Չափանիշները խստացվում են օրենքով Բուհական ընդունելության քննությունները խորհրդային ավանդույթի համաձայն՝ մնում են ազգային եկամուտի վերաբաշխման ստվերային կարեւոր մեխանիզմ, որի շուրջը շատերի շահերն են խաչաձեւվում, բախվում ու կիզակետվում։ Բնականաբար, ամենամեծ լարումը քննության կազմակերպիչների ու դիմորդների միջեւ է։ Վերջիններս ամեն գնով ձգտում են առավելագույն արդյունքների, իսկ առաջինները ջանք չեն խնայում գերազանց գնահատակնների հեղեղի դեմն առնելու համար։ Ոմանք զարմանում են. «Ինչո՞ւ են կրթության նախարարները, առարկայական հանձնաժողովների նախագահներն այդքան սրտնեղում բարձր գնահատակնների առատությունից, փոխանակ ուրախանալու»։ Քննության կազմակերպիչները բացի սեփական երեխաներից ունեն նաեւ «իրենց» երեխաները, որոնք բավական մեծ թիվ են կազմում եւ ոչ միշտ են խելոք ու պարապած։ Նրանց հաջողությունն ապահովելը, բնականաբար, պիտի լինի մյուսների հաշվին (տեղերը սահմանափակ են)։ Ահա այդ «մյուսների» հաջողությունն է, որ սրտնեղել է տալիս կազմակերպիչներին, քանի որ դրանով վտանգվում է «իրենց»172ների հաջողությունը։ Եվ հույժ կարեւոր խնդիր է առաջանում «մյուսներին» ներքեւ հրելով՝ նվազեցնել բարձր միավորների քանակը, թվերը մոտեցնել հավանականի սահմանին։ Այս խնդիրը լուծելու մի քանի եղանակ կա։ Այն առարկաները (պատմություն, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն), որոնցում գնահատման չափանիշները հստակ չեն կամ կա թեկուզ մասնագիտական թեմաներով շարադրության «պղտոր ջուր», խնդիրն ավելի հեշտ է լուծվում. պայմանավորվում են գերազանցի շեմը կամայականորեն իջեցնել եւ, օրինակ՝ «20» (նույնիսկ 19) ընդհանրապես չնշանակել։ Դրանցից ընդամենը գնահատման սանդղակն է 1-2 միավորով փոքրանում, խստության, օբյեկտիվության ու արդարության տպավորություն է ստեղծվում, իսկ մնացած ամեն ինչը մնում է նույնը։ Սա գնահատականների յուրատեսակ արհեստական արժեւորում է (դեֆլացիա)։ Այլ դեպքերում (օրինակ՝ քիմիան) բարդացվում է քննության բովանդակությունը՝ դպրոցական ծրագրերը եւ դասագրքերը բուհականին նմանեցնելու ճանապարհով։ Այդ եղանակը երբեմն արդյունք չի տալիս, քանի որ ինչքան էլ ստուգվող նյութը մեծացվում ու բարդացվում է, միեւնույն է, դիմորդները արագորեն հաղթահարում են այն եւ բարձր միավորներ վաստակում։ Դա նկատելի է հատկապես հայերենի եւ անգլերենի գրավորների առումով, մանավանդ դրանց գնահատման չափանիշներն այնքան հստակ ու ստույգ են, որ պատմության քննության նման ձեռնածությունների հնարավորություն չեն տալիս։ Ավելի խղճով տարբերակ է նույն բովանդակության դեպքում գնահատման չափանիշների օրինական խստացումը։ Այս տարի այդպես արվեց մաթեմատիկայի դեպքում։ Եվ դա տվեց իր դրական արդյունքը՝ գրեթե առանց խախտելու դիմորդների նկատմամբ «հավասար պայմանների ապահովման» սկզբունքը (մի բան, որ չի կարելի ասել, օրինակ՝ պատմության քննության մասին, որտեղ երկու միանման գրավոր կարող են գնահատվել մինչեւ 10-12 միավորի տարբերությամբ)։ Ամենավատ եղանակը ստուգման ընթացքում կիրառվող մանրախնդրությունն է։ Սովորաբար այդպես են վարվում լեզուների քննություն անցկացնողները՝ ընկնելով ջնջումների, վրիպումների, հարակից ու տեխնիկական սխալների, անապացուցելի ոճական անհարթությունների, առաջադրանքների պահանջների արտագրության, տողադարձից խուսափելու եւ այլ անմտությունների հետեւից՝ հաճախ միավորներ հանելով գնահատման չափանիշներով չնախատեսված դեպքերի համար։ Մինչդեռ մանրախնդրությունը կանխելու ամենադյուրին ճանապարհը չափանիշները խստացնելն է։ Օրինակ՝ հայերեն գրավորներում այժմ ուղղագրական սխալի համար հանվում է 0,5-ից 1 միավոր, կետադրականի համար՝ 0,2-0,5 միավոր, քերականականի համար՝ 0,25-0,5 միավոր, բառագիտության համար՝ 0,2 եւ այլն։ Ուրեմն կարելի է մինչեւ 50-55 սխալ ունենալով՝ հայերենից դրական գնահատական ստանալ։ Մինչդեռ նույն հայերենից թելադրության քննության ժամանակ ուղղագրական նույն սխալի համար հանվում էր 2 միավոր, կետադրականի համար՝ 1 միավոր (այլ կարգի գիտելիքներ սովորաբար չէին ստուգվում)։ Եվ 5 ուղղագրական (կամ 9 կետադրական) սխալը բավարար էր կտրվելու համար։ Հայերենի մասնագետները եւ քննությունների կազմակերպիչները չափանիշները խստացնելու դեմ առարկում են՝ պնդելով, թե տրվող ու հանվող միավորների միջեւ հավասարակշռություն պետք է լինի։ Այդ սկզբունքը հենց հիմա էլ մասամբ է միայն կիրառվում։ Իսկ թելադրության ժամանակ բնավ չի կիրառվել. ընդունելության թելադրության տեքստերում (մոտ 200 բառ) միջին հաշվով լինում էր ուղղագրական արժեք ունեցող 40-50 բառ, 20-25 կետադրական դեպք, որոնք արժեն 100-150 միավոր (չհաշված՝ չնախատեսված սխալները, որոնց հնարավոր քանակն անսահման է), մինչդեռ այդ բոլորը ճիշտ գրելու համար տրվում էր ընդամենը 20 միավոր։ Ահա մաթեմատիկոսների կիրառած դյուրին եղանակը թողած՝ հայոց լեզվի եւ անգլերենի գրավոր քննությունների նախագահները ամեն առիթով հայտարարում են, թե ներկայումս գործածվող շտեմարանները հեշտ են, այդ պատճառով էլ միավորները շատ բարձր են, ուրեմն պետք է քննության նյութը բարդացնել։ Առանց այն էլ անգլերենի ընդունելության քննության համար պահանջվում է բուհական 3172րդ կուրսի մակարդակ։ Բանավոր անգլերենի հանձնաժողովի նախագահն էլ ասում է, թե դպրոցի ծրագրի լիարժեք իմացությունը իրենք գնահատում են 11-12 միավոր, իսկ ավելին ստանալու համար անհրաժեշտ է դպրոցական ծրագրից դուրս (եւ նույնիսկ արտասահմանյան) իմացություն։ Տեղին է հիշեցնել նախարարի հավաստիացումը, թե ընդունելության քննություններն անց են կացվում միայն եւ միայն դպրոցական ծրագրի սահմաններում։ Իսկ ո՞վ պիտի պատասխան տա, որ միավոր է հանվում մի այնպիսի կանոնի համար, որ գրված չէ ոչ միայն դպրոցական, այլեւ բուհական դասագրքերում եւ անգամ ակադեմիական քերականության մեջ կամ որեւէ գիտնականի գրքում… ԺԱՆՆԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ