Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԻՐ ՓԱՅՏԻԿՆԵՐԸ ԵՎ ԹՔԻՐ ԴՐԱՆՑ ՎՐԱ

Օգոստոս 23,2002 00:00

ՀԱՎԱՔԻՐ ՓԱՅՏԻԿՆԵՐԸ ԵՎ ԹՔԻՐ ԴՐԱՆՑ ՎՐԱ Գովազդի տեքստն այսպես շարունակելու կարիք չէր լինի, եթե Մուրադյանների 13-ամյա երեխան «Աշտարակ կաթի» փայտիկով պաղպաղակներն ուտելիս այդքան ուշադիր չլիներ այդ փայտիկների նկատմամբ։ Այդ ուշադրության արդյունքում երեխան հավաքել է վեց փայտիկ, որոնք միասին սառնարանի պատկեր են կազմում։ Բայց, պարզվել է, այդքանը բավարար չէ շահում-սառնարանը ստանալու համար։ Երեխայի հայրը՝ Արթուր Մուրադյանը, պատմում է, որ ներկայացել են գործարանի Զեյթունի մասնաճյուղ, որտեղ աշխատակիցը զննելով փայտիկները, հայտնել է, թե դրանք իրոք շահել են, թեեւ փայտիկներից երկուսն են համարակալված եղել «5» թվանշանով, սակայն ճիշտ է եղել ձախ մասում սառնարանի դետալի պատկերը։ Այն մյուս դետալների հետ կազմում է հստակ պատկեր։ Գործադիր տնօրեն Խաչիկ Աթանեսյանն էլ Ա. Մուրադյանի կնոջ հետ հեռախոսազրույցում ասել է (ըստ Մուրադյանների), որ թիվը կարեւոր չէ։ Մի քանի օր անց, արդեն անմիջական հանդիպման ժամանակ, Խ. Աթանեսյանը հայտնել է, որ փայտիկի հետեւի մասում բացակայում է գործարանի խորհրդանիշ ծիծեռնակի լազերային փորագրությունը։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքացին, մեղմ ասած, մեղադրվում է զեղծարարության մեջ եւ նվազագույնը՝ չի կարող ստանալ իր շահումը։ Հատկանշական է, որ այդ հանդիպումից անմիջապես հետո եթեր հեռարձակվող գովազդի մեջ «Հավաքիր փայտիկները եւ կարող ես շահել…» տեքստին ավելացել է «Ծիծեռնակի» առկայության անհրաժեշտության մասին տողը։ Խ. Աթանեսյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ, իրոք, այդ նախադասությունը վազող տողի տեսքով ավելի ուշ է մտել գովազդի մեջ, թեեւ նրա ասած «2-3-րդ հաղորդումից հետո» ժամկետն ակնհայտորեն չափազանցված է։ Մտցնելու պատճառը, ըստ տնօրենի՝ «մարդկանց մոտ անհասկանալիություն է եղել»։ Սա էլ է, չէ՞, ակնհայտ, որ շահումի պահանջով իրենց դիմելուց հետո է «տողն» սկսել «վազել» գովազդի հոլովակում։ «Մենք ունենք շահումի անցկացման կարգ, թե որ դեպքում է շահումը կայացած։ Հեռուստագովազդով բացատրվում է այդ կարգը»,- ասաց պրն Աթանեսյանը։ Իսկ Քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածը դրան ամենեւին էլ «բացատրել» անունը չի տալիս, այլ «Գովազդը օֆերտա (պայմանագիր կնքելու- Ա. Գ.) անելու առաջարկ է»։ Հեռուստագովազդը հրապարակային օֆերտայի ձեւ է, որովհետեւ այստեղ նշվել են, այսպես կոչված, էական պայմաններ։ Խնդրո առարկա գովազդը, խորհրդատվությունն իրականացնող իրավաբանի բնորոշմամբ, օֆերտա է, որի մի կողմում «Աշտարակ-կաթն» է։ Մյուս կողմը՝ քաղաքացին, դիտելով այն, շահելու ակնկալիքով սկսում է սպառել տվյալ ձեռնարկության տվյալ արտադրանքը։ Եվ դեռ հաշվարկել է պետք, թե սպառման ինչ քանակից հետո է սպառողը վերջիվերջո գովազդում առաջադրված անհրաժեշտ եւ բավարար պայմաններն ապահովել։ Նա հենց այդ պայմանները լսելով է, որ այդ ապրանքն է սկսել օգտագործել, դրանով իսկ ընդունելով հրապարակային օֆերտան եւ իր կողմից այդ պայմանագիրը կնքելով։ Իրավական տեսանկյունից, գովազդատուն կարող է նոր պայմաններ ավելացնել գովազդում, սակայն այս դեպքում քաղաքացին հասցրել էր կատարել արդեն իսկ առաջադրված պայմանները։ Ստացվում է հավանական, որ պայման կատարող յուրաքանչյուր քաղաքացի իր շահումը պահանջելիս կարող է դեմ առնել շահում կազմակերպողի նորանոր պահանջներին։ Իսկ «Աշտարակ-կաթի» գործադիր տնօրենը դա նույնիսկ խոստանում է։ Պարզվում է, որ բացի գովազդվող պաշտպանիչ էլեմենտներից՝ նկար, հիմա նաեւ՝ թվեր, լազերային փորագրություն, գոյություն ունեն, տնօրենի խոսքերով՝ «պաշտպանվածության 4-րդ, 5-րդ, 6-րդ աստիճաններ, որոնք ամրագրված են մեր ներքին հրամանով, գաղտնի են»։ Պրն Աթանեսյանից բացի, նրա հավաստմամբ, ողջ աշխարհում դա գիտեն եւս երկու հոգի. «Մեր ձեռքով ենք դա արել»։ Մի քիչ զավեշտալի է պատկերացնել հսկա ձեռնարկության տնօրենին պաղպաղակի փայտիկների վրա կքած՝ ոսկերիչի դիրքով նշագրումներ կատարելիս, բայց նրա խոսքին չհավատալու ոչ մի հիմք չունենք։ Մուրադյանների շահումի հավաստիությունը ստուգել է հենց գործադիր տնօրենը իր ասած գաղտնի նշաններով։ Սպառողը իրավունք ունի՞ կասկածելու տնօրենին՝ այդ գաղտնի նշանները իր ցանկացածի պես մեկնաբանելու շահագրգռության մեջ։ Ա. Մուրադյանն ասում է, որ առնվազն տարօրինակ է, որ դրա՝ «կեղծ» լինելու փաստը չհայտնաբերեց այն աշխատակիցը, որի մոտ նրանք եղել էին մինչեւ տնօրենին հասնելը։ Վերջինս ասում է, որ միշտ 3-րդ աստիճանում պարզվել է՝ շահում առկա է, թե ոչ, գործը 4-րդ, 5-րդ, 6-րդ աստիճանին չի հասնում։ Մեր իրավաբանը հայտնեց, որ այդ վերապահումների առկայության մասին գովազդում պարտադիր հիշատակություն պետք է լինի։ Կեղծ փայտիկներ, տնօրենի հավաստմամբ, շատ չեն բերում։ Պաղպաղակը, թե փայտիկն է կեղծվում՝ Խ. Աթանեսյանը չէր պատկերացնում։ Իսկ ընդհանրապես. «Ոչ առաջին տարին ենք անում, ոչ էլ ուզում ենք՝ վերջինը լինի։ Մեզ պահողը սպառողն է։ Եթե խաբենք, կկորցնենք մեր սպառողին, կզրկվենք մեզ սնող աղբյուրից»։ Ա. Մուրադյանն ասում է, որ տնօրենի առանձնասենյակում գրեթե համոզվել է, որ շահում չունի։ Սակայն Խ. Աթանեսյանը ցուցադրել է իր մոտ առկա, դեռ բաց չթողնված շահումով թիվ 4 փայտիկը եւ փորձել է այն տեղադրել Ա. Մուրադյանի թիվ 4 փայտիկի փոխարեն։ Գծերն այդպես էլ չեն համընկել։ «Շշուկներ էլ կան, որ ուրիշ շահողների մոտ (նախքան ինձ) չի եղել հետեւի նկարը։ Տնօրենին ասացի՝ նոր եք դրանք արել, այդ մի քանի փայտիկն է նկարով, դուք էն ձեռնարկությունն եք, որ երկու ժամում էլ բոլոր թղթերն ու փայտիկները կսարքեք։ Ասաց՝ կարող եք այդպես մտածել»։ Մեզ թույլ տանք եզրակացնել, որ «Աշտարակ-կաթը» իրեն սնող առնվազն մի աղբյուրից զրկվեց։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել