«ՆՐԱՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ՈՉ ՀԱՐՄԱՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ» Որպեսզի հաղթես ահաբեկիչներին, չպետք է վախենաս ահաբեկչությունից, առանձնապես, երբ խնդիրը վերաբերում է հայրենիքիդ։ Երբեք հնարավոր չէ ինձ հարկադրել, որ ներում խնդրեմ կամ կարծիքս փոխեմ, թե ով, ինչպես եւ ինչու կազմակերպեց «Հոկտեմբերի 27»-ը։ Ավելի լավ է մեռնեմ գլուխս բարձր պահած՝ մեր երկրի ապագայի նկատմամբ անհողդողդ հավատով, քան համաձայնեմ ստրկության մեջ ապրել եւ հրաժարվեմ ինձ համար սուրբ սկզբունքներից։ Կգա օրը եւ պատմությունը կասի իր խոսքը։ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության պատվերն ընդունվել է մի քանի տարի առաջ։ Դրսում շատ լավ գիտեին, որ եթե հայն անկախություն է ձեռք բերում, նրա ուղեղում առաջինը դավաճանության ջիղն է արթնանում։ Ո՞վ էր լինելու զոհը. պարզ է, որ «Միասնություն» դաշինքը, որը հաղթեց եւ հռչակեց իր քաղաքական եւ սոցիալական ծրագրերը. «21-րդ դարը մերն է լինելու» եւ ունենալու ենք հզոր հայրենիք։ Ովքեր անվստահությամբ ընդունեցին եւ կարծում էին, որ հզորանալն անհնարին է եւ իրական չէ։ Բայց նույնիսկ ավանտյուրաների համար նրանց հարկավոր էր ժողովրդի աջակցությունը, եւ այդ պատճառով նրանք անխախտ կերպով ձգտում էին ոչնչացնել իրենց հակառակորդներին։ Սկզբում սկսվեցին Վանոյի դեմ հարձակումները, հետո՝ գնդակահարվեցին բարձր պետական պաշտոնյաներ եւ կազմակերպվեց «Հոկտեմբերի 27»-ի արյունալի դատաստանը։ Նրանք քաղաքագետներ չեն եւ հասարակական օգուտի նախանձախնդիրներ չեն։ Նրանք տառապում են հարստության մոլուցքով եւ ուզում են ահաբեկչության գնով պահպանել իշխանությունը։ Նրանք մտադիր են այն պահել եւ պատրաստ են գործի դնել իրենց հսկայական հնարավորությունները, ազդեցությունը, քաղաքական կապերը, փողը, ծախու պատգամավորներին, սոված քաղաքական գործիչներին եւ դեմագոգներին, ընդդեմ ամեն մի օրենսդրական նախաձեռնության, ընդդեմ ամեն մի քաղաքական ակցիայի եւ ընդդեմ ամեն մի նախագահի թեկնածուի, որը սպառնում է իրենց տիրապետությանը։ Նրանք չեն ափսոսա ուրիշի արյունը, չեն գարշելու ո՛չ առանց դատի եւ քննության սպանություններ կատարելուց, ո՛չ ինքնադատաստաններից, ո՛չ էլ զանգվածային չարագործություններից։ Նրանք օգտագործում են պետական իշխանությունը եւ աստիճանավորներին, ոստիկանների եւ զինվորների, «բանակը» փորձում են ուղղել նրանց դեմ, ովքեր մտադրված են պաշտպանել մեր երեխաների ապագան եւ արդարությունը։ Ինչո՞ւ են փորձում թաքցնել՝ հարաճուն բողոքից ակնհայտ է դառնում, որ կազմակերպիչները պարզապես ձգձգում են, ժամանակ են շահում, բայց հիմա ավելի է բարդանալու իրադրությունը՝ կմեծանա ժողովրդի ցասումը։ Աշխատելով թաքնվել համաժողովրդական քննադատությունից, նրանք գովազդային օրենքների բոլոր կանոններով սկսեցին քայքայել միասնության գաղափարը, որը միշտ եղել է մեր ազգի հաղթանակների եւ փրկության հիմքը։ Հնարավոր չէ զանգվածային ռեպրեսիաների միջոցով թաքցնել ճշմարտությունը։ Եթե հաջողվեր վերացնել ոճրագործներին, ապա մարդ չէր լինի դատելու եւ, բնականաբար, կվերանար դատավարություն անցկացնելու անհրաժեշտությունը։ Իսկ եթե դատավարություն չլիներ՝ ամեն ինչ կանցներ վաղեմության գիրկը։ Հենց այստեղից ծրագրերը խառնվեցին, բայց երբ կազմակերպիչն ուշքի եկավ ցնցումից, երբ վերացավ ճնշվածությունը, նրա բոլոր մռայլ մտքերն իրեն միամիտ թվացին։ Մի՞թե նա չուներ իշխանությունը պահելու միջոցներ, մի՞թե չէր կարող որեւէ զիջում անել տուժողներին, չէ՞ որ նման ներկայացման հաջողությունը վերջիվերջո կախված է ռեժիսորի վարպետությունից։ Երբ սկսվեց հետաքննությունը, շատերը մտածում էին, թե որքան լրջորեն կվարեն այն։ Քննության ընթացքում կազմակերպիչը նույնիսկ չկարողացավ այդ փաստերը թաքցնել, որոնք պետք է պարզեին իր պաշտոնյաները եւ իր բոլոր հաշիվներն ի չիք կդարձնեին։ «27»-ի գործով վկաները կամ լավագույն վկաները պաշտոնի համար մեռած վկաներն են, որոնք հրաժարվեցին վկայություն տալ եւ դրանով ապացուցեցին իրենց անինքնասիրությունը։ Այն ապացույցները, որոնք ներկայացված են դատարանին, կարելի է անվանել ինչ ուզում եք, բայց ոչ համոզիչ։ Այս իշխանությունների օրոք դատարանը չի կարող պատասխանել վճռորոշ հարցին՝ ովքե՞ր են թաքնված մարդասպանների թիկունքում։ Հասունանալու է բացահայտ անհրաժեշտություն՝ չխորացնելով հասարակական դժգոհությունը, պաշտոնական ամփոփիչ հաղորդագրություն հրապարակել ոճրագործության հանգամանքների եւ կազմակերպիչների մասին։ Հիմա նրանք ձգտում են ազատվել ոչ միայն իրենց համար ոչ հարմար քաղաքական գործիչներից, այլեւ նրանցից, ովքեր դեռ երեկ իրենց կամակատարներն էին, իրենց ձեռքի կույր գործիքը։ Հանցագործությունների մասնակիցները չափազանց շատ բան գիտեն եւ իրենց շաղակրատանքով կարող են տերերին շատ անախորժություններ պատճառել։ Ցավալի է, որ նրանց համար կան կաշառված, վարժեցված արարածներ, որովհետեւ իրենք են որոշում՝ ում սպանել, ում թողնել իր տաքուկ պաշտոնում։ Մեր երկիրը քաոսի իշխանության մեջ է։ Իշխանությունը ջանքեր չի խնայում՝ աշխատելով քաոսը հասցնել մինչեւ վերջին սահմանը եւ ամբողջ աշխարհին ապացուցել, որ հայերը ինքնավարության ընդունակ չեն։ Ինչո՞ւ է մեր երկրում թագավորում դառը կարիքը, գործազրկությունը եւ վախը, որովհետեւ մեր երկրի «առաջին դեմքը» համարում է, որ իրեն ամեն ինչ թույլատրվում է։ Ժողովուրդը միշտ մի կերպ է մտածում: Միասնության գաղափարն է մեզ փրկելու: ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ