ՔԱՆԴՈՒՄԻՆ ՀԵՇՏԱՆՔԸ Երբ եթերով պետական այրերը պարծանքով թվում են քաղաքի բարենորոգումները, զայրույթից սկսում եմ էկրանի հետ վիճել։ Թող չափազանցված չհնչի. այն, ինչ այժմ կատարվում է Երեւանի փողոցներում, գերազանցում է բնական աղետների պատճառած վնասները։ Երկրաշարժերը իրենց ողբերգական հետեւանքներով (թող ներեն ինձ աղետից տուժածները) կործանիչ են հատկապես խարխուլ շինությունների եւ անփայտ կառույցների համար։ Բարենորոգումների թիրախ մեզ մոտ դարձել են հիմնականում մնայուն շինությունները։ Դրանցից են նաեւ տասնամյակների ընթացքում քարտաշի ձեռքի եւ հատիչի օգնությամբ հղկված մայթերի եզրաքարերը (բորդյուրները), որոնց համար ժամանակին ընտրվում էին բազալտի կարծր տեսակներ։ Դրանց համար մեծ գումարներ են ծախսվել։ Կրելով իրենց վրա քաղաքի անցուդարձը, դրանք արդեն հղկվել են երեւանցիների կրունկների տակ։ Այժմ որոշ «փայլուն» գլուխներ որոշել են բազալտե եզրաքարերը փոխարինել Սիսիանի հանքի քարերով, որոնք շատ զգայուն են ջրի, ցրտի եւ մեխանիկական հարվածների նկատմամբ։ Դեռ շատ փողոցներ սպասում են վերջապես աշխատանք գտած բանվորի կամ բուլդոզերի երկաթյա «ժանիքների» հարվածներին, որովհետեւ կաբինետներում շարունակում են մեկ ստորագրությամբ «սրբագրել» նախորդների աշխատանքը։ Չլինի՞ թե մենք աշխարհի ամենամեծ երկիրն ենք, որ կարող է իրեն թույլ տալ վերանորոգում անվան տակ ծայրից ծայր փոխել բոլոր բորդյուրները։ Քանիցս եղել եմ Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» գրասենյակում, հայտնել մտահոգությունս, սակայն այստեղ բոլորը խոսքները մեկ արած պնդում են, որ բորդյուրների համար օգտագործվող փափուկ քարը իբր լաբորատոր ստուգումներ անցած վկայագիր ունի։ Բացարձակ դեմագոգիա։ Հայաստանում այսօր ցանկացած միլիոնատեր հեշտությամբ կարող է աղքատի տեղեկանք ձեռք բերել։ Հետաքրքիրն այն է, որ նախագծման աշխատանքներին մասնակցում են նույն ճարտարապետները, ովքեր «հեռատեսորեն» գետնանցումների դիմաց թեք հարթություն են նախագծել ամբողջ լայնքով («լավ» տղերքի մեքենաների համար), որի պատճառով ձմռանը կավելանա սայլակավոր հաշմանդամների թիվը. նույնիսկ միաժամանակ մի քանի սայլակ կարող է անցնել այդ մասով։ Երեւանի ամեն փողոց ունի իր ոճը, իսկ բոլոր փողոցները միասին, լրացնելով միմյանց, ստեղծում են քաղաքի պատկերը։ Մաշտոցի պողոտայում, օրինակ (որ 50-ականներին է կառուցվել), մետաղաձույլ լուսավորության սյուները համահունչ են ընդհանուր լուծմանը։ Ավելին, դրանք այնքան ամուր են, որ նույնիսկ երկրաշարժը չի կարող տապալել։ Մի բան, որ հեշտությամբ անում է մարդկային տկարամտությունը։ Զարմանում եմ, ինչպե՞ս կարելի է ոչ արդյունավետ ծախսել մեր հայրենակցի միլիոնները։ Ինքնանպատակ եմ համարում նաեւ «գիտակների» այն որոշումը, որի համաձայն ժամանակակից սյուներ են տեղադրվելու փողոցներում. ախր ի՞նչ կտան դրանք երեւանցիներին։ ՆՈՐԱՅՐ ԿԱՐԳԱՆՅԱՆ Քանդակագործ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի գլխավոր մասնագետ Մ. Վահանյանը հավաստիացրեց, որ փողոցների փոխվող եզրաքարերը համապատասխանում են բոլոր շինարարական նորմերին։ Նաեւ չժխտեց, որ իսկապես դրանց մի մասը Սիսիանի փափուկ քարից է պատրաստված։ Իսկ Ն. Կարգանյանի հասցեին Մ. Վահանյանը նետեց. «Թող գնա իր Տերյանի արձանի մասին մտածի, որ էլի նույն քարից է կերտել»։ Մ.Վահանյանից նաեւ տեղեկացանք, որ չուգունե սյուները Մաշտոցի պողոտայից հանվում են, որպեսզի տեղադրվեն Աբովյան փողոցում, քանի որ «նրա լուսավորման մակերեսը վերեւի պսակի ձեւավորման հետ համահունչ է»։