Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Օգոստոս 23,2002 00:00

«ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «Դերասանը պետք է պատգամավորից լա՛վ հագնվի ու պատգամավորից լա՛վ ապրի, որ էս երկիրը երկի՛ր դառնա»,- ասում է սիրված դերասան Վլադիմիր Մսրյանը։ Նրա կարծիքով, այսօր եւս, խորհրդային տարիներին բնորոշ «ցՐՈՉվՌսՏՉՍՈ» կա. բոլորին հավասարեցնում են, բոլորը բոլորից չպետք է տարբերվեն։ Նման վիճակը, ըստ Մսրյանի, նորմալ չէ։ Ու եկել է լավագույններին շարքայիններից ու սովորականներից առանձնացնելու ժամանակը։ «Ժողովրդական դերասաններին այսօր մատների վրա կարելի է հաշվել։ Մարդիկ աշխատավարձ են ստանում ու կոչումը նրանց ոչինչ չի տալիս, բայց պետք է, չէ՞, նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Պիտի մշակույթի նախարարությունը մտածի, պիտի պրեզիդենտը մտածի։ Չէ՞ որ զինվորական գործում գեներալի ու զինվորի միջեւ տարբերություն կա։ Մեր գեներալներն էլ ժողովրդական արտիստներն են, պալկովնիկները՝ վաստակավորները»,- ասում է դերասանը։ Չնայած իր մեծագույն լավատեսությանը, Վ. Մսրյանը երբեմն նեղսրտում է, որ 11 տարի է անցել անկախացումից, սակայն արվեստագետները շոշափելի ոչինչ չեն զգում։ Նաեւ հասկանում է, որ չաշխատելու դեպքում, բնականաբար, պիտի չվարձատրվեն։ Բայց չէ՞ որ դերասաններն առաջվա նման աշխատել են։ Նա եւս գտնում է, որ թատրոնը թանկ հաճույք է եւ որ առանց շքեղ հագուստների, դեկորների ու լուրջ գումարների, պրոֆեսիոնալ թատրոն լինել չի կարող։ Դրա համար էլ չի կարողանում համակերպվել թատրոնի մի կերպ գոյատեւելու, մի ներկայացման դեկորները մյուսին հարմարեցնելու հետ։ Իսկ դերասանի ստացած, իր խոսքով՝ ֆանտաստիկ ու ծիծաղելի գումարների մասին հաճախ ամաչում է դրսում խոսել։ Ըստ նրա, դերասանը արտասահմանում ամենաբարձր վարձատրվող խավն է. նա պետք է բոհեմական կյանքով ապրի, որպեսզի կարողանա լուրջ արժեքներ ստեղծել ու ստեղծագործել։ Թե չէ ինչի՞ նման է, անունը դրել են պետական հովանավորություն ու պետպատվեր, իսկ դերասանն իրականում խղճուկ գոյություն է քարշ տալիս։ Նույն վիճակն է տիրում նաեւ սպորտում, գիտության բնագավառում։ Վ. Մսրյանը հաճախ շփվելով այլ երկրների իր գործընկերների հետ, պարզել է, որ, օրինակ, Ռուսաստանում կոչում ունեցող դերասանները ստանում են մոտ 1000 դոլար։ Անգամ մեր հարեւան Վրաստանում նրանց միջին աշխատավարձը հասնում է 350-400 դոլարի։ Վ. Մսրյանի կարծիքով, գոնե Սունդուկյան, դրամատիկ եւ օպերային թատրոնները պետք է պարտադիր գտնվեն պետական հովանավորության ներքո, բայց ստանան նորմալ աշխատավարձեր, ոչ թե «նպաստից էլ քիչ գումար»։ Դերասանը համեմատելով մեր եւ արտասահմանյան երկրների թատրոնների վիճակը, հիշեց, թե ինչպես մի 20 տարի առաջ եղել է Ֆրանսիայում՝ Սառա Բեռնարի թատրոնում, ուր տոմսն արժեր 350 ֆրանկ, իսկ դահլիճում ընդամենը 20 հոգի էր նստած. «Սակայն այդ 20 հոգին արդարացնում էր օրվա ծախսը։ Մինչդեռ այսօր մեր դահլիճները լեփ-լեցուն են, սակայն տոմսերի վաճառքից գոյացած գումարը չնչին է։ Ու քանի որ մեր հանդիսատեսը հիմնականում երիտասարդությունն է, իրավունք չունենք նրա գրպանին խփելու։ Ուրեմն, այլ բան պիտի մտածենք»։ Ընթերցողին տեղեկացնենք, որ Վ. Մսրյանը նույնպես հրավիրված է Անապայում կայանալիք ԱՊՀ եւ Բալթյան երկրների 11-րդ բաց կինոփառատոնին՝ իբրեւ պատվավոր հյուր։ Այնտեղ ներկայացված հայկական երկու ֆիլմերից մեկը Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» է։ Վ. Մսրյանը գտնում է, որ նման փառատոները կարող են շատ բան տալ մեր ազգին։ Ի դեպ, նա, մյուս արվեստագետների նման, ցավոտ պրոբլեմ ունի. Անապա մեկնելու համար հովանավոր է պետք։ Իսկ իր ուզբեկ գործընկերներից տեղեկացել է, որ վերջիններս նման խնդիր չունեն։ Նրանց հովանավորներն այնքան շատ են, որ դերասաններն ընտրության հնարավորություն ունեն։ «Իսկ ո՞ւր են մեր մանթաշովները, ինչո՞ւ չեն երեւում»,- զարմանում է դերասանը։ Նա նկատել է, որ ինչպես Հայաստանում են մեր արտասահմանցի հայրենակիցներին մեծարում, այնպես էլ դրսի հայերը հայաստանցիներին են վերաբերում։ Փոխարենը, հենց Հայաստանում, անմիջապես իրենց քթի տակ՝ չեն նկատում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել