Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր պատգամների ժառանգորդը»

Օգոստոս 24,2002 00:00

«Լուսավոր պատգամների ժառանգորդը» «Հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման խնդիրը քննարկման ենթակա չէ. դա այնքան պարզ ու հստակ ճշմարտություն է, որն այլընտրանք չունի»: Միայն կոմունիստական ոգուն հայտնի եւ հատուկ պաթոսով երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան հայտարարեց իր նախնիների՝ ռուսական կողմնորոշման գաղափարի հեղինակների «լուսավոր պատգամների ժառանգորդ», ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը։ Ռուսաստան-Բելառուս հնարավոր միության քայքայման վերջին արձագանքներն անգամ անզոր են հայ կոմունիստական հավատամքի դեմ. «Միությունը պետք է կազմավորվի, որովհետեւ այն տնտեսական դժվարությունները, որ ունեն հետխորհրդային հանրապետությունները, համատեղ ջանքերով պետք է լուծվեն։ Ուստի պաշտպանական եւ տնտեսական համակարգը միասնական պետք է լինի»։ Եվ, վերջապես, «այն մոտ 3 մլն հայերի ճակատագիրը», որոնք այսօր բնակվում են Ռուսաստանի տարածքում, ՀԿԿ-ին պարտադրում է անկոտրում կամք դրսեւորել՝ «ավելի մոտ լինենք Ռուսաստանին»։ ՀԿԿ-ին վրդովեցնում է, որ «թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում միշտ էլ եղել են ուժեր, որոնք Արեւմուտքի ճնշման տակ անընդհատ խանգարել են միության կազմավորմանը», բայց Ռուսաստանի ժողովրդահայրենասիրական ուժերի՝ հարազատ կառավարության հրաժարականի պահանջով նախաձեռնած ստորագրահավաքը ՀԿԿ առաջնորդին ոչ թե հույս, այլ համոզմունք է ներշնչում, որ «դա մեծ հարված է լինելու նրանց, ովքեր լծվել են միությունը քայքայելու գործին»։ Այս հարցն ընկեր Դարբինյանն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից սահմանափակեց թումանյանաբար. «Մենք ոչ թե առանձին իշխանավորների հետ ենք, այլ ռուսական պետության եւ ռուս ժողովրդի»։ Իսկ իշխանավորներին հնազանդվելու անհրաժեշտության, թեկուզեւ՝ ժամանակավոր, փաստին ընկեր Դարբինյանն այսպես արձագանքեց. «Հավասարության սկզբունքով, Ռուսաստանի եւ Բելառուսի օրենսդիր մարմինների կողմից այսօրվա գործունեության պայմանագիրը ստորագրված ու հաստատված է։ Պուտինը խոսում էր ապագա՝ մի կենտրոնով միասնական պետության մասին»։ Իսկ այ, այստեղ, ՀԿԿ-ն տղամարդավարի է մոտենում հարցին. «Մենք կողմ ենք հավասարների միության սկզբունքին»։ Ինչ վերաբերում է տեղական՝ ձախ ժողովրդահայրենասիրական դաշտին, ընկեր Դարբինյանը պաշտոնապես հայտարարեց, որ դաշինքն առայժմ ձեւավորված չէ, ուստի նաեւ ավելորդ համարեց առաջիկա ընտրությունների ժամանակ սպասվող հնարավոր զարգացումների մասին խոսելը։ Դաշինքի խնդիրն, ի դեպ, ընտրությունների ժամանակ իշխանափոխության հասնելն է լինելու, ընդ որում, ըստ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի, հարցը դիտարկվում է ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության համատեքստում։ Եվ այդ տրամաբանությամբ արմատական փոփոխություններ են նախատեսվում երկրի արտաքին ու ներքին քաղաքականություններում, Սահմանադրությունում, կառավարման նախագահական համակարգից անցում խորհրդարանական համակարգի, շուկայական հարաբերություններում պետության կարգավորիչ դերի ամրագրում եւ այլն։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Կանխավ ակնկալում եմ ընկեր Դարբինյանի քարտուղարուհու ներողամտությունը, որը «սպառնաց» այլեւս ՀԿԿ գրասենյակ մուտք ունենալու հնարավորությունից զրկել, եթե ընկեր Դարբինյանի ասածների թերթային մեկնաբանություններն իրեն՝ քարտուղարուհուն, չբավարարեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել