Թեկնածուների արժեթղթերը չեն հայտարարագրվի Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներն իրենց սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում իրենց եւ ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ հայտարարագիր պետք է լրացնեն։ Երեկ իր արտահերթ նիստում այդպես որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նրանք պետք է հայտարարագրեն շենքերը, շինությունները (բնակարան, առանձնատուն, ամառանոց, ավտոտնակ, արդյունաբերական, առեւտրի, բնակչության սպասարկման եւ այլ անշարժ գույք), հողատարածքները (տնամերձ հողամասեր, վարելահողեր, արոտավայրեր), տրանսպորտային միջոցները եւ գյուղատնտեսական տեխնիկան։ Այս ցուցակում արժեթղթերի բացակայության փաստի վերաբերյալ հանձնաժողովականների եւ լրագրողների անհանգստությունը ԿԸՀ փոխնախագահ (ՀՅԴ ներկայացուցիչ) Համլետ Աբրահամյանն այսպես փաստեց. «Քանի որ սա տեղական ինքնակառավարման եւ ավագանու ընտրություններ է, իսկ դրանց 80 տոկոսը գյուղական վայրերում են՝ նպատակահարմար գտանք առաջարկել այս ձեւը»։ Ու հիմնավորեց. «Ավագանու ինստիտուտը չի ձեւավորվում, որովհետեւ ավագանու անդամն իսկի ծրարի փող չունի, ուր մնաց…»։ Ավագանիների 80 տոկոսը կազմող եւ «ծրարի փող չունեցող» գյուղաբնակ ավագանիների հետ մեկտեղ «Առավոտը» ԿԸՀ ուշադրությունն է հրավիրում 20 տոկոս քաղաքաբնակ ավագանիների խնդրին՝ հանկարծ ու ծրարի փողից ավելին ունենան։ Իսկ ԱԺ պատգամավորի առաջիկա թեկնածուները թող չշտապեն ուրախանալ, քանզի ԿԸՀ նախագահը պատգամավորական ընտրությունների ժամանակ սպառնաց «դա հաշվի առնել»։ ԿԸՀ-ն հաստատեց նաեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ վերջին մեկ տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ տվյալ համայնքում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանքներ ստանալու կարգը, ըստ որի՝ դրանք տրվում են ՀՀ ՆԳՆ տարածքային ներքին գործերի բաժնի պետի կողմից՝ դիմելու օրվանից եռօրյա ժամկետում։ Այդ առիթով ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանն ըմբոստացավ, թե «տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում նշված չէ վերջին մեկ տարում այդ համայնքի բնակիչ լինելու պարտադիր փաստը»։ «Տրամաբանությունն է այդպես թելադրում»,- հնչեց ԿԸՀ նախագահի պատասխանը։ Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակներում ընտրողի տվյալներում տեղ գտած տառա եւ թվային սխալների ուղղմանը, ապա՝ անձնագրային մյուս տվյալների համընկնելու դեպքում՝ դրանք ազդեցություն չեն ունենա տվյալ անձի՝ ընտրություններին մասնակցության վրա։ Ի դեպ, ընտրացուցակներում կլինեն նաեւ հայրանունները, եւ ԿԸՀ նախագահը հորդորում է մինչեւ 1999 թ. տրված անձնագրերի (որտեղ հայրանուն չկա) դեպքում առաջացող խնդիրները հարթել. «մինչեւ 2006 թ. դրանք էլ կփոխվեն եւ հարցը կլուծվի»։ Իսկ ինչ վերաբերում է ընտրողների ցուցակների պատճենները քաղաքացիներին տրամադրելուն՝ համայնքի ղեկավարը, սկսած քվեարկության օրվանից, 40 օր առաջ պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել տվյալ տեղամասի ընտրողների ցուցակների պատճենները՝ ցուցակի յուրաքանչյուր էջը՝ Երեւան քաղաքում 10 դրամ, իսկ մարզերում՝ 20 դրամ, քաղաքացու գրավոր դիմումից հետո 3 օրվա ընթացքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ։ Մարզերում վճարի 20 դրամն իբրեւ «մարզային հանձնաժողովների խնդրանքով է», որովհետեւ Ա. Սահրադյանի հիմնավորմամբ՝ «մարզերում պատճենահանող սարքերի թիվը քիչ է, քարտրիչները եւ այլնը ձեռք բերելը դժվար է»… ՀՀ Ընտրական օրենսգրքի տարբեր հոդվածների համաձայն՝ որոշվեցին նաեւ վստահված անձանց գրանցման, ընտրողների ցուցակների կազմման, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգերը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ