Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍՆ» ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ

Օգոստոս 24,2002 00:00

ԻՍԿ «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍՆ» ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ Փոքրիշատե լայնախոհ եւ ազատամիտ մարդը չպիտի ողջուներ ընդդիմադիր հայացքների համար զինվորական կոչումից զրկելը։ Բայց պարզվում է, այդպիսիք կան։ Եւ ավելին՝ իշխանություններին առաջարկվում է նույն մոտեցումը (անգամ՝ ոչ միայն ընդդիմադիր հայացքների, այլ նույնիսկ՝ նախկին իշխանությունների հետ բարեկամական կամ մտերիմ կապերի համար) կիրառել նաեւ դիվանագիտական ոլորտում։ Իսկ սա խիստ վտանգավոր նախադեպ է։ Ի վերջո, խոսքը միայն նախկին իշխանությանը չի վերաբերում։ Բումերանգն անպայման կվերադառնա։ Հայաստանում արդեն իսկ ամրագրվեց այն փորձառությունը, որ անգամ ամենահզոր իշխանական այրերը կարող են զրկվել իրենց աթոռներից։ Եվ ի՞նչ՝ ամեն մի նոր իշխանություն պիտի պետական համակարգից դո՞ւրս մղի բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են իր նախորդներին։ Ու այդպես պիտի շարունակեն վարվել նաեւ հաջորդնե՞րը՝ ջնջեն, նորի՞ց սկսեն։ Դիվանագիտական ոլորտում «կադրային ջարդ» սկսելու կոչերը գնահատում է քաղաքագետ, «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը։ – Ուզում եմ նշել, որ նման հրապարակումներում հարվածները հստակ հասցվում են ոչ միայն նախկինում, այլ նաեւ այսօր նշանակված կադրերին (ապացույցները կներկայացնեմ փոքր-ինչ ավելի ուշ)։ Տպավորություն է ստեղծվում, որ այս հրապարակումները ներիշխանական հակասությունների հետեւանք են։ Բացահայտվում են գաղտնիքներ, արտգործնախարարության խոհանոցը։ Ու խոսում են ոչ թե որոշակի մի դեսպանության կամ դիվանագետի աշխատանքի մասին, այլ բացում են խաղաթղթերը, բացահայտում կապերը եւ այլն։ Անհրաժեշտ է նաեւ նշել. Հայաստանի Հանրապետությունը տասնամյա պատմություն ունի, եւ 1992-ին սկսեց ձեւավորվել արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Պարզ է, որ մեր երկիրն այդ ժամանակ չուներ կադրեր եւ դա էր պատճառը, որ այդ ժամանակ բավական հաճախ էին լինում քաղաքական նշանակումներ։ Մարդիկ քաղաքական ոլորտից էին գալիս դիվանագիտություն, այդ աշխատանքներում ակտիվ օգտագործում էին նաեւ նախկին կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչներին, քանի որ նրանք ունեին կազմակերպչական եւ այլ որոշակի փորձ։ Եթե հիշում եք, այն ժամանակ նաեւ հայտարարվեց, թե Հայաստանը պատրաստ է ընդունել ազգությամբ հայ այն բոլոր դիվանագետներին, ովքեր աշխատում էին սովետական ԱԳՆ-ում։ – Սակայն պնդվում է, թե նման պաշտոնյաներ չկան այժմ Հայաստանի ԱԳՆ-ում՝ Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր հայկական ծագում ունեն եւ սովետական կամ ռուսական դիվանագիտության մեջ աշխատանքի փորձ։ – Դա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, Հայաստանի ներկայիս դեսպանները Ֆրանսիայում, Բելառուսում, Կուբայում փորձառու դիվանագետներ են, որոնք նախկինում աշխատել են ՍՍՀՄ ԱԳՆ-ում, ունեցել բարձր աստիճաններ։ Ի դեպ, հենց այս երեք դեսպաններն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Այնպես որ, իրականությանը չի համապատասխանում նաեւ այդ պնդումը, թե մեր ԱԳՆ-ում չկան ՌԴ քաղաքացի բարձրաստիճան դիվանագետներ։ (Այլ հարց է, թե Հայաստանն ինչո՞ւ պիտի ներկայացնեն այլ երկրի քաղաքացիներ։ Բայց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով այս խնդիրը կարգավորելու փորձը համարվեց նախագահի սահմանադրական լիազորությունների սահմանափակում։ Իր իրավունքն է՝ ում ուզենա, դեսպան կնշանակի- Ա. Ի.)։ Ուրեմն, նման հրապարակումներում ոչ միայն սխալ մոտեցումներ են ցուցաբերվում, այլ նաեւ ուղղակի միտումնավոր ապատեղեկացնում են հասարակությանը։ Ամենեւին պարտադիր չէ, որ դիվանագետները պատմեն իրենց բոլոր կապերի եւ պետությանը մատուցած բոլոր ծառայությունների մասին։ Նույնիսկ անվտանգության իմաստով սխալ կլիներ դա։ Հիմա ստացվում է, որ այդ մարդիկ, ովքեր նշված են հրապարակումներում, շատ արդյունավետ աշխատեցին, ասենք՝ արաբական երկրներում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Եվրամիության երկրներում՝ իրենց ստեղծած կապերի միջոցով դրսում փորձեցին ապահովել Հայաստանի շահերը, իսկ հիմա ներսում հարվածո՞ւմ են նրանց։ Սա նշանակում է, որ նման հրապարակումներով փորձ է արվում թուլացնել Հայաստանի ազդեցությունը, դիրքերն աշխարհում։ – Այնուամենայնիվ, թվարկվածների մեջ զգալի մաս են կազմում ոչ միայն դեսպանները, այլեւ այս կամ այն նախկին պաշտոնյայի կինը, որդին եւ այլն։ – Շատ հետաքրքիր է այդ ցանկի ընտրովիությունը։ Ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներ ու բարեկամներ էլ են աշխատում այդ համակարգում։ Շատ զարմանալի է, որ նրանցից եւ որեւէ մեկի անունը չի հայտնվել այդ ցանկում։ Ինչ է, մարդիկ չգիտե՞ն, որ, ասենք, Սերժ Սարգսյանի հարազատ եղբայրն էլ Սիրիայում դեսպան է։ Բայց մեր գլխավոր չափանիշը դա չպետք է լինի, թե ով ում բարեկամն է կամ ընկերը։ Չափանիշը պիտի միակը լինի՝ ով ինչպես է աշխատում։ Եթե մարդն արդյունավետ է աշխատում, ինձ համար, ճիշտն ասած, առանձնապես նշանակություն չունի, թե ում բարեկամն է։ – Դուք խոստացաք օրինակներով ապացուցել, որ հրապարակված ցանկում կան նաեւ ներկա իշխանության օրոք դիվանագիտական բարձր աստիճանի հասած մարդիկ։ – Խնդրեմ։ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով են դեսպանի աստիճան ստացել, ասենք, Դավիթ Հովհաննիսյանը, Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Ջիվան Թաբիբյանը։ Գառնիկ Նանագուլյանը նշանակվեց նախարար։ Ռոբերտ Քոչարյանի օրոք է դեսպան նշանակվել եւ Կանադա ուղարկվել Արա Պապյանը։ Ցուցակում բազմաթիվ այլ մարդիկ էլ կան, ովքեր իրենց ներկայիս բարձր պաշտոնները ստացել են Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Բայց պետք է դիտարկվի ոչ թե այն, թե ով է նշանակել կամ երբ, այլ, կրկնում եմ, թե ինչպես են աշխատում այդ մարդիկ։ – Հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ Ձեր գործունեությանը, որ դեսպանորդ էիք ՌԴ-ում, թեեւ ֆիզիկոս եք մասնագիտությամբ եւ այժմ քննադատում եք ներկա իշխանությունների արտաքին քաղաքականությունը։ Եվ կարծես հենց Ձեր առիթով է կոչ հնչում, որ այս մարդկանց պետք է զրկել դեսպանորդի աստիճանից։ – Ի դեպ, անգամ ՌԴ-ում, թեեւ դիվանագիտական կայացած ավանդույթների առկայությանը, էլի ընդունված են քաղաքական նշանակումները՝ ե՛ւ ֆիզիկոսը կարող է նշանակվել դեսպան, ե՛ւ տնտեսագետը։ Ես զգում եմ, որ այդ հրապարակման հեղինակը գերադասում է, որ մեր դիվանագիտական կորպուսում շատ լինեն, ասենք, Բաքվի ԹկՄ-ն (բարձրագույն կուսակցական դպրոցն) ավարտած մարդիկ։ Եթե ֆիզիկոս եմ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դա, պարզվում է, «մինուս» է, բայց եթե, ասենք, այդ ԹկՄ-ն ավարտած լինեի կամ՝ երաժիշտ ու զբաղեցնեի այդ պաշտոնը, չի բացառվում, որ չէր լինի իմ դեմ այդ հարձակումը։ Ճաշակի հարց է, չեմ ուզում քննարկել։ Բացի այդ, ուզում եմ հիշեցնել, որ ինքս եմ դիմում գրել ու հրաժարվել նախարարի խորհրդականի պաշտոնից։ Հիմա ազատ եմ եւ իրավունք ունեմ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Եվ նույնիսկ եթե քննադատում եմ վարվող արտաքին քաղաքականությունը, իմ հրապարակումներում միշտ անում եմ նաեւ առաջարկներ։ Իմ կարծիքով, սա նաեւ օգնում է դիվանագիտական կորպուսին։ Իտալիայում կամ Գերմանիայում ֆաշիստական վարչակարգերի օրոք ընդունված էր, որ դիվանագետներին, գիտնականներին զրկում էին կոչումներից։ Հուսով եմ, որ նման երեւույթներ չեն լինի Հայաստանում։ – Առանձին վերցրած մեկ նախարարությունում ռեւանշիստների առկայությունն արձանագրած հեղինակը պնդում է, թե «վհուկների որսի» կոչ չի անում, այլ ուղղակի իշխանությունների ուշադրությունն է հրավիրում անթույլատրելի իրողությունների վրա։ Ձեր կարծիքով, սա, այնուամենայնիվ, հենց «վհուկների որս» չէ՞ իր «դասական» դրսեւորմամբ։ – Այո, համաձայն եմ։ Ես տեսնում եմ այդ վտանգը։ Սա «վհուկների որս» սկսելու կոչ է, որը շատ ծանր հետեւանքներ կունենա պետության համար։ Քանի որ նշված անձանցից շատերն իրոք բարձր որակավորում ունեցող կադրեր են, վերջին 10 տարում աճել եւ ձեռք են բերել մեծ փորձառություն, կապեր ամբողջ աշխարհում։ Եթե կադրային ջարդեր կազմակերպվեն այժմ, դա կհանգեցնի նրան, որ կթուլանան Հայաստանի կապերը աշխարհի շատ երկրների հետ։ Իսկ դա շատ վտանգավոր է։ Դժբախտաբար, ոչ բոլորը, ովքեր գրում են դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության մասին, այդ ոլորտի մասնագետներն են, բայց ավելի ցավալի է, որ նրանք ցանկություն էլ չունեն սովորել, խորացնել իրենց գիտելիքները։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Ի դեպ, այդ ցանկում նշված էր, որ Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին թարգմանիչն էր։ Հետաքրքիր է, իսկ նրա թարգմանի՞չը չէր այժմ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը։ Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի փոխնախագա՞հը չէր այժմ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, վերջինիս օգնականը՝ Թաթուլ Մարգարյանն, այժմ փոխնախարար չէ (նրա անունը, ի տարբերություն այլ երկու փոխնախարարների, տեղ չի գտել հրապարակված ցանկում), Լեւոն Տեր-Պետրոսյանի նշանակած վարչապետնե՞րը չէին Խոսրով Հարությունյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, նախարարները՝ Սերժ Սարգսյանը, ԱԳՆ 1-ին փոխնախարարը՝ Վարդան Օսկանյանը, եւ այլք։ Նման խոշոր «շնաձկերին» թողած, տեսնես ինչո՞ւ են փաստարկ դարձրել, թե ում ընկերն է ԱԺ Արտաքին կապերի վարչության ղեկավարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել