Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ԵՆ «ԳՈՐԾՈՒՄ» ԱՅՍ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ

Օգոստոս 24,2002 00:00

ՈՎՔԵՐ ԵՆ «ԳՈՐԾՈՒՄ» ԱՅՍ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ Նախորդ շաբաթ օրը այս նույն էջում տպագրել էինք Կենտրոնական ՆԳ բաժնի վարչական տարածքի այգիներում գործող բացօթյա սրճարանների ու օբյեկտների մի աղյուսակ, որը վավերացված է Կենտրոնական ՆԳ բաժնի պետ, միլիցիայի փոխգնդապետ Աշոտ Միրիջանյանի անունով։ Սակայն, դեռ փաստաթուղթ-աղյուսակն ամբողջությամբ չտպագրած, «Իրավունք» թերթի լրագրողի պարզաբանմանը, թե Կենտրոնի ՆԳ բաժնում ինչ նպատակով է կազմվել այդ ցուցակը, Ա. Միրիջանյանը հայտնել է, որ ցուցակի վերջում դրված ստորագրությունը ոչ իրենն է, ոչ էլ իր տեղակալներից որեւէ մեկինը։ «Ես այդպիսի ցուցակ կազմելու կարիք երբեւէ չեմ ունեցել, քանի որ այդտեղ նշված բոլորին 5 մատիս պես գիտեմ, եւ ընդհանրապես այդ ցուցակները թաղայինի մակարդակի բան են»,- ասել է Ա. Միրիջանյանը։ Պրն Միրիջանյանի այս պատասխանը մեզ նույնպես հետաքրքրեց։ Այն, որ գոյություն ունի այդ աղյուսակ-փաստաթուղթը՝ անհերքելի է, ավելին՝ տպագրվում է մեր թերթի էջերում։ Եթե պրն Միրիջանյանը հանդես է գալիս հերքումով, թե դա իր ստորագրությունը չէ, ապա նա պետք է դիմի դատական ատյաններին, ինչպես նաեւ պետք է հետամուտ լինի՝ պարզելու իր անունից կատարված զեղծարարությունը, որի ընթացքին մենք նույնպես կհետեւենք մեր հրապարակումներով։ Հիշեցնենք մեր ընթերցողին, որ այս աղյուսակ- փաստաթուղթը ընդգրկում է 106 օբյեկտների ցանկ, տեղակայված՝ Օղակաձեւ զբոսայգու հատվածներից մինչեւ Խ. Աբովյանի անվան այգի, այդ թվում՝ Ազատության հրապարակ, Թատերական զբոսայգի, Հրազդանի կիրճ եւ այլն։ Ցուցակում նշված են սրճարանների անունները, հասցեները, տնօրենների տվյալները եւ, ամենահետաքրքիրը՝ օբյեկտների հովանավորների անունները կամ մականունները… Ինչ խոսք, նման թեկուզեւ ներքին օգտագործման փաստաթղթերը կազմվում են բարձրաստիճան չինովնիկների հանձնարարականներով եւ ոչ թե ՆԳ բաժինների պետերի մակարդակով։ Մեր տեղեկություններով, նման հանձնարարականներ տրվել են ՆԳ տարածքային բոլոր ստորաբաժանումներին եւ խնդիրը միայն Կենտրոնի ՆԳԲ-ն չէ։ «Առավոտը» հետագայում կհրապարակի նաեւ ՆԳ տարածքային մնացյալ ստորաբաժանումներին տրված հանձնարարականների որոշ հետեւանքներից։ Ընդ որում, նման փաստաթղթերը ՆԳ աշխատակիցների գործունեության համար, որոնց աշխատանքը հանցագործությունների դեմ պայքարն է, առանձնապես պետքական նյութ չեն, այլ այսօրինակ բովանդակությամբ ցուցակների փաստաթղթերով, թերեւս, առաջնորդվում են հարկային, անվտանգության մարմինները։ Հենց այս մարմիններին են հետաքրքրում հանրապետության, հատկապես Երեւանի օբյեկտների «տանիքները»։ Մեր տեղեկություններով, այս փնթի կազմված ցուցակի հրապարակումը շատերին է անհանգստացրել։ Այսինքն՝ բոլորին է հետաքրքրում ցուցակի ստեղծման եւ օգտագործման նպատակը։ Շատերն էլ, ինչ խոսք, կփորձեն ցուցակի «պատվիրատուների» դեմ իրենց զայրույթը թափել նմանատիպ ցուցակներ կազմողների, այսինքն՝ հանձնարարությունները կատարողների գլխին, մանավանդ որ ՆԳ նախարարության վերակազմավորման այս գործընթացներում եւ ընտրությունների նախաշեմին «կադրային առուծախեր» են սպասվում այդ ոլորտում։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել