Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄԻ ՎԱՅԵԼԵԼՈՒ ԲԱՆ ԷԼ ՉԿԱ»

Օգոստոս 23,2002 00:00

«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄԻ ՎԱՅԵԼԵԼՈՒ ԲԱՆ ԷԼ ՉԿԱ» «Միասնություն» դաշինքի 1999 թ. հաղթանակի պտուղները միայն ՀՀԿ-ի վայելելու իրողության առնչությամբ ասում է այդ կուսակցության եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ -Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ Դուք ՀԺԿ-ի քարտուղարներին ՀՀԿ-ի անունից հայտարարել եք, թե ընտրական հանձնաժողովների հարցում Ձեր կուսակցությունը զիջումների չի գնալու, ՀԺԿ-ին ոչինչ չի տալու, մանավանդ որ՝ նախագահական ընտրություններում լինելու եք տարբեր ճամբարներում։ – Ճշգրտման կարիք կա։ ՀԺԿ քարտուղարներ Ստեփան Զաքարյանն ու Վարդան Մկրտչյանը մեր հանդիպման ընթացքում առաջարկել են, թե հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն ԿԸՀ-ում Աշոտ Սարգսյանի առնչությամբ որեւէ դժգոհություն չեն ունեցել անցած ժամանակահատվածում՝ իրենց կարծիքով, ճիշտ կլիներ, եթե Աշոտ Սարգսյանը մնար ԿԸՀ-ում, իսկ մնացած տեղերը կիսվեին հավասարապես։ Այդ առաջարկը ներկայացրել եմ ՀՀԿ-ի մյուս ղեկավարներին։ Եվ քննարկումից հետո ՀԺԿ-ին հայտնել եմ մեր կուսակցության տեսակետը։ Այն է՝ տեղերը հավասարապես բաշխելու մասին ընդհանրապես չի կարող խոսք լինել։ Իմ անձնական տեսակետը հայտնեմ. Աշոտ Սարգսյանն իսկապես բավական պարկեշտ է հանդես եկել այս ամբողջ ընթացքում։ Խնդիրն այլ է. եթե ես լինեի ԿԸՀ անդամ ու նաեւ դատարանում տուժողներից մեկի ներկայացուցիչը՝ ինքս կհրաժարվեի այս նոր ձեւավորվող հանձնաժողովի (հաշվի առնելով առաջիկա ընտրությունները) անդամ լինելուց այն պատճառով, որ, համոզված եմ, այդ առումով շահարկումներ շատ կարող էին լինել հետագայում։ Բայց ինչեւէ։ Ցավոք, այս ընթացքում, երբ արդեն զարգանում էին իրադարձությունները, եղան ՀԺԿ ներկայացուցիչների կողմից բավականին կոշտ հայտարարություններ նաեւ ՀՀԿ-ի հասցեին։ Բնականաբար, չեմ կիսում այդ գնահատականները։ Կարծում եմ, որ ճիշտ չէ գոնե այս դեպքում հղումներ անելը 1999 թ., երբ «Միասնության» երկու առաջնորդները ողջ էին, եւ այն ժամանակվա իրավիճակից ելնելով քայլեր էին արվել։ Դժբախտաբար, այս ընթացքում «Միասնություն» դաշինքը չպահպանվեց։ Ցավոք, նաեւ կարելի է արձանագրել, որ խմբակցությունը, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ ՀԺԿ ներկայացուցիչները չեն մասնակցում խմբակցության նիստերին։ Այսինքն, խմբակցությունը մնացել է փաստացի բաղկացած ՀՀԿ ներկայացուցիչներից եւ մի շարք պատգամավորներից, որոնցից մի քանիսը որեւէ կուսակցության անդամ չեն, մյուսները ԺԴԿ-ից են։ – Նույնիսկ ԺԴԿ-ին տեղեր չեք հատկացրել ընտրական հանձնաժողովներում։ – «Ընտրական օրենսգրքի» ողջ տրամաբանությունը հետեւյալն է, որ ընտրական հանձնաժողովներում պետք է ներկայացվեն այն կուսակցությունները, որոնք նախորդ ընտրությունների արդյունքում են եկել ԱԺ։ ԺԴԿ ներկայացուցիչները չեն մասնակցել ընտրություններին եւ, կարծում եմ, շատ տրամաբանական էր, որ պիտի լիներ այն, ինչ եղավ։ – ՀՀԿ առանձին ներկայացուցիչներ էլ չեն մասնակցել 1999 թ. ընտրություններին։ – Այո, մասնակցել են «Միասնության» կազմում։ – Բայց հիմա ստացվում է այնպես, որ ՀԺԿ-ի, ԺԴԿ-ի, «Հայաստան» խմբի երկրապահների միասնական ջանքերով ԱԺ ընտրություններում հաղթանակի «արդյունքները» մասնավորեցրել եւ վայելում է ՀՀԿ-ն։ – Ցավոք, առանձնապես մի վայելելու բան էլ չկա։ Համոզված եմ, որ առաջին հերթին դա պատասխանատվություն է։ Չմոռանանք, որ 2000 թ. մայիսին, երբ Անդրանիկ Մարգարյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը եւ ձեւավորեց կառավարություն՝ թվարկած բոլոր ուժերից միայն ՀՀԿ-ն էր, որ հայտարարեց, թե քաղաքական պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության համար։ Այդպես չի լինում, որ միայն իրավունքներ ունենաս. դրանց կողքին նաեւ կան պարտականություններ, որոնք, ի դեպ, ուղղակիորեն բխում են հենց ընտրությունների արդյունքներից։ Եվ երբ մարդիկ հրաժարվում են այդ պարտականություններից, ստացվում է, որ, բնականաբար, հրաժարվում են ինչ-ինչ իրավունքներից էլ։ – Որքանո՞վ է ուղղակի կապը կառավարության գործունեության համար պատասխանատվության եւ «Միասնություն» դաշինքին հատկացված տեղերի միջեւ։ – Իհարկե, սրանք իրար անուղղակի են առնչվում։ Եվ այդ առնչությունը հետեւյալն է. եթե ընտրությունների հետ պիտի կապենք տարբեր հանձնաժողովներում ներկայացվածությունը, ուրեմն նաեւ պիտի հաշվի առնենք մեկ այլ հանգամանք. երբ մարդիկ տվեցին իրենց քվեն՝ ինչպե՞ս դա օգտագործվեց։ Ի վերջո, քվե ստանալը նաեւ պատասխանատվություն է։ Ըստ էության, ոչ միայն՝ ՀԺԿ-ի, այլ նաեւ՝ «Հայաստան» խմբի հայտարարությունները եւ արած քայլերն առանձնապես ընդհանրություն չունեին այդ պատասխանատվության հետ։ – Ընտրողները պիտի որոշեն, թե ինչպես է օգտագործվել իրենց քվեն, եւ ոչ թե ՀՀԿ-ն։ – Անշո՛ւշտ։ Բայց ընտրողները որոշում են միայն ընտրության ժամանակ։ … Անկեղծ ասած, իմ կարծիքով, շատ լավ կլիներ, եթե այլ ճանապարհով գնար ամեն ինչ եւ չհնչեին նման գնահատականներ։ Առավել եւս, որ այն, ինչի հետ ի վերջո կապվում է այս ամենը՝ իրականում բացարձակապես կապ չունի ո՛չ հանձնաժողովում անդամ, ո՛չ էլ նախագահ, տեղակալ կամ քարտուղար ունենալ-չունենալու հետ։ Ի վերջո, այն կուսակցությունները, որոնք կմասնակցեն ընտրություններին՝ կունենան նաեւ վստահված անձինք եւ նրանց միջոցով եւս լիարժեքորեն կվերահսկեն հանձնաժողովների աշխատանքները։ Ես, որ ԿԸՀ անդամ եմ եղել ժամանակին, կարող եմ վստահաբար պնդել, որ մեկ անդամը եւս (եթե մարդն իսկապես տեղյակ է օրենքից եւ ունի անհրաժեշտ կարողություններ) կարող է հեշտորեն վերահսկել աշխատանքը։ – Սակայն որեւէ վճռորոշ ազդեցություն քվեարկությունների եւ այլնի ժամանակ չի ունենա։ – Լիովին համաձայն եմ, բայց սա, ճիշտն ասած, առանձնապես էական չեմ համարում՝ երկու պատճառով։ Նախ. իսկապես, եթե որեւէ մեկը հույս ունենա ընտրախախտումներով արձանագրել հաջողություններ՝ շատ արագ «հատուցում կստանա»։ Մյուս կողմից, նման թվով մարդկանց ներկայությունը եւ աշխատանքը, համոզված եմ, թույլ չի տա անել լուրջ խախտումներ։ – 56 ընտրատեղամասերից հազիվ մի քանիսում ընդդիմության ներկայացուցիչները մաս կազմեցին հանձնաժողովների ղեկավարությանը։ Նախորդ իշխանությանն էր հատուկ ընդդիմությանը տեղեր չտալու, մի տեսակ՝ ամբողջատիրական ձգտումը։ Այս իշխանությունն է՞լ է գնում նույն ճանապարհով։ – Իհարկե՝ ո՛չ։ Նախ ընդհանրապես համեմատելու բան չկա։ Նախորդ իշխանության օրոք նման բան չէր եղել, որ ուրիշ քաղաքական ուժեր, հատկապես՝ ընդգծված ընդդիմադիր, տեղեր ունենային հանձնաժողովների ղեկավարությունում։ – Որքան հիշում եմ, ասենք, ԱԻՄ-ն առանձին հանձնաժողովների ղեկավարության մեջ ուներ տեղեր։ – Ճիշտն ասած, դեռեւս անհայտ է՝ ԱԻՄ-ն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ։ Մյուս օրինակն էլ հիշեցնեմ, որ երբ «Միասնությունը» եկավ իշխանության՝ ԱԺ հանձնաժողովներ գլխավորեցին մարդիկ, որոնք ընդդիմության ներկայացուցիչներ էին։ Նման բան չի եղել նախորդ իշխանության օրոք։ – Առաջին խորհրդարանի նախագահության զգալի մասն ընդդիմադիրներ էին։ – 1991-ին նախկին իշխանություն, ընդդիմություն չկար (ծիծաղում է.- Ա. Ի.)։ Կարծում եմ, դրանք առաջացան արդեն հետո։ Դա Հայաստանի քաղաքական կյանքի ռոմանտիկ շրջանն էր։ Եվ այդ մարդիկ հետո դարձան ընդդիմադիր։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել