Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ

Օգոստոս 22,2002 00:00

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ Բազմիցս է խոսվել եւ քննարկվել «Արդշինբանկում» ստեղծված կացությունը: Հակիրճ հիշեցնենք ընթերցողին հարցի էությունը: Փետրվարի 28-ին մամուլում հրապարակվեց հայտարարություն այն մասին, որ «Արդշինբանկ» եւ «Ադանա» բանկերում Կենտրոնական բանկը նշանակել է ժամանակավոր ադմինիստրացիաներ, բանկերի կառավարման բարձրագույն մարմինները միաձուլման վերաբերյալ որոշումներ են կայացրել, Կենտրոնական բանկը տվել է իր համաձայնությունը միաձուլման գործընթացին եւ միացյալ բանկին տրամադրել է 5,5 մլն ԱՄՆ դոլար համակարգային վարկ: Սրան զուգահեռ՝ տեղեկատվություն եղավ այն մասին, որ ձերբակալվել են «Ադանա» բանկի գործադիր տնօրենը եւ «Արդշինբանկի» մի քանի աշխատակիցներ, իսկ «Արդշինբանկի» մասնաճյուղի տնօրեն Գ.Ստեփանյանը անհետացել է, բանկից յուրացնելով խոշոր չափերի հասնող գումար (որոշ լուրերի համաձայն՝ 3 մլն ԱՄՆ դոլար): Այս պատմության մեջ ամենամութ եւ առեղծվածային է մի կողմից՝ բանկի խոշոր փայատեր եւ Կենտրոնական մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ստեփանյանի դերակատարությունը, եւ մյուս կողմից՝ «Ադանա» բանկի միաձուլումը «Արդշինբանկի» հետ: Լուրը այն մասին, որ Գագիկ Ստեփանյանը վախճանվել է քաղցկեղից, ավելի խճճեց իրողությունը (քանի որ սրա վերաբերյալ առ այսօր լռում են եւ իրավապահ մարմինները, եւ Կենտրոնական բանկը), ինչը ստիպեց նորից անդրադառնալ այս մութ պատմությանը եւ կրկին փորձել հնարավորության սահմաններում հասկանալ կատարվածի իրական իմաստը: Որոշ գնահատականներով՝ գործարքի ամբողջ մեխը կայանում է հենց միաձուլման մեջ: Արտաքուստ այդ պահին դա լրիվ անիմաստ եւ ոչինչ չնշանակող գործարք էր. Հայաստանի ամենախոշոր եւ համակարգային նշանակություն ունեցող բանկերից մեկը ունի որոշակի խնդիրներ, որոնց լուծման նպատակով Կենտրոնական բանկը, ելնելով օրենսդրության պահանջներից, «Արդշինբանկում» նշանակում է ժամանակավոր ադմինիստրացիա, այսինքն՝ ստանձնում է բանկի կառավարումը եւ իրավիճակի կայունացման նպատակով տրամադրում համակարգային վարկ, ինչը նույնպես բխում է օրենքից: Նույն օրը ժամանակավոր ադմինիստրացիա է նշանակվում նաեւ «Ադանա» բանկում, որը, ի տարբերություն «Արդշինբանկի», Հայաստանի բանկային համակարգի ամենափոքր բանկերի թվում էր եւ այդ բանկում ծագած խնդիրները բնականաբար չէին կարող ունենալ որեւէ համակարգային բնույթ: Իսկ որ «Ադանայում» կային խնդիրներ, հաստատում է ժամանակավոր ադմինիստրացիա նշանակելու փաստը։ Բացի դրանից, ԿԲ բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի տեղակալը այդ օրերին մամուլում արված հայտարարության մեջ նշել է, որ «Ադանա» բանկը սնանկ է: Եվ այս պայմաններում բոլորովին անհասկանալի է դառնում «Ադանայի» միաձուլումը «Արդշինբանկի» հետ: Սակայն այս իրավիճակում ակտիվների գնահատում չկատարելու եւ, համապատասխանաբար, ընդհանուր կապիտալի իրական մեծությունը չֆիքսելու պարագայում միաձուլման արդյունքում «Ադանա» բանկի փայատերը դառնում է «Արդշինբանկի» խոշոր փայատեր: Կարծում եմ, սա էր առաջին հայացքից անիմաստ թվացող գործարքի իրական նպատակը: Ինչ վերաբերում է հանգուցյալ Գագիկ Ստեփանյանի դերակատարությանը այս ամենում, ապա այստեղ ավելի շատ հարցականներ կան: Տեսակետներ կան, որ Գ. Ստեփանյանը մահացել է ոչ թե քաղցկեղից, ինչպես ներկայացվում է, այլ դարձել է պատվիրված սպանության զոհ: Ակնհայտ է, որ պարտատերը, առավել եւս նման մեծ չափերի հասնող պարտքի դեպքում, երբեք չի դառնում թիրախ, հակառակը, ամեն ինչ արվում է, որ հնարավոր լինի նրանից պարտքը ետ ստանալ: Ելնելով այս տրամաբանությունից, կարելի է եզրակացնել, որ նշված գումարները, որոնք ի վերջո «Արդշինբանկի» պարտավորություններն են, Գ.Ստեփանյանի մոտ չէին, կամ էլ, վերացնելով Գ.Ստեփանյանին, մաքրվում էին այնպիսի հետքեր, որոնց բացահայտումը անհամեմատ ավելի մեծ գին ունի, քան «Արդշինբանկից» տարած գումարները: Հիմա դժվար թե հնարավոր լինի գտնել բոլոր հարցականների ճշգրիտ պատասխանները, բայց մենք համոզված ենք, որ հետագա զարգացումները հնարավորություն կընձեռեն որոշ բացահայտումներ կատարել: Մեր ունեցած տվյալներով, Գագիկ Ստեփանյանը Մոսկվայում բնակվել է իր ընկերոջ տանը, որը շուրջ 15 տարի բնակվում է Մոսկվայում, զբաղվում է բիզնեսով: Նա ազգային անվտանգության մի գեներալի փեսան է: Ըստ մեր մոսկովյան աղբյուրի, Գագիկ Ստեփանյանը ոչ մի հիվանդության նշաններ չուներ, առողջ եւ առույգ էր: Նույն աղբյուրը հայտնում է, որ չճշտված տեղեկատվության համաձայն, մահվանից առաջ Գագիկ Ստեփանյանը մոսկովյան ռեստորաններից մեկում երկարատեւ հանդիպում է ունեցել ԿԲ մի աշխատակցի հետ: ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԿՐՏՉՅԱՆ Մոսկվա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել