Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍՊԱՆՎԱԾԸ» ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օգոստոս 22,2002 00:00

«ՍՊԱՆՎԱԾԸ» ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ «Գործը սարքել են գործարանը ձեռքիցս խլելու համար»,- ասում է «Կոմիսիոն Կարոն» Սկիզբը՝ նախորդ համարում: Ո՞վ է Սարգիս Փաթաթյանը: Նա դեռեւս խորհրդային տարիներին հանրահայտ «Կոմիսիոն Կարո» մականունով Կարո Փաթաթյանի որդին է: «Այս գործը իմ վրա սարքել են, որպեսզի գործարանս ձեռքիցս խլեն,- ասում է Կարո Փաթաթյանը:- 1998թ. դեկտեմբերին որոշեցի սեփական գործարանս ծախել եւ գնալ Արգենտինա: Վաճառեցի փետրվարին, պիտի գայի փողերս ստանայի: Եկա, որ փողերս ստանամ, ով որ պետք է առներ, ասաց, որ դժբախտություն է պատահել, չեմ կարող փողերը տալ: Այլեւս չեմ ուզում գնել: Ես չէի ուզում ինքս աշխատեցնել, ուզում էի անպայման վաճառել: Աղջկաս ամուսինը՝ Արմեն Մկրտչյանը, ասում է. «Ես փողը կտամ, կվերցնեմ, կաշխատեցնեմ»: Նա գաջի գործարանի պահեստապետն է: Ես էլ ասացի՝ վերցրու: Ձեւակերպեցի, գնացի: Հոկտեմբերին Արմենը պիտի փողերը տար: Հոկտեմբերին Արգենտինայից կնոջս հետ եկանք Երեւան: Փեսաս եկավ, ասաց՝ գիտես, հիմա չեմ կարող, դեկտեմբերին կտամ փողերը: Ասացի ոչինչ, դեկտեմբերին կտաս: Դեկտեմբերի 18-ին աղջիկս ծեծված, ջարդված եկավ տուն: Հաջորդ օրը ինձ հրավիրեցին ՆԳ բաժնի պետի մոտ: Մտածեցի, որ Յազչյանը՝ Էրեբունու ՆԳ բաժնի պետը, փեսայիս հետ մոտ է եղել, երեւի ուզում են հաշտեցնել: Ժամը երեքն էր, տարան քրեականի գծով պետի տեղակալի մոտ: Մեկ էլ սկսեցին հարցեր տալ Մուշեղից: Ասացին՝ նոր երեւան եկած հանգամանքների մասին ի՞նչ կասես: Հարցրի՝ ի՞նչ նոր հանգամանքներ: Պատասխանեց՝ չես ասում՝ հետո չնեղանաս մեզանից: Հասկացա, որ այս պատմության պատճառը գործարանն է: Դիմեցի դատարան: 2000 թ. հունիսի 17-ն էր: Դատ պիտի լիներ, հետաձգեցին: Պիտի գործարանի հետ պայմանագիրը չեղյալ համարելու հարցը քննվեր»: Երկու ամիս երկրորդ կարգի հաշմանդամ Կարո Փաթաթյանը կալանքի տակ էր: «Ազատվելուց մի քանի օր առաջ ինձ տարան քննիչ Արիս Երեմյանի մոտ: Ուրիշ քննիչ էլ կար՝ Զորիկ Հովհաննիսյանը եւ պաշտպանս էր: Սենյակը բաց էին թողել: Արիսը ասաց՝ գտել եմ Մուշեղի դիակը: Ասացի՝ գտել ես, լավ ես արել, եղբայր ջան, ես խաբար չեմ, իմ տանը չի եղել: Մեկ էլ տեսա միջանցքով ծեծված172 ջարդված տանում են Հ.Հովհաննիսյանին: Ինձ ազատ արձակեցին, էդ Հունան Սահակյանը եկավ մեր տուն, ասացի՝ այ տղա, էս ինչ հեքիաթ էիր պատմում: Նա ասաց, որ «եկել եմ ներողություն խնդրեմ, կեղծ ցուցմունք եմ տվել: Ծեծել-ջարդել են, թե այսպիսի բան պիտի ասեմ»: Ծեծել են, ագենտ են ուզեցել դարձնել, չի դարձել: Ծեծ ու ջարդից հետո նրան ստիպել են, որ ցուցմունք տա, նա էլ տվել է»: Գործարանի հարցով դատաքննության ընթացքում ապացուցվել է, որ Կարո Փաթաթյանի ստորագրությունը կեղծել են: Դա արել է Արմեն Մկրտչյանը՝ Կարո Փաթաթյանի փեսան: Կեղծվել են գործարանի հողամասի տարածքների չափերը, սեփականության վկայականը: «Ապացույցները» եւ բռնությունները՝ նույն նժարին Դատավճռում կա «ապացույցների» շարք, որով ապացուցվել է Սարգիս Փաթաթյանի հանցանքը: Ահա դրանցից մի քանիսը. Գործով կան եւս երկու ամբաստանյալներ՝ Նորայր Ղազարյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը: Քրեական գործում նրանց՝ նախաքննության սկզբնական շրջանում՝ Էրեբունու ՆԳ բաժնում տված ցուցմունքներն են: Սակայն նրանք այդ ցուցմունքներից միանգամից հրաժարվել են, երբ Էրեբունու ՆԳ բաժնից տեղափոխվել են թիվ 1 քննչական մեկուսարան: Այստեղ երկուսն էլ հայտնել են, որ Ս. Փաթաթյանի նկատմամբ տվել են սուտ ցուցմունքներ: Էրեբունու ՆԳ բաժնում Նորայր Ղազարյանը անօրինական պահվել է 75, Հ.Հովհաննիսյանը՝ 14 օր: Նրանց նկատմամբ կիրառվել են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ: Իսկ դատարանները, ինչպես միշտ, այս դեպքում էլ, արժանահավատ են համարել հենց ՆԳ բաժնում տված ցուցմունքները: Դատարաններում ամբաստանյալների տված ոչ մի ցուցմունք հաշվի չի առնվել: «Ցուցմունքները Սարգիս Փաթաթյանի դեմ, թե իբր նա է սպանել Մուշեղին, սուտ են»,- մի քանի անգամ Վերաքննիչ դատարանում դատախազ Լավրենտ Դավթյանի եւ դատավորների հարցերին պատասխանելիս նշել է Ն.Ղազարյանը: Ն.Ղազարյանը պատմել է նաեւ, որ քաղմասում եղած ժամանակ այնտեղի միջանցքներում տեսել է կնոջն ու որդուն: Որդու թեւերը կապած բերել են մոտը եւ սպառնացել: Նորայրին ծեծել են 5-6 հոգով: «Ոտքերս կապել են աթոռին ու հարվածել բոբիկ ոտքերիս: Ոտքերի հարվածներով ջարդել են ողերս, սնունդ չեն տվել, միայն ջուր էին տալիս: Քնելու ոչ պայմաններ, ոչ էլ հնարավորություն կար, կողքիս միշտ մարդ է եղել: Մի անգամ, երբ շտապօգնություն եմ խնդրել, ինձ օղի են առաջարկել»: Այն փաստը, որ նախկին ցուցմունքներում Ն. Ղազարյանը պնդել է, թե ինքն է սպանել Մուշեղին, նա պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Մտածում էի, որ ավելի լավ է ասեմ ես եմ սպանել, քան մեղքը բարդեմ Սարգսի վրա»: Այնուհետեւ նրան ստիպել են հրաժարվել իր կողմից սպանությունը կատարելու տարբերակից եւ մեղքը բարդել Սարգսի վրա: Իրեն ծեծողների անունները Ն. Ղազարյանը չգիտի, բայց տեսնելիս կճանաչի: Դատական նիստերից մեկի ժամանակ Ն. Ղազարյանը կարողացավ հիշել Էրեբունու քաղմասում իրեն խոշտանգող քննիչներից մեկի ազգանունը՝ Կարապետյան: Նա չկարողացավ մտաբերել, թե քանի օր են իրեն անօրինական պահել Էրեբունու քաղմասում: Էրեբունու ՆԳ բաժնում 75 օր ապօրինի պահելուց հետո Ն. Ղազարյանին տեղափոխել են Նուբարաշեն: Թե8217 առաջին ատյանում, թե8217 վերաքննիչում մյուս ամբաստանյալը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, պատմեց, թե ինչպես է Էրեբունու ՆԳ բաժնում տվել իր ցուցմունքները: Երեւան քաղաքի դատախազության քննիչ Արիստակես Երեմյանն Հովհաննեսին հայտնել է, որ հորը մեկ շաբաթ պահել են Էրեբունու քաղմասում՝ նրա տեղը պարզելու համար: «ՆԳ բաժնում 14 օր ոչ քնել եմ, ոչ էլ հանգստացել, ինձ ենթարկել են սովի, ծեծի եւ բռնությունների: Օրվա մեջ ընդամենը 1-2 ժամ եմ հանգստացել միլիցիայի տարբեր աշխատակիցների սենյակների հատակներին պառկելով»,- դատարանին այսպիսի ցուցմունք է տվել Հ. Հովհաննիսյանը: Իսկ երբ Հովհաննեսը ստիպված քննիչների թելադրանքով գծել է սխեմաներ ու մատնացույց արել այսպես կոչված դեպքի վայրն ու ենթադրյալ սպանված Մուշեղ Մինասյանի դիակի գտնվելու վայրը, նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Դատավճռի հիմքում դրված են այլ «ապացույցներ», որոնք, իբրեւ թե, հիմնավորում են Մ. Մինասյան-Բիրգի սպանությունը: Այս դատավճռում բոլոր ապացույցները այսպիսին են՝ «անիրական, անշոշափելի, անապացույց»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ Հետաքննող լրագրողների ընկերակցության www.hetq.am էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել