Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԷ

Օգոստոս 22,2002 00:00

ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԷ ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Սամվել Նիկոյանը հաստատել էր, որ պայմանավորվածություն ունեն ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» հետ՝ ընտրությունների ընթացքում իրար դեմ թեկնածություններ չդնելու վերաբերյալ։ Թեեւ ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հերքել էր նման պայմանավորվածությունների վերաբերյալ լուրերը եւ նշել, թե դրանք տարածողները «գալիք ընտրությունները շփոթում են 1995-96 թթ. ընտրությունների հետ, որոնք նմանվում էին շախմատ խաղի»։ Այս փոխհակասող հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին. «Կարծում եմ, այստեղ մի փոքր շտապել են ե՛ւ պրն Նիկոյանը, ե՛ւ պրն Մանուկյանը։ Նախ, կյանքում սկզբունքորեն կիրառելի չեն լինում համաձայնությունները, թե մեկը մյուսի դեմ թեկնածություններ չեն դնելու։ Եվ քաղաքական համաձայնությունները որեւէ խաղի, անգամ շախմատի (հարգված խաղի) հետ համեմատելը սխալ է, քանի որ այդ համաձայնությունների համար շատ ու շատ քայլեր են արվում, ու դրանք չափազանց կարեւոր են, մանավանդ՝ քաղաքական կյանքի ավանդույթների բացակայության պարագայում դրանք հնարավորություն են տալիս խուսափել տարբեր ցնցումներից։ Բնականաբար, այս ընթացքում հանդիպումներ եղել են եւ ոչ միայն այդ երկուսի, այլ նաեւ այլ կուսակցությունների հետ։ Եղել են քննարկումներ՝ նաեւ ԱԺ ընտրությունների, մեծամասնական ընտրակարգով առաջադրումների առնչությամբ։ Քննարկվել է նաեւ յուրաքանչյուր ընտրատարածքում 3 ձեւաչափեր ընտրելու հարցը։ Առաջինն այն է, ինչի մասին պրն Նիկոյանն ասել է, որ չառաջադրեն մեկը մյուսի դեմ թեկնածուներ։ Բայց սա այն դեպքում, եթե քաղաքական մյուս ուժերը գտնում են, որ երրորդի ներկայացուցիչն իսկապես ակնհայտորեն ուժեղ է, եւ այստեղ չարժե ուժերը փոշիացնել։ Անգամ միգուցե արժե աջակցել՝ սա երկրորդ տարբերակն է։ Իսկ երրորդ տարբերակը թեկնածուներ առաջարկելն է, որոնք կարող են հավասար ուժ ունենալ, եւ ընտրություններն ի վերջո ցույց կտան, թե ով կհաղթի։ Երեք տարբերակներն էլ, կարծում եմ, տարբեր ընտրատարածքներում ընդունելի են։ Բայց ասել, որ այսօր արդեն ամեն ինչ հստակեցված է՝ ակնհայտ է, որ չի կարելի եւ հնարավոր էլ չէ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել