Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած խոստովանություն

Օգոստոս 23,2002 00:00

Ուշացած խոստովանություն Ցանկացած երկրի համար շրջակա միջավայրի պաշտպանությունը լակմուսի դեր է կատարում, այսինքն, որքան մեծ է ուշադրությունը դրա նկատմամբ, այնքան էլ զարգացած ու դեմոկրատական է տվյալ երկիրը։ Սա պարզագույն ճշմարտություն է, որն ընդունում են ոչ միայն էկոլոգները։ Եվ ուրեմն զարմանալի ու տարօրինակ չէ, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող 10-րդ հոդվածը մեր երկրի գլուխներն ուղղակի անտեսել են, եղածը համարելով բավարար։ Չասենք, որ փոխվել է երկիրն իր տնտեսական, սոցիալական ու քաղաքական համակարգերով, ինչի հետ շարունակ բախումների մեջ է գտնվում էկոլոգիական համակարգը։ Ինչեւէ, ՀՀ սահմանադրության նոր տարբերակն արդեն հասել է Ազգային ժողով, իսկ մեր բնապահպանները փորձում են հասնել հեռացող գնացքին։ Եվ երեկ Սահմանադրական դատարանում լրագրողներին ու հ/կ-ներին ներկայացվեց ՀՀ սահմանադրության բարեփոխումների նախագծում շրջակա միջավայրին առնչվող հոդվածների նոր տարբերակներով տեղեկագիրը։ Այն հավաքել եւ կազմել էր «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ «Սահմանադրական բարեփոխումները կազմող հանձնաժողովի առջեւ բնապահպանական խնդիրներ դրված չեն եղել, 10-րդ հոդվածը չի քննարկվել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ հանձնաժողովի կողմից»,- ուշացած խոստովանեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, որն, ի դեպ, եղել է 2 հանձնաժողովների կազմում։ Իսկ առաջին հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանն (էկոլոգ) ավելացրեց, որ «ճիշտ է, որոշ քննարկումներ եղան, բայց օրն ավարտվեց եւ այդպես էլ լուրջ եզրահանգումների չեկանք»։ «Բայց այսօր, որքան էլ ուշացած, այս քննարկումները կարող են ծառայել հասարակության իրազեկության բարձրացման նպատակին։ Չնայած մենք մեր առաջարկությունները պետք է ներկայացնենք ԱԺ համապատասխան հանձնաժողովին (Գ. Թադեւոսյանին) եւ հույս ունենք, որ այն ուշադրության կարժանանա ԱԺ լսումների ժամանակ»,- լրացրեց ՇՄԻՊԿ նախագահ Աիդա Իսկոյանը։ Ի դեպ, նշենք, որ տեղեկագրով լուսաբանվող փոփոխությունները, հնի համեմատ, այնքան էլ շատ չէին, իսկ որոշ կետեր էլ կարելի է անվանել ոչ թե բարեփոխում, այլ՝ հակառակը։ Օրինակ, գործող Սահմանադրության 28-րդ հոդվածում նշված է, որ «հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»։ Նույն դրույթը Սահմանադրության նոր նախագծով (արդեն՝ 31-րդ հոդված) շարադրված է այսպես. «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար հողի սեփականության նկատմամբ կարող են սահմանափակումներ նախատեսվել»։ «Ուրեմն կարող է չսահմանափակվել եւ Թուրքիայի գործարարները կարող են օգտվել այս թույլ ձեւակերպումից, դառնալ մեր հողերի սեփականատերեր եւ քիչ-քիչ լուծել մեր ազգի դարավոր խնդիրը,- մեկնաբանեց Կ. Դանիելյանը,- իսկ նախկինում միայն դեսպանատների տարածքը կարող էր համարվել օտարերկրացու սեփականություն։ Այստեղ հարցն այն չէ, որ Վենետիկի հանձնաժողովը կամ արտաքին այլ ուժեր ճնշում են գործադրել։ Է՛, լավ են արել, նրանք իրենց խնդիրն ունեն, մենք՝ մերը, մի՞թե կարելի է ամեն ինչին ենթարկվել»։ Քննարկմանը ներկա մասնագետները միաձայն նշեցին նաեւ, որ «10-րդ հոդվածն ինչպես անգրագետ ձեւակերպում է ստացել գործող Սահմանադրության մեջ, նույն անգրագիտությամբ էլ շարադրվել է նոր նախագծում»։ Խոսքը վերաբերում է «պետությունն ապահովում է շրջակա միջավայրի վերարտադրությունը» արտահայտությանը, որից հետեւում է, թե պետությունը կարող է եւ պետք է ստեղծի բնական պաշարներ՝ հանքեր, ջուր, օդ եւ այլն։ Այնինչ, պետությունը կարող է ընդամենը պայմաններ ստեղծել դրանց վերարտադրության համար։ Ուշադրության արժանացան մի շարք այլ հարցեր, կապված քաղաքացիների եւ պետական պաշտոնյաների՝ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման հետ, ինչը բացակայում է նախագծում եւ այլն։ Այս քննարկումը ՇՄԻՊԿ հ/կ-ն իրականացրել էր ամիսներ առաջ ստացած դրամաշնորհով։ Ասել է թե՝ նա իր «միսիան» կատարեց, մենք էլ մերը կատարեցինք. հիմա հերթը Ազգային ժողովինն է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել