Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ ԲԷՑ-ԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ՉԷԻՆ ՏԵՍՆՈՒՄ»

Օգոստոս 22,2002 00:00

«ՆՐԱՆՔ ԲԷՑ-ԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ՉԷԻՆ ՏԵՍՆՈՒՄ» «Մաքս գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը վերջերս բնորոշվում է որպես հայկական օլիգարխիայի նոր աստղ։ Թեեւ նա վաղուց է, ինչ զբաղվում է բիզնեսով։ Ասենք, 8 տարի է, ինչ Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության վարչության եւ նախագահության անդամ է։ -Փորձենք թվարկել այն ամենը, ինչ գիտենք Ձեր սեփականության մասին՝ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկա, պանդոկ «Չառլի», բաժնետոմսեր «Մաքսֆրուտում», «Մաքսվուդում», «Սինեմաքս» հեռուստաընկերությունում… Ըստ որոշ տեղեկությունների, այս ամենին վերջերս ավելացել է այն, որ «Մաքս Գրուպը» դարձել է հանրապետության թիվ 1 բենզին ներկրո՞ղը։ – Ոչ, «Մաքս Գրուպը» Հայաստանում բենզին ամենամեծ ներկրող ընկերությունը չէ։ Բա՛յց։ Միեւնույն ժամանակ՝ հանրապետության բենզին ներկրող ընկերությունների մեջ ամենահինն է։ 1994 թվականից ենք զբաղվում գործունեության այս տեսակով, եթե ուսումնասիրեք՝ կհամոզվեք, որ այս 8 տարվա ընթացքում միշտ ներկրել ենք շուկայի 15-20%-ը։ Երբեւիցե ու նաեւ այսօր չի եղել դրանից քիչ կամ շատ։ – Գուցե այն, որ «Միկան» որոշեց դադարեցնել բենզինի մեծածախ ներկրումները՝ մեխանիկորեն ավելացրե՞ց «Մաքս Գրուպի» մասնաբաժինն այս շուկայում։ – Մեր ընկերությունն աշխատելիս հիմնականում այնքան էլ շատ չի նայում իր շուրջը։ Մենք անում ենք մեր գործը։ Ու սեփական հնարավորություններից ելնելով՝ ներկրում ենք այնքան, որքան կարողանում ենք։ – Ձեր անունը վերջերս արծարծվեց նաեւ որպես Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանի թեկնածու։ Դեսպանն արդեն նշանակված է՝ Արշակ Փոլադյանը։ Ձեզ է՞լ էին առաջարկ արել, թե՞ նման լուրերի պատճառը միայն այն էր, որ նախագահ Քոչարյանին ուղեկցել էիք այդ երկիր այցի ընթացքում։ – Նման լուրերին, անկեղծ ասած, վերաբերվում եմ հումորով։ Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, թե որտեղից «ծլեց» այդ հարցը։ – Դուք այդ երկրում չունե՞ք գործարար կապեր։ – Ես ունեմ մտերիմներ Արաբական Միացյալ Էմիրություններում, նաեւ՝ ղեկավար որոշ մարդկանց շրջանակում։ Ասենք, մտերիմ հարաբերություններ ունենք այդ երկրի տեղեկատվության նախարարի հետ։ Եվ այդ էր պատճառը, որ ես նախագահին ուղեկցեցի այդ այցի ընթացքում։ – Իսկ ընդհանրապես հաճա՞խ եք պրն Քոչարյանին ուղեկցում ճանապարհորդելիս։ – Դե, եթե 4 տարվա ընթացքում մեկ անգամ ուղեկցելը «հաճախ» է, ուրեմն՝ հաճա՛խ։ – Այսուհանդերձ, Դուք էլ եք դասվում գործարարների այն շարքին, որոնք վայելում են նախագահի հովանավորությունը։ – Երբեւիցե նման հարցի մասին չեմ էլ մտածել։ Չեմ կարծում, թե որեւիցե գործունեության ընթացքում «Մաքս Գրուպը» սկզբունքորեն հովանավորության կարիք զգացել է։ Գիտեք, վերջին հաշվով, կա նաեւ «բաց հովանավորություն» հասկացությունը։ Եվ եթե ընկերության գործունեությունը ձեռնտու է կառավարությանն ու նախագահին… ինչո՞ւ՝ ոչ։ – Տեղին է խոսել մի իրադարձության մասին, որը թերեւս առիթ դարձավ, որ Ձեր անունն ավելի հաճախ արծարծվի լրատվամիջոցներում։ Խոսքը ԲԷՑ-երի մասնավորեցման եւ այդ գործընթացում Ձեր դերակատարության մասին է։ Դուք ե՛ւ ԲԷՑ-երի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի անդամ եք, ե՛ւ գործընկերն այն ընկերության, որը հայտ է ներկայացրել սեփականաշնորհելու էներգացանցերը։ Շահերի բախում չկա՞։ – Այո՛, «Միդլենդ Ռիսոուրս հոլդինգի» գործընկերն եմ, բայց ա՛յլ աշխատանքում, ա՛յլ ընկերության մեջ, ի՞նչ կա այստեղ։ Մենք 50/50 տոկոսով բաժնետերեր ենք այլ ոլորտում՝ «Մաքսֆրուտ» ընկերության մեջ, բայց ֆինանսավորումը հիմնականում կատարում են նրանք։ Ինչ վերաբերում է իմ դերակատարությանն այդ գործընթացում՝ շա՜տ պարզ դերակատարություն է։ Ես ընդամենը միջնորդ եմ հանդիսացել։ – Ո՞րն է եղել Ձեր միջնորդական «առաքելությունը»։ – Հանձնաժողովի 21 անդամներից յուրաքանչյուրը պարտավոր էր աշխատանք տանել մասնավորեցման գործընթացով հետաքրքրվող ընկերությունների հետ։ Բա էլ ինչո՞ւ էին ձեւավորել այս հանձնաժողովը. միայն ձեռք բարձրացնելո՞ւ համար։ Ո՛չ։ Բացատրելո՛ւ, մեկնաբանելո՛ւ, եւ այլն։ Ընդամենը դա է եղել իմ խնդիրը։ Երբ նրանց փորձագետների խումբն առաջին անգամ եկավ Հայաստան, եւ ուսումնասիրեցին ԲԷՑ-երի հաշվապահական փաստաթղթերը՝ միանգամից հրաժարվեցին ընդհանրապես շարունակել աշխատանքները։ Դա է եղել իմ դերակատարությունը, որ բացատրել եմ, թե 50 մլն գողացվում է, եթե դա կանխեն… Եվ մի շարք այլ հարցեր։ Ոչ մեկին թող չթվա, որ այդ մարդիկ աչքերը փակում եւ Հայաստանի էներգացանցերն էին երազում տեսնում։ Այդ ընկերությունը ցանկացած տեղ կարող է անել եւ անում է ներդրումներ։ – Այսինքն, հանձնաժողովի անդամնե՞րը պիտի գտնեին գնորդ ու համոզեին։ – Ինչո՞ւ ոչ։ Ավելին ասեմ. եթե որեւէ այլ ընկերություն հայտներ պատրաստակամություն՝ մասնակցել մասնավորեցման գործընթացին, եւ դիմեր ինձ, հավատացնում եմ, որ նույն չափով կընդառաջեի։ – «Միդլենդ Ռիսոուրս հոլդինգի» առնչությամբ արդեն իսկ եղան աննպաստ հրապարակումներ։ Մասնավորապես. մատնանշվեց, որ այն գրանցված է օֆշորային գոտում, իսկ նման ընկերությունները, որպես կանոն, կասկածելի ծագում են ունենում՝ փող լվացող եւ ժամանակավոր են։ – Այդ խնդրի շուրջ եւս փաստերը երբեմն խեղաթյուրվում են։ «Օֆշորային գոտում գրանցված ընկերություն» ասվածն ունի մի քիչ հարաբերական նշանակություն։ Ինչ վերաբերում է որոշակիորեն այս ընկերությանը, կարող եմ ասել, որ այն վարում է միջազգային չափանիշներին համապատասխան աուդիտ։ Նախաորակավորման ընթացքում ներկայացվել է 3 տարվա աուդիտի եզրակացությունը։ Ընդ որում, նախաորակավորման համար պարտադիր պայման էր, որպեսզի 2001թ. աուդիտի եզրակացությունը լինի առանց վերապահումների։ Եվ «Միդլենդ Ռիսոուրսի» աուդիտը հենց այդպիսին է։ Ասեմ նաեւ, որ ընկերության շրջանառությունը, ըստ ներկայացված հաշվետվությունների՝ 1999-2001 թվականների ընթացքում, կազմել է 960 մլն դոլար։ – Այնուամենայնիվ, նմանությունների պատճառով մտավախություններ կան, որ այս պարագայում էլ կկրկնվի TWT-ի եւ «ԱրմենՏելի» պատմությունը։ – Նախ. առաջին տարբերությունն այն է, որ բիզնեսը լրիվ տարբեր է։ Երկրորդը. կապի համակարգի սեփականաշնորհման համեմատ՝ այստեղ բավականին տարբերություններ կան։ «ԱրմենՏելի» պարագայում կարգավորող հանձնաժողով ընդհանրապես չկա։ Իսկ ըստ տրված լիցենզիայի՝ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի լծակները ես համարում եմ բավականին լուրջ ու հստակ։ Եվ սակագների փոփոխման վերաբերյալ լուրերն ուղղակի հեքիաթ են։ Առանց Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի՝ սակագնի ոչ մի փոփոխություն տեղի ունենալ չի կարող պարզապես։ Էներգետիկայի հանձնաժողովի հետ լիցենզիայի դրույթների վերաբերյալ ցանկացած կոնֆլիկտային խնդիր լուծվելու է հայկական դատարանում։ Հսկայական փոփոխություն է սա։ – Որքանո՞վ է լուրջ այս ընկերության մտադրությունը՝ մասնավորեցնել ԲԷՑ-երը, վերջին պահին չե՞ն հրաժարվի։ – Ճիշտն ասած՝ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Առայժմ գիտեմ, որ հայտ դեռ ներկայացված չէ։ – Վերջում մի հարց Ձեր խորհրդարանական գործունեության մասին։ Այս ԱԺ-ում լինելը Ձեզ որեւէ օգուտ տվե՞ց, որի համար կցանկանայիք նաեւ հաջորդում վերընտրվել։ Գուցե գործարարների համար միայն խորհրդարանական «տանի՞քն» է գայթակղիչ։ – Չէ, ինչո՞ւ։ Ինձ համար բավականին հետաքրքիր է։ Գիտեք, որ ես նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական հանձնաժողովի անդամ եմ, 3,5 տարի ակտիվորեն մասնակցում եմ այդ աշխատանքներին։ Ինձ համար այս ամենն իրոք շատ օգտակար էր թե՛ տեղեկատվության առումով, թե՛ ընդհանրապես։ Բայց գնահատականը պետք է տան ընտրողները։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել