ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՊԼԱՏՖՈՐՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՂԻՆ Ամռան կեսերին հրապարակվեց ԺԴԿ-«Արժանապատիվ ապագա» («Իրավունքի» սրամիտ բնորոշմամբ՝ «Ասլան եւ Լյուդմիլա») քաղաքական դաշինքի մասին։ Սակայն, որքան էլ՝ դաշինքավորված, որքան էլ՝ պետականամետ, ԺԴԿ-ն ընտրական հանձնաժողովներում որեւէ տեղ չստացավ եւ մնաց ձեռնունայն։ Ակնհայտորեն, ԺԴԿ-ի մոտ ինչ-որ բան չի ստացվում եւ իշխանական ճամբարն առայժմ համապատասխան վրան չի տրամադրել պետականամետին։ Իսկ որոշ «իշխանական» որակվող լրատվամիջոցներ շտապեցին ԺԴԿ-«Արժանապատիվ ապագա» դաշինքին կիսահեգնական գնահատականներ տալ։ Արդյո՞ք ԺԴԿ-ն ընտրություններից առաջ չի հայտնվել խաղից դուրս վիճակում։ ԱԺ փոխնախագահ, ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանը կարծես համաձայն չէ այս դիտարկմանը. «Նախ, չեմ կարծում, որ ճիշտ է որոշ լրատվամիջոցների գնահատականներով այդպիսի ընդհանրացում անելը եւ, այնուամենայնիվ, մամուլում այդպիսի հրապարակումները մեզ համար անակնկալ չեն։ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ստեղծումից ի վեր մենք հայտարարել ենք, որ գործելու ենք առանց պոպուլիզմի եւ կեղծ ժողովրդապաշտությանը տուրք տալու, որ մենք պետականամետ, շեշտում եմ՝ պետականամետ, ոչ իշխանամետ ուժ ենք, որ մեր նպատակը քաղաքական դաշտում կառուցողական, իրականությունն իրատեսորեն վերլուծող եւ ճշմարտացի ներկայացնող, պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը նպաստող քաղաքական ուժ լինելն է, որ մենք փորձելու ենք կամուրջ դառնալ ժողովուրդ-իշխանություն երկխոսությանը։ Ահա այս պարագայում մենք տեսնում ենք, որ կլինեն հոդվածներ ե՛ւ աջից, ե՛ւ ձախից»։ Անդրադառնալով «Արժանապատիվ ապագա» կուսակցության հետ ստեղծած դաշինքին, պրն Ասլանյանն ասաց, որ քաղաքական ուժերի դիրքերի հստակեցման եւ այդ ուժերի համախմբման անհրաժեշտություն կա։ «Հաշվի առնելով նախկինում ձեւավորված դաշինքների ստեղծումն ու հետագա ճակատագիրը, «Արժանապատիվ ապագա»-ի հետ մեր համագործակցությունը կառուցում ենք ավելի լուրջ հիմքի վրա, այն է՝ ժողովրդավարական արժեքներին ապավինող միասնական քաղաքական պլատֆորմի մշակումը եւ դրանով հանրությանը ներկայանալը։ Սա նախընտրական դաշինք չէ իրավիճակային խնդիրներ լուծելու համար, այլ ունի ռազմավարական նպատակներ»։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ստեղծված դաշինքի անունը նախընտրական չէ, ակնհայտ է, որ ընտրություններից առաջ ստեղծված ցանկացած բան անմիջականորեն է առնչվելու դրանց, եւ հետո ԺԴԿ-ն ստիպված է կողմնորոշվել՝ ո՞ւր է թեքվելու։ Մեր տպավորությամբ, այսօր պետականամետ կուսակցությունը, որը հայտարարում է, թե ուզում է կապող օղակ դառնալ իշխանության եւ ժողովրդի միջեւ, առայժմ անուշադրության է մատնված։ Արդյո՞ք ԺԴԿ-ին չի խանգարում իր իսկ հայտարարությունը պետականամետ եւ ոչ թե իշխանամետ լինելու վերաբերյալ, քանզի պարզ է, որ այսօրվա իշխանություններին իշխանամետներն են հետաքրքրում, որպեսզի լավ օգտագործեն։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ պրն Ասլանյանն ասաց. «Երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել, լինել գործոն՝ նպաստելով երկրի, պետության կայացմանն ու ամրապնդմանը։ Ես դեմ եմ, որ պետական խորհրդանիշերի նկատմամբ կա որոշակի բացասական վերաբերմունք։ Ես դեմ եմ, որ ծայրաստիճան գռեհիկ ձեւով են ներկայացվում այս կամ այն պետական արժեքները, բայց եւ դեմ եմ, երբ նույն իշխանամետ մամուլը՝ շատ լավ տեսնելով, թե ինչ է կատարվում կառավարման օղակներում, փորձում է չտեսնելու տալ։ Այս ամենը վերջին հաշվով ազդում է պետության հեղինակության վրա»։ ԺԴԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին, եթե մասնակցելու է, ինչպե՞ս, ո՞ր ուժերի հետ եւ ո՞ւմ թեկնածությունն է պաշտպանելու նախագահական ընտրություններում։ Այս եւ մեր բազմաթիվ այլ հարցերի պատասխանելով՝ Գագիկ Ասլանյանն ասաց, որ ԺԴԿ-ն մասնակցելու է ընտրություններին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ջանալու է «օգնել խելացի, պարկեշտ մարդկանց, անկախ կուսակցական պատկանելությունից, կանգնել այն թեկնածուի կողքին, որին ընդունում է տվյալ համայնքի բնակչության մեծամասնությունը։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ է, որովհետեւ դրանով մենք կմեղմենք այն լարվածությունը, որը որպես կանոն առաջանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Այսինքն, փորձելու ենք համախմբող գործոն դառնալ»։ Գագիկ Ասլանյանի ներկայացմամբ, նախագահական ընտրությունների ժամանակ կուսակցությունը կպաշտպանի այն թեկնածուին, որը պաշտպանի ԺԴԿ- «Արժանապատիվ ապագա» քաղաքական դաշինքի շուտով հրապարակվելիք պլատֆորմը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ