Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «չտեսագրված» հանդիպումը

Օգոստոս 24,2002 00:00

Հերթական «չտեսագրված» հանդիպումը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համազեկուցողներ Իրենա Բելոհորսկային եւ Յերզի Յասկերնիային օգոստոսի 22-ին ընդունել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Համազեկուցողները նույն օրը «գաղտնի» հանդիպել են «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին՝ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին։ Պաշտոնական աղբյուրները որոշ տեղեկություն հաղորդեցին նախագահի եւ հյուրերի հանդիպումից, մասնավորապես ասվեց, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ է շեշտել։ «Զարգացման եվրոպական ուղղությունը Հայաստանի համար գիտակցված ընտրություն է, եւ մեր երկիրը հաստատակամորեն ընթանալու է այդ ուղիով»։ Պաշտոնական աղբյուրները շարունակում են խախտել երկրի օրենքները եւ հասարակությանը հուզող հանդիպման մասին որեւէ տեղեկություն չեն հաղորդում։ Հետո էլ զարմանում ենք, որ երկրում «Հոկտեմբերի 27» է տեղի ունեցել, եւ պատասխանատու մարմինները պատասխանատվության չեն ենթարկվել։ Անպատիժ մնացած չարը շարունակվում է։ ԵԽ դիտորդական խմբի պահվածքը չափազանց «հայկական» է, եւ եթե եվրոպացիք հավասարակշռությունը պահպանելու համար զոհերի հարազատների հետ հանդիպումից հետո որոշեցին հանդիպել նաեւ ոճրագործներին, գոնե պետք էր հարգել հասարակությանը եւ ասել այդ մասին։ Եվ եթե այդ բանը չի արվել, ուրեմն ակնհայտ է, որ երկրի իշխանությունները փափուկ բարձ են դրել նրանց գլխի տակ եւ եվրոպացիներին ազատ գործելու հնարավորություն են տվել։ Երեկ փորձեցինք կատարվածի մասին իմանալ Ժողովրդական կուսակցության կարծիքը։ ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը մասնավորապես ասաց, որ մտահոգիչ է, թե ինչու է ոճրագործների հետ հանդիպումը գաղտնի պահվում, իսկ զոհերի հարազատների հետ հանդիպումը հրապարակային եղավ. «Մտահոգիչ է նաեւ այն, որ չկա որեւէ պաշտոնական ինֆորմացիա այդ հանդիպման մասին։ Եթե հանդիպում չի եղել, ինչո՞ւ պաշտոնական աղբյուրները չեն հերքում այդ լուրերը, եթե եղել է՝ ինչո՞ւ չեն հաստատում։ Եվ հետո, ինչո՞ւ ԵԽ դիտորդները զոհերի հարազատների ներկայությամբ հայտարարեցին, թե ոճրագործների հետ հանդիպելու մտադրություն չեն ունեցել։ Ըստ երեւույթին, հանդիպումը կայացել է, եւ մնում է ենթադրել, որ եվրոպացի դիտորդները ինչ-ինչ պարագայում կամ ինչ-ինչ ազդեցությամբ փոխել են իրենց մտադրությունը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել