Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՂՆ Ի՞ՆՉ ԿՈՒԶԻ՝ ՄՈՒԹ ԳԻՇԵՐ»

Օգոստոս 22,2002 00:00

«ԳՈՂՆ Ի՞ՆՉ ԿՈՒԶԻ՝ ՄՈՒԹ ԳԻՇԵՐ» Վանաձորի քաղաքապետին վերջերս դուր չէր եկել, որ «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթում գրվել էր, թե փողոցները միակողմանի են լուսավորվում, ուստի տեղական իշխանությունների հետ հարաբերություններն էլ կարող են լինել միակողմանի։ Կարծում ենք, որ դժգոհությունը «տեղին» է եղել այն առումով, որ որոշ փողոցներ (միգուցե՝ շատ ավելի, քան տեղյակ ենք) ոչ միակողմանի, ոչ էլ երկկողմանի լուսավորություն չունեն եւ գիշերային ժամերին այդ փողոցներով անցնող քաղաքացին ոչ մի երաշխիք չունի, թե հանկարծ չի հայտնվի որեւէ ջրափոսում, ցեխալճակում կամ բաց դիտահորում, եթե իր հետ լապտերիկ չի վերցրել։ (Դիտահորում հայտնվելու դեպքեր, որոնցից մեկին անդրադարձել էր Հանրային հեռուստատեսությունը, արդեն իսկ եղել են)։ Խոր մթության մեջ թաղված փողոցներից մեկն էլ կենտրոնական փողոցի հավակնող Կ. Դեմիրճյանի փողոցն է (նախկինում՝ Գ. Լուսավորչի)։ Թերեւս այդ հանգամանքն է նպաստում, որ գիշերային ժամերին այդտեղ հաճախ են նկատվում երկաթուղայինների այգուց կամ մոտակա ռեստորանից ուղեւորվող հարբած անցորդների վեճ ու տուրուդմփոցներ՝ հայհոյանքներով համեմված։ Որոշ փողոցներ էլ ավելի հաճախ լուսավորվում են այդ տարածքում տեղակայված առեւտրի օբյեկտների «հաշվին», նրանց լուսավորության շնորհիվ։ Օրվա ընթացքում այդ լուսավորությունը կարող է տեւել այնքան, քանի դեռ այդ օբյեկտները աշխատում են, իսկ հետո՞։ Ուրեմն եթե գործարանները նախկին տարիների նման չեն աշխատում ու գիշերային հերթափոխ չկա, երեկոյան սեանսի կինոնկարներ չեն ցուցադրվում, որովհետեւ կինոթատրոններ չկան, «կարելի» է փողոցները չլուսավորե՞լ։ Բայց չէ՞ որ մթությունը նաեւ հանցագործություններին նպաստող հանգամանք է, ինչի վկայությունը կարելի է գտնել քրեական տարբեր հաղորդագրություններում։ Իզուր չէ ասված՝ «Գողն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր»։ Չենք կարծում, թե փողոցների լուսավորությունը պակաս կարեւոր բնագավառ է, քան այն բնագավառները, որոնց օգտին բյուջեից հատկացումներ են կատարվում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել