Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նույն հողի վրա երկրորդ վատ սերմը չեն դնում

Օգոստոս 23,2002 00:00

Նույն հողի վրա երկրորդ վատ սերմը չեն դնում «Հավատարմագրման դաշտը դեռ պիտի կայանա, եւ դպրոցներն էլ պիտի քայլեն մեզ հետ»,- ասում է ԿԳՆ հավատարմագրման եւ լիցենզավորման ծառայության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը Խոսքը Հայաստանում գործող այն 38 ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մասին է, որոնք այժմ իրենց հերթական արտոնագրի հաստատման փուլում են: Մայրաքաղաքում կա այսպիսի 30 դպրոց, Գյումրիում 3-ը, 1-ը Վանաձորում, 1-ը Արմավիրում, 1-ը Էջմիածնում, 1-ը Եղեգնաձորում, որը, սակայն, աշակերտներ չունենալու պատճառով այժմ փակման եզրին է, եւ 1-ը Նոր Հաճընում: Իրենց 5-ամյա գործունեությունից հետո այս դպրոցներից յուրաքանչյուրն իր գործունեությունը շարունակելու թույլտվություն պետք է ստանա որոշակի ուսումնասիրություններից հետո, որ իրականացնում է ԿԳՆ հավատարմագրման եւ լիցենզավորման ծառայությունը: Ըստ ծառայության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանի, լիցենզիա ստանալու ճանապարհին հանդիպող խոչընդոտ կարող է լինել նախ տարածքի խնդիրը, որ իրականացվում է պետական գույքի կառավարման նախարարության հետ, եւ միշտ չէ, որ դպրոցին հաջողվում է ստանալ իր ուզած տարածքը: Բացի այդ, կա նաեւ ուսումնական պլանների խնդիր, որի կազմակերպման համար դպրոցները հնարավորություն ունեն օգտվելու նախարարության մշակած կարգերից: Գործունեության ընթացքում այս դպրոցների համար ամենածանրը դասագրքերի խնդիրն է, քանի որ ոչ բոլոր դպրոցներն են կարողանում օգտվել «Դպրոցների շրջանառու միջոցներ» հիմնադրամի ծառայություններից եւ ստիպված են սեփական միջոցներով ձեռք բերել դասագրքեր: Հաջորդ խնդիրը, ըստ տիկին Մելքոնյանի, կադրերին տրվող պահանջների հստակեցումն է, որպեսզի առարկայական մասնագետներն իրապես համապատասխանեն ուսումնական պլանին եւ ապահովեն միջնակարգ կրթություն: «Մասնավորը գոնե մեկ քայլ առաջ պետք է կանգնած լինի պետականից: Եթե պետականի մոտ մի բան չկա, վատն է, ինչո՞ւ պետք է վատի կողքին վատն աճի, ստեղծիր լավը, որպեսզի մրցակցության դաշտը կայանա: Սա է մասնավորի խնդիրն այսօր: Նույն հողի վրա երկու վատ սերմ ինչո՞ւ դնել: Ավելի լավ չէ՞ հողը պարարտացնենք»: Գերխնդիր կա նաեւ ուսումնալաբորատոր բազայի հետ կապված. այսօր գրեթե ոչ մի մասնավոր դպրոց չունի համապատասխան լաբորատոր սենյակներ կամ սարքեր: Դրանցով ապահովված են միայն հովանավոր ունեցող մի քանիսը, սակայն դա դեռ քիչ է, քանի որ այդ դպրոցներում երեխաների թիվը 100-ից շատ չէ: Տիկին Մելքոնյանի կարծիքով, այսօր լիարժեք ընտրություն կարելի է կատարել պետական եւ ոչ պետական հանրակրթական հաստատությունների միջեւ: Կան մարդկային տարբեր խառնվածքներ, որ հոգեբանորեն ապացուցված եւ արդարացված են: Եվ պետք է խոստովանել, որ ուսուցիչը, դասարանում ունենալով ամենաքիչը 25 աշակերտ, չի կարող յուրաքանչյուրին անհատական վերաբերմունք ցույց տալ, եթե անգամ ուսուցչին էլ «հատուկ վերաբերմունք» ցույց տաս, որովհետեւ կողքի երեխան հաստատ կըմբոստանա: Շատ լուրջ է դրված դպրոցներում աղանդների դեմ պայքարի հարցը: Մի սենյակում կարող են այլեւայլ կաշառված ուսուցիչներ հավաքել երեխաներին եւ աղանդ քարոզել: Եվ որպես կանոն, աղանդավորական դասագրքերը շատ գայթակղիչ են լինում, պատկերազարդ, մատչելի լեզվով գրված, եւ երեխաներն ավելի հեշտ ընկալում են դա, քան, ասենք, Աստվածաշնչյան որեւէ հատված: Պետք է տարբերել նաեւ որոշ «ազատ դաստիարակության մեթոդներ», որով փորձում են առաջնորդվել մի քանի դպրոցներ եւ որոնք մրցակցության անառողջ մթնոլորտում դեռեւս չեն ընդունվում մյուսների կողմից: Ա. Մելքոնյանն ինքը կողմ է այս ազատականությանը եւ գտնում է, որ պետք է պահպանել մեր ուսուցման հիմքը (որովհետեւ մեր տարրական կրթությունը հիմնարար է այնքան, որ այսօր Ամերիկան էլ է թեքվում դեպի այս կողմ)՝ ցանկության դեպքում թարմություն մտցնելով մեթոդիկայի մեջ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել