Բնակավայրը՝ կոշիկի կրպակ Արդյոք երկիրը, որը ցնցվում է քո ոտքերի տակ Ավելի միայնակ չէ՞, քան դու։ (Ֆ. Ֆարոխզադ) 1946թ. Պարսկաստանի Թավրիզ քաղաքից հայրենիք վերադարձածներից մեկն էլ Վոլոդյա Դավթյանն էր։ 1988թ. Բաքու քաղաքից հայրենիք վերադարձածներից մեկն էլ Վոլոդյա Դավթյանն էր։ Երկու դեպքում էլ նա հայրենադարձ էր եւ նրա հարցով զբաղվեց ՀԽՍՀ մինիստրների խորհուրդը։ Վերջինս էլ 1988թ. նոյեմբերին Աբովյան քաղաքում Սարալանջի 22 շենքից մեկ սենյականոց բնակարան հատկացնելու մասին որոշում կայացրեց։ Որոշման «ապօրինի» լինելը վիճարկվեց դատարանում, եւ մարդը բնակարան չստացած վտարվեց… բնակարանից։ Վտարման համար չգտնվեց փաստաթուղթ։ Որեւէ փաստաթուղթ չգտնվեց նաեւ այն ժամանակ, երբ Վ. Դավթյանը «վտարվեց» էլեկտրասարքերի տեխնիկումի թիվ 407 սենյակից (տարածքը հատկացվել էր միաժամանակ մեկ այլ փախստականի), իսկ իրերն էլ տարվեցին մի քանի հասցեներով (առայսօր իրերը «շրջիկ» են եւ ոչ ոք պատասխան չի տվել դրա համար)։ Վ. Դավթյանին շատ համարվեց հայրենիքում տանիք ունենալը։ Նա անտանիք հայրենիքում էլ հողին հանձնեց իր կնոջը… Վ. Դավթյանը նորից դիմեց դատարան։ Այս անգամ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարան (դատավոր՝ Հ. Սարգսյան), որն էլ իր 2000թ. նոյեմբերի 10-ի վճռով կրկնակի հայրենադարձ, կրկնակի փախստական, կրկնակի տուժած Վոլոդյա Դավթյանի հայցը բավարարեց՝ «պարտավորեցնելով Աբովյանի քաղաքապետարանին հատկացնել հանրակացարանային որեւէ սենյակ»։ Դատարանը, գնահատելով քաղաքապետարանի պատճառաբանությունները այդ կապակցությամբ, գտավ, որ դրանք անհիմն են, «քանի որ Աբովյանի քաղաքապետարանի կողմից չի ապահովվել 03.02.95թ. վճռի ռեալ կատարումը»։ Աբովյանի քաղաքապետարանը մինչեւ օրս «պարտավորված» չէ. դատարանի վճիռը չի կատարվում եւ քաղաքացին այս պահին ապրում է կոշիկի վերանորոգման տաղավարում։ «Այնտեղ քնում եմ, այնտեղ աշխատում, գլուխս մի կերպ պահում եմ»։ Ոչ ոք տերություն չի անում 65-ամյա հայրենադարձին։ Նրա ինչքի հետ կապված հարցադրումներին այնպիսի պատասխաններ են տալիս, կարծես տան եղած-չեղածը ինքն իրեն ոտավորվել եւ հասել է էլեկտրացանցի սնուցման սենյակ կամ քաղաքացին է տարել-լցրել այնտեղ։ Վ. Դավթյանին օգնել է պետք օրենքի դիրքերից ելնելով։ Համաձայն «հարկադիր կատարման մասին օրենքի», պաշտոնատար անձը պետք է ենթարկվեր տուգանքի՝ սահմանված աշխատավարձի 200-ապատիկի չափով։ Քաղաքապետ Կարո Իսրայելյանը զգուշացվել է, սակայն ոչ մի պատասխան չի տվել քաղաքացուն այս կարգավիճակում պահելու համար։ Ինչո՞ւ։ Ռ. Մ.