Ձախ դաշինքը չի կաշկանդում «Ձախ դաշինքում լինելը չի նշանակում, որ մեկուսացվելու ենք եւ որեւէ քաղաքական կամ հասարակական ուժի հետ չենք համագործակցելու։ Դաշինքը մեզ չի կարող կաշկանդել, ավելին, պետք է ընդլայնենք մեր համագործակցությունը, որպեսզի երկրին էլ ավելի շատ նպաստ բերենք»,- տեսակետ հայտնեց Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի (ՀԱՄԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ պատասխանելով «Առավոտի» այն հարցադրմանը, թե լինելով իշխանությունների հետ համագործակցող կուսակցություն, ինչո՞ւ որոշեցին առաջիկա ընտրությունների շեմին դաշինք կազմել ձախ ուժերի հետ։ Իսկ առավել իրատեսորեն՝ ՀԱՄԿ-ի համար «դաշինքը ժամանակի հրամայականն է՝ մեծ քաղաքականության մեջ մնալու համար»։ Քանզի կուսակցությունը չէր կարող «անտարբեր» մնալ ընթացող քաղաքական զարգացումներին՝ նախագահության որոշմամբ առաջնահերթությունը տրվել է գաղափարական դաշինքներին։ Իսկ թե դաշինքում ինչպիսի՞ հավակնություններ ունեն ՀԿԿ-ից հեռացած նորացված գաղափարակիցները՝ «ըստ անցած ընտրությունների արդյունքների՝ ՀԿԿ, ՀԱՄԿ, ՀԴԿ, «Սոցիալիստների եւ մտավորականների միություն»։ ՀԱՄԿ ղեկավարությունն «այլ կերպ չի պատկերացնում դաշինքի սկզբունքը» եւ դա Վ. Սաֆարյանը բացատրում է այսպես. «ոչ թե անձերի խնդիր է, այլ տրամաբանությունն է այդպես թելադրում»։ Ծայրահեղ արմատական դրսեւորումներով երբեւէ աչքի չընկած առաջադեմ Կոմկուսն այսօր իր համար տնտեսական խնդիրներն է գերակա համարում եւ նախորդ խորհրդարանական ընտրություններում 2,5% ձայն հավաքելով՝ անգամ «փոխնախարարի մեկ պորտֆել» չստանալով, համարում են, որ իրենց տրված քվեներին համարժեք աշխատանք կատարել են։ Ուստի ակնկալում են «առավել վստահություն՝ ավելին անելու համար»։ Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողությունների հասնեն, ՀԱՄԿ առաջնահերթ խնդիրն «ապրանք արտադրողների շահերի պաշտպանությունն է լինելու»։ Եվ այդ համատեքստում Վ. Սաֆարյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսություններն օրգանապես կապված են։ Ելակետ ունենալով փաստը, որ ժամանակին Ռուսաստանի հետ տնտեսական կապը 3,5 մլն մարդու սեփական երկրում ապրելու հնարավորություն է տվել, ՀԱՄԿ նախագահը հաստատուն է դեպի Ռուսաստան իր կողմնորոշման մեջ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններին՝ մոտ ապագայում կասկածի տակ առնելով դրանց արդյունավետությունը, Վ. Սաֆարյանը գերադասում է «փորձած թանն անփորձ մածունի հետ չփոխել»։ Եվ տրամաբանորեն, անգամ Ռուսաստան-Բելառուս վերջին զարգացումների արդյունքում, Վ. Սաֆարյանը չի վերանայել իր տեսակետները եւ գտնում է, որ «Նախագահները չէ, որ պետք է որոշեն ժողովուրդների ճակատագրերը, առավել եւս, որ առկա է 1991 թ. «Բելովեժյան» անօրինական գործարքը»։ Դա «ռուս ժողովրդի կարծիք» չդիտելով՝ Վ. Սաֆարյանը շարունակում է պնդել, որ «անկախ նրանից, թե Ռուսաստանում ինչպիսի համակարգ կլինի, մենք ռուս ժողովրդի հետ ենք։ Իհարկե, մեզ համար նախընտրելի է Սոցիալական արդարության ընդգծված բաղադրիչով կացութաձեւը»։ Իսկ նոր ձախ դաշինքից՝ նախագահի միասնական թեկնածուի մասին խոսելը Վ. Սաֆարյանը վաղաժամ է համարում, առավել եւս, որ ՀԱՄԿ-ն, փաստորեն, չի բացառում այլ համագործակցությունները։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ