Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացիք խաբեցի՞ն

Օգոստոս 23,2002 00:00

Եվրոպացիք խաբեցի՞ն Կարծես իշխանությունները քիչ էին երես տալիս «27»-ի ոճրագործներին, հիմա էլ նրանց միացավ ԵԽ ԽՎ դիտորդական խումբը։ Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ ԵԽ ԽՎ դիտորդական խումբը, այնուամենայնիվ, հանդիպել է Նաիրի եւ Կարեն Հունանյաններին։ «Առավոտը» փորձեց լուրը ճշտել «27»-ի գործը վարող դատավոր Սամվել Ուզունյանից։ Պրն Ուզունյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ նման հանդիպման մասին, եւ որքան էլ աբսուրդ է, տեղյակ էլ չպետք է լիներ, քանի որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի 4-րդ կետում նշված են այն պաշտոնները, որոնք առանց որեւէ մեկի թույլտվության կարող են անարգել այցելել ձերբակալվածներին եւ կալանավորվածներին։ Դրանք են՝ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, նաեւ՝ միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵԽ։ «Առավոտը»՝ հղում կատարելով ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանին, հայտնել էր, թե «27»-ի ոճրագործներին հանդիպելու թույլտվություն կարող է տալ գործը վարող դատավորը։ Դատավորն էլ՝ հղում կատարելով վերը նշված օրենքի հնարավոր հոդվածին, ասաց, թե իրենից որեւէ մեկը նման թույլտվություն չի էլ խնդրել եւ չպետք է խնդրեր։ Եվ զարմանք հայտնեց, որ Վիկտոր Դալլաքյանը նման բաները չգիտի։ Երեկ ամբողջ օրն «Առավոտը» փորձում էր ինֆորմացիա ստանալ համապատասխան մարմիններից։ Ազգային անվտանգության նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Մանուկյանն ասաց, թե ինքը որեւէ տեղեկություն չունի հանդիպման մասին։ Պարզապես աբսուրդ է, որ իր ենթակայության տակ գտնվող մեկուսարան միջազգային դիտորդներ են այցելում հայրենիքի դավաճանություն եւ ահաբեկչական գործողություն իրականացրած հանցագործ մարդասպաններին, եւ նախարարությունը տեղեկություն չունի։ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից ասացին, որ իրենց ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներ որեւէ այցելություն չի եղել։ Նախորդ օրվա մեր հրապարակման մեջ ասել էինք՝ քանի որ ԵԽ դիտորդական խումբը հայտարարեց, թե մտադրություն չի ունեցել հանդիպել «27»-ի ոճրագործներին, ուրեմն Ն. Հունանյանին մնում է ուտել իր ձեռնաշղթաները, որոնցով ցուցադրաբար ներկայացել էր դատարան՝ դիտորդների Հայաստան այցելելու առաջին օրը։ Այսօր ստիպված ենք արձանագրել, որ Հունանյանի հետ այդ գործողությունը (ձեռնաշղթաներ ուտելը) պարտավոր են կատարել տեղի համապատասխան ատյանները՝ ԵԽ դիտորդական խմբի գլխավորությամբ։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել