Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կտրված շղթան կվերականգնվի՞

Օգոստոս 23,2002 00:00

Կտրված շղթան կվերականգնվի՞ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը դադարեցրել է իր աշխատանքը, քանի որ շենքը ներկայումս վերանորոգվում է Լինսի հիմնադրամի միջոցներով։ Ըստ նախնական պայմանավորվածության, վերանորոգումը պետք է սկսվեր աշնանը։ Իսկ այժմ, ստացվում է, կազմալուծվել է թատրոնի աշխատանքը։ Զրուցում եմ թատրոնի գեղղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի հետ։ – Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց հարազատ թատրոնի ու աշխատանքային փորձերի։ Ու թեեւ անորոշ է թատրոնի առաջիկա գործունեությունը, ամեն գնով շարունակելու ենք մեր աշխատանքային փորձերը։ Ըստ Ա. Գրիգորյանի, նախատեսված էր, որ առաջին փուլում պետք է ընթանային Սունդուկյանի եւ օպերային թատրոնների վերանորոգումները։ Ստանիսլավսկու թատրոնը պետք է վերանորոգվեր երկրորդ փուլում։ Նշված թատրոնների հետ ունեցած համաձայնությամբ, նրանց ներկայացումները պետք է բեմադրվեին Ստանիսլավսկու թատրոնում։ «Մենք գրավոր դիմում ենք ներկայացրել մշակույթի նախարար Ռ. Շառոյանին՝ խնդրելով մեզ հնարավորություն տալ շաբաթական երկու անգամ խաղալու Պարոնյանի անվան թատրոնում, որն ամենահարմար վայրն է։ Դիմել ենք նաեւ Պարոնյանի անվան թատրոնի ղեկավարությանը։ Բանակցություններ ենք վարում Երգչախմբային ընկերության հետ։ Ստիպված ենք գնալ փոխզիջումների, որպեսզի պարբերաբար հիշեցնենք մեր գոյության մասին, եւ երեխաները հնարավորություն ունենան դիտելու մեր մանկական ներկայացումները»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Ի դեպ, «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» մանկական ներկայացման պրեմիերան այնուամենայնիվ տեղի կունենա օգոստոսի 24-ին, ռուսական թատրոնի բեմում։ Խոսելով վերանորոգման դրական ու բացասական կողմերի մասին, պարոն Գրիգորյանը հիշեց հրատապ մեկ այլ խնդրի մասին։ Նա մի կողմից ուրախ է, որ թատրոնները շուտով գեղեցիկ վերանորոգված շենքեր կունենան։ Մյուս կողմից նրան մտահոգում է ռուսական թատրոնի թատերախմբի պահպանման պրոբլեմը։ Վերջին տասը տարիներին այն մշտապես փոփոխվել է։ Ռուս դերասանները պարբերաբար լքել են այն, հներից մնացել են ընդամենը 3-4 հոգի։ Ըստ Ա. Գրիգորյանի, թատերախմբի 75%-ը կազմում են տարիներ շարունակ ռուսական թատրոնին կից գործող թատերական ստուդիայի շրջանավարտները։ Լավ է, որ վերջապես թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում բացվել է ռուսական բաժին։ «Կցանկանայի, որ կառավարությունը եւ համապատասխան մարմինները լուրջ ուշադրություն դարձնեին էլիտար արվեստ ներկայացնող թատրոններին։ Քանի որ թատրոնը դերասան-հանդիսատես փոխհարաբերության բարձրագույն հոգեւոր ոլորտն է»։ Նրա կարծիքով, միայն երգ ու պարով, էժանագին շոուներով հնարավոր չէ մշակույթ ներկայացնել։ Այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը դասական թատերարվեստի օրրանն է ու պարտավոր է պահպանել մշակութային երկրի իր իմիջը։ Ա. Գրիգորյանից տեղեկացանք, որ ռուսական թատրոնը այսօր էլ շարունակում է աշխատել մի քանի ներկայացումների վրա։ Դրանցից մեկն էլ «Կտրված շղթա» («ՀՈջՏՐՉՈվվՈ255 ՓպտՖ») պիեսի բեմադրությունն է, որի հեղինակներն են Ալեքսանդր Գրիգորյանը եւ Մարինա Մարինոսյանը։ «Կտրված շղթայի» պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 4-ին, սակայն այն չի կայանա՝ շինարարական աշխատանքների պատճառով։ Ի դեպ, պրեմիերան Երեւանում ռուսերենով ներկայացնելուց հետո, պիեսը հայերեն թարգմանությամբ ուղարկվելու էր նրանով հետաքրքրված ֆրանսահայ մի ռեժիսորի։ Առաջիկայում Գրիբոյեդովի 120-ամյակի կապակցությամբ, Մոսկվայի մշակույթի գործիչների միության առաջարկով կվերաբեմադրվի նաեւ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսը։ Գ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել