ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ՝ ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի պոլիկլինիկայի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, ԱՄՆ Արեւելյան Ափի տեղական մարմնի փոխնախագահ Գեւորգ Թորոյանը, բարերար Ջորջ Բաղումյանի ընտանիքի անդամները, քաղաքի բնակիչներ եւ բուժաշխատողներ։ Պոլիկլինիկան կառուցվելու է ԱՄՆ Արեւելյան Ափի հայության հատկացրած միջոցներով։ Մոտ 700,000 ԱՄՆ դոլարի հատկացում է կատարում բարերար Ջորջ Բաղումյանը։ Պոլիկլինիկան անվանակոչվելու է բարերարի հորաքրոջ՝ Արմինե Բաղումյանի անվամբ, որը երիտասարդ հասակում դարձել է 1915 թ. ցեղասպանության զոհ։ Առողջապահական սպասարկման անհրաժեշտ ծառայություններից բացի, պոլիկլինիկան կունենա նաեւ ախտորոշման կենտրոն, որը կսպասարկի հետագայում պոլիկլինիկայի հարեւանությամբ կառուցվելիք հիվանդանոցին։ Պոլիկլինիկան կկահավորվի եւ կհամալրվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, իսկ բուժանձնակազմը կանցնի վերապատրաստման դասընթացներ։ Այն կունենա հանրապետական նշանակություն եւ կսպասարկի ԼՂՀ ամբողջ բնակչությանը։ ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանի հավաստմամբ, այս ժամանակակից առողջապահական կենտրոնի ստեղծումը շրջադարձային կլինի Ղարաբաղի առողջապահության ամբողջ համակարգի համար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն