Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՅՈՂՆԵՐՆ» ԱՄԵՆՈՒՐ ԵՆ, ԱՆԳԱՄ՝ ԲԱՆԱԿՈՒՄ

Օգոստոս 23,2002 00:00

«ՆԱՅՈՂՆԵՐՆ» ԱՄԵՆՈՒՐ ԵՆ, ԱՆԳԱՄ՝ ԲԱՆԱԿՈՒՄ Թվում է՝ բազում անգամ է շոշափվել բանակային հարցը մամուլում եւ բազում անգամ արձագանքներ ու պատասխաններ են եղել: Կարգին սպաներն ու մայորները հոգնեցին վիրավորվելով նման հրապարակումներից: Սակայն ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ ու անմխիթար: Ովքե՞ր են «նայողները» Այ, օրինակ, «չաստ նայողները»: (Աշխարհիկների համար նշեմ, որ «չաստ նայողները» սովորաբար սադիստ են լինում: Կարծում եմ՝ նրանց դաժանությունը գալիս է անմիջապես ընտանիքից՝ ինչ տեսել են տանը, այն էլ իրագործում են իրենցից թույլերի վրա եւ հաճույք ստանում: Կարելի է ասել՝ վրեժ են լուծում իրենց վիրավորանքների համար:) Համաձայն եմ՝ հարյուրավոր երիտասարդների մեջ դժվար «նայող» կոչվող երեւույթը չառաջանա, սակայն հազվադեպ եմ լսել, որ «նայողը» լինի արդար եւ անաչառ: Ծառայության հենց առաջին օրվանից, երբ ավելը տան ձեռքդ, պետք է չհամաձայնես եւ ծեծ ուտես, որպեսզի կարողանաս «նայողի» եւ նրա «թայֆի» հետ հարաբերություններդ կարգավորել: Որոշ ժամանակահատվածի ընթացքում պրոֆիլակտիկ ծեծվելուց հետո միայն կարող ես հարգանք վայելել: Ճիշտ է՝ լսել եմ նաեւ այնպիսի զորամասերի մասին, երբ ամեն ոք իր հետեւից պետք է մաքրություն ապահովի (թեկուզ՝ ավելով), եւ դա չի նշանակում, որ «կոտրվել» ես: Զորամասերում չեն սիրում երեւանցիներին, քանի որ վերջիններս մեծամիտ են: Մայրաքաղաքից եկածներին ամենաշատը չեն սիրում գյումրեցիները՝ չէ՞ որ Գյումրին պետք է լիներ մայրաքաղաք, եւ չգրված օրենքով հենց Գյումրին է Հայաստանի գլխավոր քաղաքը: Եվ «չաստ նայողը», ըստ նրա, թե որ շրջանից կամ քաղաքից է, իր շուրջն է հավաքում «զեմլյակներին»: Եվ նրանց համար, ովքեր արդեն վիրավորվեցին ինձանից, կրկնեմ՝ ոչ ամենուրեք է այսպիսի դրվածք, սակայն, որպես կանոն, գործում է բազմաթիվ զորամասերում: Անփոփոխ «շան լափ» Բանակում կատարվող «մախինացիաներին» տեղյակ է նաեւ համապատասխան նախարարը: Վերջերս նա այցելեց մի քանի զորամաս: Օրինակ, մի տեղ նա որոշեց շարքային զինվորների հետ մեկ սեղանի նստել: Ճաշարանում չէին սպասում նման քայլի եւ, պարզ բան է՝ մատուցվեց «շան լափից» գրեթե չտարբերվող ճաշատեսակ: Նախարարը զայրացավ. «Սա ի՞նչ է: Հենց հիմա կարգին ճաշ եփեք»: Սակայն հաջորդ օրն արդեն «շան լափը» կրկին դրված էր զինվորների առջեւ: Վերջերս նման դեպք է տեղի ունեցել ռուսաստանյան երիտասարդական ճամբարներից մեկում, երբ սանէպիդկայանի հսկիչ հանձնաժողովը որոշել էր ստուգել, թե ինչով են սնվում երեխաներն ու երիտասարդները: Հանկարծակիի գալով՝ ճամբարի աշխատակիցները չէին հասցրել թաքցրած երշիկը, կաթսաներով կերակուրը եւ այլնը հանել մահճակալների ու թփերի տակից… Թռչեի մտքով տուն… Ինչո՞ւ եմ հեռու գնում: Մի հայ երիտասարդ, որ բնակվում է Ռուսաստանում, եկել է հայրենիք՝ ծառայելու: Ինն ամիս ծառայել է եւ, որքան էլ զարմանալի է, ժամանակ առ ժամանակ ցանկանում է նամակ ուղարկել Ռուսաստանում գտնվող հարազատներին: Զինծառայողի նամակները շրջանի փոստից հետ են վերադառնում՝ պահանջում են, որ ծրարը լինի ստանդարտ՝ միջազգային: Տրանսպորտի եւ կապի նախարարությունից պարզեցինք, որ գործում է օրենք, ըստ որի՝ զինծառայողը կարող է զեղչով հատուկ ծրար գնել եւ առանց որեւէ խոչընդոտի նամակ ուղարկել (Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համապատասխան համաձայնություն կա): Երեւանի փոստի աշխատակիցները իրենց հերթին պնդում են՝ երբ զինծառայողի նամակ են ստանում, առաջնահերթ ուղարկում են հասցեատիրոջը: Ով ո՞ւմ է ձեռք առնում Վերջերս թերթերից մեկում այսպիսի հայտարարություն տպագրվեց. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ զինված ուժերի զորամասում ոչ կանոնակարգային հարաբերությունների, օրինախախտումների, զորակոչի ու զորացրման աշխատանքներում թերությունների նկատման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով եւ հայտնել իրենց մտահոգությունները: Հավաստիացվեց, որ հեռախոսազանգերի գաղտնիությունը կապահովվի, մատնանշված խնդիրները կքննարկվեն նախարարության համապատասխան ծառայություններում, առավել կարեւորներն ու հրատապները կներկայացվեն նախարարին»: Դիմեցի ինձ հուզող հարցով՝ զինծառայողը ե՞րբ իրավունք ունի արձակուրդ գնալու: Պատասխանեցին, որ մեկ տարի ծառայելուց հետո հրամանատարի համաձայնությամբ զինվորը ունի արձակուրդի իրավունք: Այստեղ կարելի է քմծիծաղ տալ՝ ո՞ր մեկս չգիտե, որ մեկ շաբաթվա արձակուրդի գինն է առնվազն $50: Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել