մի շարք մանրամասներ: Մամուլի հրապարակումներից արդեն հայտնի է, թե մեծ շուքով Հայաստան մուտք գործած VG ավիաընկերության ներկայությունն ինչ արժեցավ «Հայկական ավիաուղիներին»: Նախ, փակվեց Երեւան-Ամստերդամ-Երեւան չվերթը, նախապատրաստվում էր փակվել Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւանը, հերթը Երեւան-Փարիզ-Երեւանինն էր լինելու: Թեեւ «ՀԱՈՒ»-ի վիճակն առանձնապես հիացնող չէ, այնուամենայնիվ, այս քայլերի իրականացումը մեր պետական ավիաընկերության «մահապատիժն» էր նշանակելու: «Այդ պետական ավիաընկերությունը 1 ամիս հետո չենք ունենալու»,- «նավսեց» պարոն Երիցյանը, ապա դրա իրականացման համար ավելի ուշ խոսակցության ընթացքում տարբեր ժամկետներ նշեց՝ «այս մի քանի օր»-ից մինչեւ «9 ամիս»: Նա չնշեց, թե դրանում նաեւ ում մեղքի մեծ բաժինը կա: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ VG-ն ինքնուրույն չէր կարող նման «դվիժենիներ» անել մեր շուկայում, եթե Հայաստանի որոշ իրավասու պաշտոնյաներ չօգնեին նրան: Մյուս կողմից, մեծ, շատ մեծ համարձակություն է պետք պետության դեմ գործելու համար: Բայց հայտնի է, որ Հայաստանը համարձակ մարդկանց պակաս չի զգում, ուստի գտնվել են այդպիսիք: Ըստ «Առավոտի» աղբյուրների, հիշյալ ավիաընկերության հայաստանյան գործընկերոջ՝ VG AA -ի հիմնադիրները եւ բաժնետերերը հայեր են, որոնցից մեկը Հովհաննես Երիցյանն է: Փաստորեն, լինելով ՀՀ ՔԱԳՎ պետ եւ կոչված լինելով եթե ոչ զարգացնել, ապա գոնե պահպանել եղածը, պաշտպանել մեր երկրի շահերը, նա պաշտպանել է իր սեփական շահերը: Որքան էլ անսպասելի էր, պարոն Երիցյանը չհերքեց մեր ունեցած տեղեկությունը, բայց դրա վերաբերյալ սեփական մեկնաբանություններն ուներ. «Ես այդ ընկերության պրեզիդենտն եմ, նեյտրալնի ֆիգուրա եմ, եկամուտ, շահույթ չունեմ»: Բայց որտեղ է լսված, որ մի կոմերցիոն ընկերության պրեզիդենտը տանջվի, չարչարվի, ջանք ու եռանդ չխնայի դրա եկամուտներն ապահովելու համար եւ դրանից նրան մի կոպեկ անգամ չտան. «Պրեզիդենտը ըտենց չի, է՜, պրեզիդենտը պետք է հետեւի, որ օբշի պրագրաման կատարվի, դա ֆինանսական բան չի»: Սա հանուն հայրենիքի կնքված գործարք է, բայց որոշ ապերախտներ չհասկանալով, դա բիզնես են որակում: Ըստ պարոն Երիցյանի, «Ծրագրի իրագործման մասին է խոսքը: Տարբեր հասկացություններ են: Ծրագիրը որ մշակվում է՝ Սփյուռքը Հայաստանին կապելու համար է: Մեկի համար դա կարող է բիզնես է, բայց ինձ համար դա բիզնես չի, այլ որ ժողովուրդը կապի իրար»: Սա ընկալելու համար երեւի այս բոլոր ապերախտներիս էլ էր անհրաժեշտ օգտվել Երեւան-Լոս Անջելես-Երեւան վերջին չվերթից, Հ. Երիցյանի հետ. «Ես այդ մարդկանց արցունքը (ուրախության) տեսել եմ: Չէր հավատում մարդը, որ այդ նիսչաստնի 950 դոլարով կգա Հայաստան, որ այդ զրկանքներից պրծել է: «Շերեմետեւոյում» ինչ ունիժենիաներ էին տանում: Մի 2-3 հատ դագաղ էին դրել, որ Հայաստանում թաղեն: Ասեք, առաջ քանի պասադկայով… առաջ կարո՞ղ էին բերել»: Հայրենիքի համար ուրախությունից լացելու եվ դագաղներ բերելու փոխարեն թող իրենք գան ապրեն. «Գալու են: Նա երկիր չի: Լավին է գնալու: Բայց առաջինը կամուրջն է, որ մարդիկ տեսնեն պոզիտիվ կա՞, թե՞ չկա: Հիմնադիրները տակ են տալու, բայց սա կյանքի կամուրջ է»: «Առավոտի» տեղեկություններով, համագործակցության պայմանագիրը Հովհաննես Երիցյանը կնքել է ՔԱԳՎ անունից, հանդես գալով երկու կողմից էլ, ինչը նույնպես չհերքեց, բայց նախ՝ «Ոչ, այդպիսի բան չկա, այն չեղյալ է համարվել դեռ ապրիլի 28-ից», ապա՝ «դա կոմերցիոն չէր, այլ որ համագործակցենք, որ երկար բանակցություններից հետո Հայաստան գան»: Իսկ շահավետ չվերթե՞րն ում ջանքերով փակվեցին, ինչը խիստ շահավետ էր այն մրցակից ընկերության համար, որի պրեզիդենտն եք Դուք. «Ա, ուրիշ երկիր եք գնում: VG AA-ը կապ չունի դրա հետ: Ամստերդամը փակվել է ապրիլի 1-ին, VG -ն գործել է հուլիսի 30-ից»: Դա VG AA-ի համար նախապատրաստություն չէ՞ր. «Ով որ ձեզ ասել է՝ գլուխը քարին է տվել: Ամստերդամը այդպիսի օդանավեր (երեւի սովետական արտադրության-Ա. ՈՒ.) չի ընդունել»: Իսկ Ֆրանկֆուրտի չվերթն ընդհանրապես «անկապ երեւույթ է», «Ֆրանկֆուրտը 840 դոլարի պարտք էինք, ասացին կամ փողը պիտի տաք, կամ չեք թռնի»: Ու վարչությունը որոշել էր փակել, ինչին, մեր տեղեկություններով, խանգարել են նախագահի ապարատից, Դավիթ Հարությունյանի միջամտությամբ, որոնք նույնպես չեն ուզում, որ հայկական ավիացիան զարգանա: Իսկ ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ ՀԱՈՒ-ի Եվրոպայի ուղղությամբ չվերթերն իրականացնում են ռուս օդաչուները. «նրանով, որ Ռուսաստանում օրենք կա, ըստ որի առանց իրենց օդաչուների, օդանավերը վարձակալության չեն տալիս»: Բայց ամբողջ աշխարհում է այդ կարգը գործում՝ որոշակի վերապահումներով. եթե որեւէ երկիր չի ընդունում վարձակալության դրույթներից մեկը, ապա վարձակալը զրկվում է կոմիսիոն վճարից: Մարդն այսքան նվիրված է մեր պետությանը, իսկ նրան խրախուսելու փոխարեն քննադատում են, ազատում աշխատանքից. «Երիցյանին շատ եք քարկոծել, սկզբից կռիվ էի անում, հետո ասացի ու՞մ հետ եմ կռիվ անում: Ամենակարեւորը, այն ոլորտում, որտեղ աշխատել եմ, ապրոս արեք, ինձ ոչ թե գնահատել են, այլ սրբի տեղ են դրել: Հետ դառեք 2 տարի առաջ եւ տեսեք ինչ է եղել: Գնացեք, տեսեք»: Մենք, իհարկե, մեծ սիրով, բայց, պարոն Երիցյան, Դուք շատ լավ գիտեք, որ Ձեր կողմից հաստատված դրվածքի շնորհիվ մենք այդ հնարավորությունը չունենք: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել