«Անօրինականության դեմ իմ ուժը բազմապատկվում է» Այդպես արձագանքեց Աշոտ Բլեյանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի պահվածքին Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, մեղմ ասած, խիստ յուրօրինակ տպավորություն էր թողնում։ Սակայն ամեն ինչի մասին՝ սկզբից։ Նախ. դատավորի տարօրինակությունները սկսվեցին դեռ նախորդ օրը, երբ վերցրեց եւ որոշում ուղարկեց «Առավոտ» օրաթերթ՝ մեր թերթի միջոցով ծանուցել «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» 719 սպառողներին դատարան ներկայանալու մասին։ Արդեն դատարանի դահլիճում, դատավորը տնավարի թռնելով մի շարք օրենքների վրայով՝ ո՛չ դատական նիստը բացված համարեց, ո՛չ էլ ասաց, թե ինքն ո՞վ է։ Հիշեցնենք, որ Ռ. Ներսիսյանին դեռեւս նախորդ երկու նիստերի ժամանակ բացարկ էր հայտարարվել, եւ դատավորը պարտավոր էր հրապարակել որոշում իր՝ դատը վարելու (կամ չվարելու) իրավունքի մասին։ Դատավորը շարունակ հարցնում էր՝ Աշոտ Բլեյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արտակ Զեյնալյանը լիազորագիր ունե՞ն սպառողներից։ Աշոտ Բլեյանը եւ մյուսներն իրենց հերթին ապացուցում էին, որ դատավորը լեգիտիմ չէ, եւ որ իրենք ոչ լեգիտիմ դատավորի հարցերին չեն պատասխանի. «Մենք դատարան ենք դիմել սպառողի մեր ոտնահարված իրավունքները դատական կարգով վերականգնելու համար։ 2002 թվականի օգոստոսի 2-ին եւ 14-ին օրենքով սահմանված կարգով բացարկ ենք հայտնել դատավոր Ռուբեն Ներսիսյանին։ Նման դեպքում գործի քննությունը ընդհատվում է մինչեւ հարցի լուծում։ Առ այսօր չի ստացվել պատասխան բացարկը մերժելու կամ ընդունելու վերաբերյալ։ Դուք սկզբից ձեր լիազորությունները ճշտեք»։ Իզուր էին Վիգեն Խաչատրյանը եւ Աշոտ Բլեյանը փորձում օրենքը մեջբերելով ասել, թե դատավորին բացարկ ներկայացնելու դեպքում գործի քննությունը ընձեռվում է մինչեւ հարցի լուծում, դատավոր Ռ. Ներսիսյանը մոնոտոն կրկնում էր՝ լիազորագիր ունի։ Ի վերջո, Աշոտ Բլեյանը հայտարարեց՝ թույլ չի տա, որ դատավորը դատարանի դահլիճում անօրինականությամբ զբաղվի. «Անօրինականությունից իմ ուժը բազմապատկվում է, ես կվերականգնեմ օրինականությունը հանուն Հայաստանի Հանրապետության»։ Նիստն ընդմիջվեց մինչեւ ժամը 14։00, որից հետո դատավորը նոր սկսեց ներկա-բացակա անել։ Պարզվեց, որ ինչպես եւ նախորդ նիստերին՝ ներկա չէին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները։ Դատարանին չէին հարգել, ծանուցագրերին չէին արձագանքել նաեւ արդարադատության, կապի եւ տրանսպորտի նախարարությունները։ Փաստորեն, պատասխանողներից ներկա էին միայն «Նոյյան Տապանի» եւ «Ա1+»-ի աշխատակիցները։ Եվ վերջինիս ներկայացուցիչն էլ մի պահ հայտնվեց… ամբաստանյալի աթոռին։ Շուրջ 600 դիմողներից եւ գործին 3-րդ անձի կարգավիճակով միացածներից ներկա էր հազիվ 10-ը։ Սրա պատճառը պատշաճ կարգով նրանց չծանուցելն էր։ Որեւէ մեկը չի կարող պնդել, թե նրանք բոլորը «Առավոտի» եւ «Հայկական ժամանակի» ընթերցողներ են, որ ծանուցման համար բավարար լինի այդ թերթերում հայտարարությունը։ Ու թեեւ Ռուբեն Ներսիսյանը հավաստիացնում էր, թե բոլոր համահայցվորները եւ պատասխանողներն առանձին-առանձին ծանուցվել են՝ Աշոտ Բլեյանը պնդեց, որ 38 հայցվորներից դատավորը կամայականորեն ընտրել եւ տեղեկացրել է միայն 5-ին։ Սա, դատավարության ձգձգումը եւ բազմաթիվ այլ հանգամանքներ պատճառ դարձան, որ համահայցվորները եւս մեկ անգամ բացարկ հայտնեն Ռուբեն Ներսիսյանին։ Ու այս երրորդ բացարկի ճակատագիրն էլ մնաց անհայտ։ Քանզի դատավորը մինչեւ օգոստոսի 29-ի ժամը 14։00-ը հետաձգեց դատական նիստը՝ մինչ այդ դատավարության մասնակիցները դարձյա՛լ լրատվամիջոցների միջոցով կրկին կծանուցվեն դատական նիստի տեղի, ժամանակի եւ իրենց իրավունքների մասին։ Սեփ. լր.